Սփյուռքի ձայնը

Ծայրահեղություններ ու կոմպետենտության պակաս՝ Հայաստանի կրթական ոլորտում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանյան կրթական ոլորտում կան ծայրահեղություններ և կոմպետենտության պակաս: Նման տեսակետ ունեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած «Ի գործ» ծրագրի 2020 թվականի մասնակիցներից Անդրանիկ Կոստանյանը, որը եկել է Նորվեգիայից և աշխատում է ԿԳՄՍ նախարարությունում և Նարինե Սիրականյանը, որը Վրաստանից է և աշխատում է կրթության տեսչական մարմնում:

ԿԳՄՍՆ հանրակրթության բաժնում աշխատող Անդրանիկ Կոստանյանը ներառական կրթության մասնագետ է և աշխատում է ուսուցիչների հետ, որպեսզի սոցիալական այս միջավայրում՝ դպրոցում, տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին կարողանան ինտեգրել հասարակություն, օգնել նաև ուսուցիչներին՝ նյարդերը տեղի տալու ժամանակ ճիշտ արձագանքնել և դրսևորվել:

Ամբողջ աշխարում նաև կրթության ոլորտում պետք են լինում փոփոխություններ, ասում է Անդրանիկ Կոստանյանը: «Եթե մարտահրավերային իրավիճակում մակավարժի նյարդերը տեղի են տալիս, ապա դա նշանակում է, որ իսկապես փոփոխությունների կարիք ունենք: Եթե մենք հանդիպում ենք փակուղային իրավիճակների՝ նույնպես նշանակում է, որ փոփոխությունների ժամանակն է»,- ասում է նա։

Կրթության տեսչական մարմնի ռիսկերի գնահատման, ստուգումների պլամնավորման բաժնում աշխատող Նարինե Սիրականյանը նշում է, որ կապ է հաստատել նաև մյուս բաժինների հետ՝ համակարգի գործառույթներին և ծրագրերին ավելի լավ ծանոթանալու համար:

Յոթ ամիս Հայաստանում աշխատող Նարինեն, օրինակ բերելով Վրաստանի կրթական ոլորտում առկա ձևաչափը, նշում է, որ մեր օրենքում ճկունության պակաս կա: «Որակի գնահատման ստուգաթերթերն ավելի խորքային պետք է լինեն՝ դասալսումների և այլ միջոցների շնորհիվ: Կրթության բնագավառում Հայաստանում արվող փոփոխությունները և միջազգային փորձի ներմուծումը պետք է արվի շատ նրբորեն և զգուշությամբ»,- համոզված է Վրաստանից եկած Նարինե Սիրականյանը:

Ինչ վերաբերում է կրթության որակին, ապա, ըստ Նարինե Սիրականյանի, հայաստանյան կրթական համակարգը շատ ծայրահեղ վիճակում է: Խոսքը, և շենքային պայմանների, և սովորողների, և դասավանդողների մասին է: «Օրինակ թիվ 45 դպրոցում եղանք, որտեղ անմխիթար վիճակ էր: 21-րդ դարում Երևանի կենտրոնում նման անմխիթար դպրոցներ ունենալը ամոթ է»,- ավելացնում է Նարինեն:

Ուսուցիչների ատեստավորման մասին խոսելով՝ Նարինե Սիրականյանը նշում է ,որ Վրաստանում, օրինակ, ուսուցիչները հաղթահարելով դժվար փուլեր՝ ստանում են որակավորում, ինչը ենթադրում է բարձր աշատավարձ և խրախուսման այլ միջոցներ: Հուսանք առաջիկայում Հայաստանում ևս գնահատման նման կարգ կգործի, ինչի նախադրյալներն արդեն կան:

Ցուցադրել ավելի
Back to top button