ԿարևորՀասարակություն

Բաքվի սադրանքներն ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ

Արցախի սահմանային հատվածներում ադրբեջանական սադրանքները շարունակվում են։ Ապրիլի 7-ին երկրորդ միջադեպն է գրանցվել Սարուշեն համայնքի վարչական տարածքում: Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Սարգսաշեն գյուղի տարածքից  ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող գյուղացիների վրա, կիրառել գնդացիր։

Արցախի ՄԻՊ–ը տեղում դիտարկում է իրավիճակը, Ներքին գործերի նախարարությունն արդեն նյութեր է պատրաստել և դրանք ներկայացրել  ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Իսկ Արցախի քաղաքական գերատեսչությունում համոզված են՝  նման միջադեպեր էլի են լինելու և դրանց հակազդող քաղաքական մեխանիզմներ են պետք։

Եռակողմ համաձայնագրի խախտում. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այսպես են գնահատում Սարուշենում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ։ Արցախի ԱԳՆ–ն հայտարարում է՝ սա Բաքվի հակահայ հերթական գործողությունն է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների դեմ։

«Եռակողմ համաձայնագրի խախտում էադրբեջանական այն ոճով, որը տարիներ շարունակ չի փոխվում։ Իմ խորին համոզմամբ՝ այս գործողությունն անհատների միջոցով է իրականցավում, բայց պետական հովանավորությամբ։ Նրանք ոչ թե զինվորների ձեռքով են իրականացնում նման սադրանքները, այլ  օգտագործում են անհատներին, որ ասեն «հայկական ագրեսիայից» տուժած անձի նախաձեռնություն է եղել և այդպես  փորձեն կոծկել տեղի ունեցածը՝ ասելով, որ պետությունը կապ չունի։ Ռուս խաղաղապահները տեղյակ են, կբարձրաձայնեն, միջոցներ կձեռնարկեն, Ադրբեջանի հետ հարցը կքննարկեն։ Սա մեկ-երկու դեպք չէ, սա քաղաքականություն է, գործընթաց , և հարկավոր է մեխանիզմներ մշակել», -ասում է արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Իսկ մեխանիզմներ, ըստ Բաբայանի, պետք է ձեռնարկվեն երկու ուղղությամբ՝  ռազմավարական և մարտավարական։ Առաջին ուղղությունը  պետության ուժեղացում, համախմբած լինել է ենթադրում, երկրորդը՝  ընթացիկ խնդիրների կարգավորում,  ռուս խաղաղապահների հետ համագործակցության բարձրացում և ընդլայնում։

Արցախի արտաքին քաղաքական  գերատեսչության ղեկավարը  նաև փաստում է, որ պաշտոնական Երևանի հետ համատեղ  նման միջադեպերին արձագանքելու քայլեր են մշակվում։  

Միջադեպից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նշում է, որ հայկական կողմը մի քանի առաջարկ է ներկայացրել։ Ըստ նախարարի՝  ճանապարհի որոշ հատվածների հսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները, որոշ հատվածներում՝ վերահսկողության ուժեղացման կարիք կա։

«Բարձրաձայնել ենք, օրինակ, այդ հատվածում տեխնիկական հագեցվածությունը դրոններով, անօդաչուներով ուժեղացնելու հարցը , առաջարկել ենք մշտադիտարկում իրականացնել։ Ադրբեջանի այսպիսի պահվածքն արդեն  ոճ է դարձել, որը նորություն չէ մեզ համար»։ 

Փորձագիտական շրջանակներում քննարկվող այն տեսակետը, որ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվելու են, քանի դեռ համարժեք քաղաքական պատասխան չեն ստանում Հայաստանի իշխանությունների կողմից, կիսում է նաև վերլուծաբան Հայկ Խաչիկյանը և նկատում՝ ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ոչ միայն հայկական կողմի, այլև  ռուս խաղաղապահների դեմ։ Դրանց նպատակը Արցախում  Ռուսաստանի  առաքելությունը տապալված ցույց տալն է՝ ասում է վերլուծաբանը։

«Սա առաջին և վերջին դեպքը չէ։ Ադրբեջանը փորձելու է թուլացնել խաղաղապահների գործոնը Արցախում՝ հայերի աչքի առջև, քանի որ անվտանգության պարտավորությունը ստանձնել են խաղաղապահները։ Սադրանքները հետագայում հիմք են դառնալու, որ Բաքուն պահանջի չեղարկել կամ չերկարաձգել խաղաղապահների գործունեության ժամկետը»։ 

Սարուշեն գյուղը պատերազմից հետո է դարձել  սահմանամերձ։ Գյուղի կողքով  է անցնում Շուշի տանող ճանապարհը, որով երթևեկում են ադրբեջանցիները։ Իսկ Սարուշենին կրակում են  Սարգսաշեն գյուղից, որն պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ է։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հիշեցնում  է՝ ապրիլի 7-ին տեղի ունեցածը նշված ճանապարհահատվածում արձանագրված արդեն երկրորդ միջադեպն է։  Ադրբեջանական կողմն, ըստ օմբուդսմենի, այս միջադեպերով փորձում է խորացնել անվստահությունը, հուսահատությունը և անվտանգային հարցերում խուճապ առաջացնել։

«Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների և խախտում է եռակողմ համաձայնագիրը։ Այս միջադեպերը անհանգստություն են առաջացնում հանրության շրջանում, միևնույն ժամանակ՝ խուճապ  են առաջացնում»։

Դավիթ Բաբայանը համակարծիք է Արցախի ՄԻՊ–ի հետ՝ փորձ է արվում մարդկանց շրջանում խորացնել հուսահատությունը։ Բաքուն նաև փորձում է խաթարել անվտանգ տարածքի ընկալումը՝ սեպ խրելով  հայ–ռուսական հարաբերություններում։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը նույնպես արձագանքել է միջադեպին , լուսանկարներ հրապարակել,  իրավիճակը   որակել  հուսահատություն առաջացնող և արձանագրել՝ սա իրականություն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։

Back to top button