ԿարևորՔաղաքական

Ռազմական հանցագործություն․ ԵԽ պատգամավորները՝ գերիների հարցում Բաքվի կեցվածքի մասին

Հայ ռազմագերիները շարունակում են Բաքվում պահվել քաղաքական շարժառիթներից ելնելով, և այդ կերպ փորձ է արվում օգուտներ քաղել՝ ընդգծվել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի նախօրեին անցկացված քննարկմանը։ Վերջինս կազմակերպվել էր Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի ջանքերով:

Այս համատեքստում Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել Բաքվում և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման թեզեր ներկայացրել, որոնք Հայաստանում կեղծ են որակում, անգամ նկատում՝ քանի դեռ գերիները վերադարձված չեն, բոլոր տեսակի քաղաքական բանակցությունները պետք է դադարեցվեն։

Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները իրավաբանորեն համարվում են «ռազմագերիներ»՝ համաձայն 1949 թ. Ժնևի կոնվենցիայի․ սա հատուկ ընդգծվել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի նախօրեին անցկացված քննարկման ընթացքում։ Քննարկման վերջնարդյունքում մասնակիցները որոշել են դիմել ԵՄ–ին՝ քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման համար։

Իսկ Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով պնդել, թե Ադրբեջանում հայ գերիներ չկան։ Այս երկրի արտգործնախարարը պնդեց, թե գերիների թեման փակված է, և որ եռակողմ համաձայնագրից հետո Բաքուն Հայաստանին է վերադարձել բոլոր գերիներին։ 62 հայ զինվորները գերիներ չեն, այլ հանցագործներ՝ ասել էր Բայրամովը՝ ակնարկելով Խծաբերդից գերեվարվածներին։

Մինչդեռ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի գերիների պահման փաստերը և անհապաղ վերադարձի հարցը Հայաստանը շարունակում է բարձրացնել միջազգային ամենատարբեր ատյաններում։ ՀՀ ՄԻՊ-ը դիմել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ իր հաղորդմամբ շեշտադրելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները, երբ գերիները ներկայացվում են «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Մեջբերում ՄԻՊ-ի գրությունից․

«Զինծառայողները գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար, նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի»,–ասված է հաղորդման մեջ։

Միջազգային հանրությանը ներկայացվող ադրբեջանական խաղաղասիրական թեզերի կեղծ լինելն ապացուցվում է Բաքվի վերջին աղաղակող հայատյաց քայլերով: Դրանց թվում են գերիների վերադարձման մասին պայմանավորվածությունների խախտումները և  հայ գերիներին ստորացնող քայլերը։ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝զինծառայողներ և քաղաքացիական անձինք․ ՄԻՊ-ի արձանագրումն է:

«Ադրբեջանական իշխանություններն իրենց բացած «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ»:

Հայ գերիներին վերաբերող մեկ այլ մտահոգիչ տեղեկություն էլ հերքում է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը՝ նախօրեին հայտարարելով՝ սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե հայ գերիներն Ադրբեջանից Հայաստան վերադարձվելիս ինքնաթիռից նետվել են ծովը, հեռու են իրականությունից։ Այս հարցրը եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկման ընթացքում բարձրացրել էր մասնակիցներից մեկը և հստակ տեղեկություններ խնդրել։

Հեղինե Էվինյանը մանրամասնել է.

«Իմ տվյալներով՝ ձեր նշած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը, ցավոք, որևէ հայ գերու չի վերադարձրել»:

ՀՀ օմբուդսմենն էլ իր հերթին հայտնել է, որ մշտադիտարկում են սոցիալական ցանցերի տեղեկությունները,  ներառյալ՝ Ադրբեջանի սոցիալական մեդիան, և նման տեղեկություն իրենք չեն փաստաթղթավորել և չեն արձանագրել։ Սակայն այն, որ ինստիտուցիոնալ մակարդակով թշնամություն, հայատյացություն է գեներացվում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ, անհերքելի է՝ նշել է Թաթոյանը։
Հայ գերիների խնդիրը շարունակում է նաև խորհրդարանում մնալ մտահոգ հայտարարությունների թեմա։

«Հայ գերիներին հայրենիք չվերադարձնելը պետք է գլխացավանք դառնա Բաքվի համար»,–այսօր ասել է իմ քայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը և պնդել՝ Ադրբեջանը տարբեր նպատակներից ելնելով է շարունակում պահել հայ ռազմագերիներին։ Դրանք և ներքաղաքական իրարանցում ստեղծելուն են միտված, և հասարակության շրջանում հուսահատության խորացմանը։

«Ադրբեջանը փորձելու է մաքսիմալ ցավեցնել մեզ ու շահարկել գերիների հարցը։ Նպատակները բազմաիթվ են՝ մենք ագրեսիվ պետության հետ գործ ունենք։ Խնդիրը այն է, թե մենք ինչ  նպատակներ ունենք»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ այն համոզմանն է, որ Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի բոլոր տեսակի քաղաքական բանակցությունների դադարեցման մասին, մինչև վերադարձվի ամենավերջին գերեվարվածը։ 

 «Ալիևն օգտագործելու է գերիների թեման նախընտրական ժամանակաշրջանում իր համար նախընտրելի քաղաքական թեժ մթնոլորտ ապահովելու համար: Դրանից էլ օգտվում են մեր երկրի ներքին թշնամիները: Հայաստանը պետք է օր առաջ գտնի ինքզինքը և չվախենա ռևանշի մասին մտածել ու նոր գործընկերների աջակցությամբ կարողանալ ի մի բերել ներքին ուժերն ու դիմադրելու կարողությունը»։

Հայ ռազմագերիների մասին ռուսական կողմի դիրքորոշման մասին երեկ հիշեցրել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը՝ հայտարարելով՝ խնդիրը շարունակում է առաջնահերթություն լինել պաշտոնական Մոսկվայի համար։

Հայկական կողմի փաստագրած տվայլներով՝ Ադրբեջանում  պահվում է 188 հայ գերի։ Երեկ անհետ կորած քաղաքացիների և զինծառայողների հարազատները հանդիպել էին վարչապետի հետ, որից հետո հայտարարեցին՝ հարցերի պատասխանները չեն հնչել , պայմանավորվել են առաջիկայում հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button