ԿարևորՀասարակություն

Ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հայ ռազմագերիներին ազատելու համար․ կոչ ԵՄ-ին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ 

Քննարկվեցին խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Պատերազմի հրադադարի հայտարարությունից անցել է հինգ ամիս, սակայն չնայած բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտավորությանը՝ այդ երկրում դեռևս առնվազն 188 հայ ռազմագերի է պահվում: Իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը շեշտեց, որ պատերազմի ավարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատության մեջ պահելը Ադրբեջանի  կողմից պատերազմը հոգեբանական տեսանկյունից երկարացնելուն ուղղված քայլ է:

«Սա պատերազմի կործանարար հետևանքների շարունակությունն է: Մարդ արարածին, անգամ եթե նա անազատության մեջ է, չի կարելի օգտագործել որպես քաղաքական առևտրի առարկա՝ նորանոր օգուտներ կորզելու համար»,- ասել է Էվինյանը:

«Եվրոպայում կառավարությունների լռությունն ու պասիվ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերյալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, հուսահատեցնող է Եվրոպայի սփյուռքահայության համար և, ըստ էության, յուրաքանչյուրի համար, ով մտահոգված է այս խնդրով և ընդհանրապես կարևորում է մարդկային արժանապատվությունը»,-շարունակելով խոսքը՝ մանրամասնեց  Էվինյանը:

«Եվրոպան կարող է և պետք է անի ավելին՝ նաև հանուն սեփական վստահելիության, հզորության և կենսունակության: Մենք լիահույս ենք, որ Եվրոպական խորհրդարանը՝ որպես սուբյեկտ, վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- եզրափակեց Էվինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button