ԿարևորՀասարակություն

Ուսուցիչները կգնա՞ն գյուղ աշխատելու․ գործուղման նոր կարգն ուժի մեջ է

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով 2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել մասնագետների գործուղման նոր կարգը։  Դրանով գործուղվող ուսուցչի համար հավելավճար,  ճանապարհածախսի և կեցության փոխհատուցում է նախատեսվում։

ԿԳՄՍ նախարարությունը հատուկ շտեմարան է ստեղծել, որտեղ չափորոշիչերին բավարարող և գյուղում աշխատել ցանկացող մանկավարժները կարող են առցանց դիմում  ներկայացնել։ Նախարարությունում վստահ են՝ առկա 151 թափուր հաստիքները շատ արագ կգտնեն իրենց հասցեատերերին։

Անհրաժեշտ մասնագետ չունենալու պատճառով  Հայաստանի մի շարք դպրոցներում որոշ առարկաներ չեն դասավանդվում: Խնդիրն առավել սուր  է մարզերում, հատկապես՝  սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում։ Արտագաղթը պատճառներից միայն մեկն է՝ ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Տեղի է ունեցել բնակչության արտագաղթ գյուղերից։ Մյուս խնդիրը այն է, որ երիտասարդները բուհն ավարտելուց հետո այլևս չեն վերադառնում գյուղեր։ Այս մի քանի գործոնները բերել են դպրոցներում ուսուցիչների պակասի։ Մյուս պատճառն էլ այն է, որ շրջանավարտների փոքր մասն է ցանկանում ուսուցիչ դառնալ։ Դրա համար մենք լուրջ խնդիր ունենք մարզերում, հատկապես որոշ առարկաների գծով՝ բնագիտական, օտար լեզուներ։ Շատ սուր իրավիճակ է և առաջիկայում ավելի է բարդանալու»,-ասում է փորձագետը։

Այս համայնքներում մասնագետների բացը լրացնելու հարցը  կառավարության օրակարգում է, և հենց դրան է միտված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգը, որով  առաջարկվում է գործուղվող ուսուցչին տրամադրել հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, նախատեսել ճանապարհածախսի փոխհատուցում՝ տարեկան 4 անգամ մշտական բնակության վայր այցելելու համար և փոխհատուցել բնակարանի վարձը՝ ըստ մարզերի սահմանաչափի:

ԿԳՄՍ նախարարության  հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ սա իսկապես մոտիվացնող ծրագիր է։

«Հույս ունենք, որ այն համակարգը, որը ընդունվել է, լուծելու է մեր մարզերում, հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում եղած խնդիրները։

-Իսկ արդյո՞ք առաջարկվող պայմանները բավարար են և ոգևորիչ, որ ուսուցիչը տուն-տեղ թողնի, թեկուզ ընտանիքով բնակություն հաստատի սահմանամերձ համայնքում:

-Գիտեք, սա գոնե փորձ է։ Մոնիթորինգի հիման վրա նման հաշվարկ է կատարվել, ընդունվել են միջինացված տարբերակներ։ Ենթադրում ենք, որ գուցե ոչ շատերին, բայց գոնե մի մասին կհետաքրքրի»։

Ծրագրից առանձնապես մեծ չեն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի սպասելիքները։

«Խնդիրն այն է, որ ուսուցչի աշխատավարձն այնքան ցածր է, որ այդ լրավճարները շատ քիչ մարդկանց է մոտիվացնելու։ Քանի որ այդ գյուղերում նաև ժամաքանակներն են քիչ, և դասավանդելու ցանկություն ունեցող ուսուցիչը անգամ մեկ ամբողջ դրույքով չի ապահովվելու, ուստի կես կամ քառորդ դրույքի լրավճարը արդեն ծիծաղելի կլինի։  Դժվար թե 10-20 հազար դրամի համար մանկավարժը ցանականա գյուղ տեղափոխվել»,-ասում է Խաչատրյանը։

Թե քանի մասնագետ կցանկանա նոր կարգով գործուղվել սահմանամերձ համայնքներ, ժամանակը ցույց կտա։ Այս պահի դրությամբ այդ համայնքներում  151 թափուր հաստիք կա։ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ը գործարկել է էլեկտրոնային համակարգ, որով  ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին  բավարարող և նման ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է առցանց դիմում ներկայացնել՝ «Ռադիոլուրին» հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը.

«Ցանկացած անձ, ով ուսուցիչ աշխատելու իրավունք ունի ,  կարող է տեսնել , թե բարձրլեռնային, սահմանամերձ  համայնքներում ինչ թափուր հաստիքներ կան։ Այսինքն՝ տեղեկատվություն ստանալու մատչելիությունը էականորեն բարձրացել է։ Դու ինքդ մտնում,  միանգամից գրանցվում ես, փաստաթղթերը ներկայացնում ու հետևում քո  դիմումի ընթացքին»,-ասում է Արտակ Պողոսյանը։

Կայքում հասանելի են թափուր աշխատատեղին  վերաբերող  բոլոր տեղեկությունները՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ և այլն՝ ասում է ազգային կենտրոնի տնօրենը և կոնկրետ օրինակ բերում։

«Հիմա նայում եմ մեկ հաստիքի նկարագրություն։ Կարմրավանի հիմնական դպրոց, Շիրակի մարզ, առարկան ՝ աշխարհագրություն, ժամերի քանակը՝ 5, աշխատավարձը՝ 36000 դրամ»։

Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկից, նրա տվյալները երեք տարով հանվում են շտեմարանից։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button