ԿարևորՀասարակություն

«Իմ քայլը» չընտրեց իր առաջադրած թեկնածուին

Ազգային ժողովում այսօր քննարկել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Քվեարկության արդյունքներն անակնկալ են գրանցել․ Լևոն Բունիաթյանին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, բայց թեկնածուն խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չի ստացել․ կողմ է քվեարկել ընդամենը պատգամավոր: Հարթ չի անցել նաև թեկնածուի հետ հարցուպատասխանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության անունից առաջադրված թեկնածուին՝ Լևոն Բունիաթյանին,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց։ 

Մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերություններում, 2019-ից «Էներջի գրուպ» ՍՊԸ-ի տեխնիկական տնօրենն է:

Երկար տարիներ աշխատելով այս կազմակերպություններում ՝ կարողանալո՞ւ եք հանրային շահը սպասարկել․ հարցը անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին էր հետաքրքրում։

«Թե՞ պետք է  շարունակեք այդ պաշտոնում պաշտպանել բնական մոնոպոլիաներ ունեցողի շահերը»,-հարցրեց  պատգամավորը։ 

Բունիաթյանի խոսքով՝  որևէ հակադրություն ու շահերի բախում պաշտոնների միջև չկա։  Երկու ձեռքով կողմ եմ, որ գազի, հոսանքի և ջրի սակագների բարձրացումներ չլինեն՝ ասաց։

Ջրի սակագնի վերաբերյալ  հարցն էլ  հետաքրքում էր  անկախ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանին։ Հարցին թեկնածուն չկարողացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ էներգետիկ ոլորտում է աշխատել։  Խոստացավ  աշխատանքի  անցնելու  դեպքում խորը  ուսումնասիրել թեման։

Գազի սակագնի բարձրանալու  վերաբերյալ ևս Լևոն Բունիաթյանը տեղեկություններ չուներ․ խոստացավ ընտրվելուց հետո ուսումնասիրել փաստաթղթերը:

Բունիաթյանը տեղյակ  չէր  նաև  արևային էլեկտրակայանների շուկայի ազատականացման և զարգացման գործընթացից։ Այս անգամ էլ  «Իմ քայլի»  պատգամավոր Գևորգ Պապոյանը  չստացավ իր հարցի պատասխանը։

«Շուկայի ազատականացման այդ գործընթացին լավատեղյակ չեմ, քանի որ առնչություն չեմ ունեցել։ Ընտրվելուց հետո խորաթափանց կուսումնասիրեմ»։

Բունիաթյանը  ծանոթ չէր նաև էներգետիկ համակարգի   ռազմավարական ծրագրերին։ Դարձյալ խոստացավ ընտրվելու դեպքում  ծանոթանալ դրանց։ 

Անկախ պատգամավոր  Թագուհի Թովմասյանն էլ նկատեց, որ  թեկնածուն չի ուսումնասիրել հանձնաժողովի գործունեությունը՝ պատկերացումներ կամ չունի, կամ դրանք թերի են։

«Իմ քայլի»  պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ թեկնածուն ոչինչ չասաց իր տեսլականի մասին,  որևէ հարցի հստակ պատասխան չտվեց։

«Շատ հարցերի պատասխանում եք՝ դեռ ծանոթ չեմ, կգնամ, կծանոթանամ։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի, որ գնաք ու այնտեղ ծանոթանաք։ Ինչն էր խոչընդոտում մինչև ԱԺ ներկայանալը ծանոթանալ բոլոր այն ընթացակարգերին, որոնք առկա են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում»,- ասաց Վարդանյանը։

Անկախ պատգամավոր  Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր՝ ինչու է  նման  թեկնածություն առաջադրվել։ Պատգամավորի կարծիքով՝  «Իմ քայլի»  կողմից նման անպատրաստ թեկնածու ներկայացնելն անարգանք է  ԱԺ-ի նկատմամբ։

«Առաջարկում եմ  ձեր  թեկնածությունը հանեք, գնացեք  մասնավոր գործով զբաղվեք»,-խորհուրդ տվեց պատգամավորը թեկնածունին։

Թեկնածությունը հանելու կարիք  չկար, քանի որ Լևոն Բունիաթյանին խորհրդարանը  չընտրեց։  Քվեարկությանը  մասնակցեց  52 պատգամավոր: Կողմ էր քվեարկել ընդամենը  13 պատգամավոր: 

Ցուցադրել ավելի
Back to top button