ԿարևորՀասարակություն

Վրաստանի հայաբնակ Խոժոռնին փորձում է «ինքնուրույնանալ»․ գյուղն իր ջուրը կունենա

Վրաց-հայկական սահմանի հիմնականում հայաբնակ Խոժոռնի գյուղն այսուհետ կախված չի լինի Հայաստանի ջրերից․ շրջանի սակրեբուլոն գումար է հատկացրել Վրաստանի տարածքից խմելու ջրի խողովակաշարի անցկացման համար։

Վերջին տարիներին սահմանային ռեժիմի խստացման պայմաններում բնակիչները չէին կարողանում հատել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող սահմանը՝ Հայաստանի տարածքում գտնվող արդեն շարքից դուրս եկող, պարբերաբար խցանվող ջրի խողովակները բացելու համար։

Ուղիղ վրաց-հայկական սահմանին գտնվող, երեք կողմից հայկական անտառներով շրջապատված Վրաստանի Մառնեուլիի մեծամասամբ հայաբնակ Խոժոռնի գյուղը սահմանային խիստ ռեժիմ մտցնելուց հետո փորձում է «անկախանալ»։

Առաջին քայլը սեփական տարածքում ջուր ունենալն է։ Մառնեուլիի սակրեբուլոյում Խոժոռնի և հարևան Բերդաձոր, Գյուլուբաղ և Ծոփ գյուղերի վարչական միավորի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ռադիոլուրին» ասում է՝ շրջանային խորհուրդը 250 հազար լարի (մոտ 73 հազար դոլար) է հատկացրել գյուղին՝ 6 կմ երկարությամբ 110 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի անցկացման համար․

«Մեր սեփական ջուրն ունենալու մասին նախագիծն արդեն տևական ժամանակ օրակարգում էր։ Այժմ արդեն ֆինանսական միջոցները հատկացված են, ջուրը գյուղ է հասնելու Վրաստան Հայաստան սահմանից՝ Վրաստանի Օփրեթ գյուղի մոտակայքից»։

Խորհրդային տարիներին, երբ գյուղացիները մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի լեռներից ջուր հասցրին Խոժոռնի, չէին էլ պատկերացնում, որ մի օր իրավունք չեն ունենալու հատել այդ տարածքը՝ ջրի խցանված, կամ սառցակալած խողավակները բացելու համար։ Ու այդպես ամեն անգամ, նրանք նույնիսկ ամիսներ շարունակ առանց ջրի են մնում։

Երեք կողմից Հայաստանին սահմանակից Վրաստանի հիմնականում հայաբնակ այս գյուղը սահմանային խստացումից հետո զրկվել է անտառի բարիքներից, ամենամոտ վառելափայտից, նույնիսկ  մարդկանց դաշտերի մի մասը սահմանային ոչ վերջնական սահմանազատման արդյունքում մնացել են սահմանից այն կողմ։  

Լուսանկարները՝ Խոժոռնի ՀԸ ֆեյսբուքի էջի

«Մեր կողքով անցնող սահմանը, այսօր դարձել է արգելավայր, այստեղ մարդն արդեն քանի տարի իրավունք չունի ոտք դնել։ Ամեն օր մենք հիանում ենք այդ տարածքում եղնիկների ձայնով։ Սովետը քանդվելուց հետո, աստիճանաբար փակվեց մեր ազատ ելումուտն այս տարածքով»,-ասում են խոժոռնեցիները։ 

Ու քանի որ գյուղացիները նախկինի պես չեն կարող օգտվել հայաստանյան անտառների հատապտուղներից, սկսել են ավելի շատ զբաղվել գյուղատնտեսությամբ` բանջ­ար­ա­բոս­տա­նա­յին կուլտուրաների աճեցմամբ ու անասնապահությամբ: Այս գյուղի մթերքը ևս շուտով արագ կհասնի շրջկենտրոն․ սկսվել են գյուղ տանող (Գյուլուբաղ-Խոժոռնի) 2800 մետր երկարությամբ քարուքանդ եղած ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

«Ճանապարհի վերանորոգումը թույլ կտա գյուղացիներին արդյունավետ ու արագ կազմակերպել գյուղմթերքի իրացումը։ Սա կարեւոր ճանապարհ է հատկապես Խոժոռնիի համար, որը խորհրդային կարգերի փլուզումից հետո մնացել է թերակղզու մեջ՝ երեք կողմից փակ, միակ հույսն այս ճանապարհն է»,– ասում է Սակրեբուլոյում գյուղի ներկայացուցիչ Արսեն Հախվերդյանը։

Ի դեպ, երեք կողմից փակ հատվածներում, որտեղ սահմանային ռեժիմը վերջին տարիներին խստացել է, սահմանազատումը վերջնական չէ։

Առ այսօր վերջնականորեն լուծված չէ հայ-վրացական 225 կմ երկարությամբ հյուսիսային սահմանի 65 կմ սահմանագծի սահմանազատման հարցը: Չհամաձայնեցված հատվածներից է նաև Խոժոռնի գյուղի հատվածը։

Ցուցադրել ավելի
Back to top button