ԿարևորՀասարակություն

Շուրջ 500 ընտանիքի հիպոթեքային գումարից պետությունը մարումներ է արել

Հայաստանում ժողովրդագրական պատկերը փոխելու ակնկալիքով կառավարությունը ավելացրել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրերի ֆինանսավորումը։ Կտրամադրվի ևս 70 մլն դրամ:

Այս ծրագրերից շուրջ 700 շահառու է օգտվել: Ֆինանսավորման հարցը լուծելուց հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ծրագրում են ընդլայնել շահառուների շրջանակը:  

ՄԱԿ–ի տվյալներով մինչև 2050թ. Հայաստանի բնակչությունը կնվազի․ մեր երկրում կապրի շուրջ 140 հազար մարդ ավելի քիչ, քան այսօր։ Դեռ 2020թ–ին, ժողովրդագրական վիճակի բացասական զարգացումները մեղմելու նպատակով Կառավարությունը հաստատեց երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Ապրիլի 1-ի դրությամբ «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրերից օգտվել է շուրջ 700 շահառու, ինչի համար պետական բյուջեից փոխանցվել է 540 մլն դրամ. այս թիվը շատ մոտ է ամբողջ տարվա համար հատկացված բյուջեին։ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյան․

«Ծրագրի համար նախատեսված բյուջեն գերազանցվել է, մենք յուրաքանչյուր եռամսյակի վերջին ֆինանսավորման խնդիրենք ունենում։ Առաջին եռամսյակի համար կառավարության որոշման նախագիծ պատրաստվեց և հաստատվեց.արդյունքում «Փարոս» ծրագրի բյուջեից 70 մլն վերաբաշխում իրականացվեց։ Նույն խնդիրը ունենալու ենք, իհարկե, նաև երկրորդ եռամսյակում։ Ինչպես ասում են՝ օրը կգա, կհասկանանք այս եռամսյակի համար որտեղից, որ ծրագրից ենք վերաբաշխում անում, որ ծրագիրը չտուժի»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրություններ է արել ու պարզել. ընտանիքում երեխայի ծնունդ պլանավորելիս հատկապես որոշիչ են լինում բնակարանային պայմանները, դրանք բարելավելու և արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը. խնդիրներ, որոնք կարող են լուծվել պետության միջամտությամբ: Գայանե Ղարագյոզյանը հիշեցնում է, որ Կառավարությունը այդպիսի 3 ծրագիր է առաջարկում.

«Առաջին ծրագիրը միանվագ դրամական աջակցությունն է: Այն տրամադրվում է  մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու համար և ուղղվում է կանխավճարին»։

Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է առնվազն երկու անչափահաս երեխա ունենա, անշարժ գույքի շուկայական և ձեռք բերման արժեքն էլ չգերազանցի 30 մլն դրամը, իսկ 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում սահմանված 30 մլն դրամին գումարվում է ևս 5 մլն դրամ։ Այս պայմաններին բավարարելու դեպքում աջակցություն է տրվում անշարժ գույքի ձեռք բերման արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1մլն դրամը: 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի,  քան 500 հազար դրամ։ Այս ծրագրից ապրիլի 1-ի դրությամբ օգտվել է շուրջ 130 քաղաքացի, իսկ բյուջեն կազմել է ավելի, քան 92 մլն դրամ։

«Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որով տրվում է աջակցություն՝ կանխավճարի տարեկան ապահովագրավճարի մարման համար՝ 90 տոկոսի չափով։Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է երբ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում 2020թ հուլիսի 1-ից հետո երեխա է ծնվում, պետությունը տրամադրում է աջակցություն, որը ուղղվում է հիպոթեկի մայր գումարի մարմանը»։

Ծրագրից օգտվելու համար երեխայի ծննդյան հաջորդ ամսվա սկզբին ընտանիքը պետք է ունենա վարկի՝ առնվազն 12 ամսվա մարում, իսկ ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրը։ Այս պայմաններին բավարարելու դեպքում պետությունը  ընտանիքին տալիս է աջակցություն՝ առաջին և երկրորդ երեխաների դեպքում՝ 5 տոկոսի չափով, եթե անշարժ գույքը գտնվում է Երևանում, և 10 տոկոսի չափով, եթե ձեռք բերված անշարժ գույքը գտնվում է մարզում։Ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու պարագայում Երևանում 25 տոկոսի, մարզերում ՝ 50 տոկոսի չափով։

Հիպոթեկի մայր գումարի մարման ծրագրից օգտվել է արդեն 480 շահառու։ Նախարարությունում կա կամք, որ ծրագրերը շարունակական լինեն, մնում է, որ  ֆինանսավորման խնդիրները չծագեն:

«Ծրագրերում փոփոխություններ ու բարելավում չենք կարող նախատեսել, քանի որ յուրաքանչյուր բարելավում իրենից ենթադրում է շահառուների թվի աճ, որը ենթադրում է նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչը մենք այս պահին չունենք։ Երբ կկարողանանք ապահովել գոնե արդեն հաստատված ծրագրերի ֆինանսական ռեսուրսը, կլինեն նաև բարելավումներ։ Իհարկե, կան գաղափարներ, շահառուների առաջարկներ, դժգոհություններ, որոնց պետք է անդրադառնալ»։

Առաջին և երկրորդ ծրագրերի  շահառուները հաճախ են դժգոհել միայն նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի հետ գործարք կնքելու սահմանափակումից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյուզյանը նկատում է. այո, կան խոշոր բանկեր, որոնք  նախարարության հետ պայմանագիր չեն կնքել, բայց այս դեպքում,-ասում է,- տուժում են այդ բանկերի վարկառուները: 

Back to top button