ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է փոխվել ՌԴ միգրացիոն նորմերում․ կան կոշտ խստացումներ և նոր պահանջներ

2021-ի փետվարի 1-ից  Ռուսաստանը բացել է իր օդային սահմանները՝ միաժամանակ շրջանառության մեջ դնելով  միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի նոր նախագիծ, որն առաջիկայում կքննարկվի Պետդումայում։ 

Նոր խիստ սահմանափակումներ, անգամ որոշ փոքր խախտումների դեպքում՝ մուտքի արգելք․ նախատեսվող փոփոխությունները «Ռադիոլուրի» հետ զրույցում  այսպես է բնութագրում «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

ՌԴ-ն այս խստացումները բացատրում է  օտարերկրացիների կողմից իրավախախտումներից ու հանցագործություններից խուսափելու նպատակով։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ է ժամանել 105,2 հազար ուղևոր, մեկնել՝ 165,7 հազար մարդ։ Առանձին ամիսներով վերցրած՝ այս թվերը կտրուկ փոխվել են փետրվար-մարտին, երբ ՌԴ-ն բացել է օդային սահմանները։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից «Ռադիոլուր»-ին տեղեկացնում են։

Փետրվար-մարտին ժամանել է շուրջ 74 հազար մարդ, մեկնել է գրեթե կրկնակի ավելի՝ շուրջ 132 հազար մարդ։

Ո՞ր երկրից են եկել ու ո՞ր երկիր մեկնել՝ վիճակագրությունը չի պատմում։ Սակայն այս շրջանին բնորոշ է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու միտումը։ Իսկ այս երկիրը նախատեսում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը։  

Որպես համեմատություն․

Ներկայում առանց մուտքի վիզայի, առանց թույլտվության փաստաթղթերի յուրաքանչյուր կես տարվա ընթացքում ԱՊՀ և 61 այլ  երկրի քաղաքացիները կարող են ՌԴ–ում գտնվել մինչև 90 օրով։ Ժամկետը կարող է կտրուկ կրճատվել։ Ըստ նախագծի՝ մեկ տարվա ընթացքում անձն առանց թույլտվության փաստաթղթերի ՌԴ–ում կկարողանա գտնվել ընդամենը 30 օր։

Կարճաժամկետ՝ 31-ից 90 օր մնալու համար, նախագծի համաձայն, պետք է քաղաքացին մի շարք ընթացակարգերով անցնի․ «Հայկական Կարիտաս» կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մատնանշում է մի քանի առանցքային դրույթ․

«Հանձնում ես մատնահետք, անցնում ես  բուժզննում, գնում ես կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնում ես ռուսաց լեզվի, պատմության, մշակույթի պատմության քննություններ, ձևակերպում ես  ID քարտ՝ չիպով, որին պետք է  հետևել  Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով (ГЛОНАСС)։ Սա խստացում չէ, այլ շատ «խիստ խստացում է, սաստկացուցիչ խստացում»»։

Փորձագետը նկատում է՝ խստացումների կողքին երկարաժամկետ մուտք գործողների համար բարելավող նորմ կա․ նրանք կարող են ՌԴ-ում գտնվել անժամկետ։ Նրանց միգրացիոն քարտում՝ «այցի նպատակը» բաժնում, հնարավոր կլինի փոփոխություն կատարել առանց սահմանահատման․ մինչ այժմ մարդիկ այս նորմը չխախտելու համար ստիպված են պարբերաբար սահման հատել ու վերադառնալ անգամ առանց անհրաժեշտության։ Իսկ եթե քաղաքացին մասնավոր այցով է այս երկրում, աշխատելու իրավունք չունի։ Նա պետք է պարտադիր սահմանը հատի, վերադառնա, նոր քարտ լրացնի, հետո միայն աշխատելու իրավունք ստանա։ Այսօրինակ դեպքերի համար նոր պարտադիր մեխանիզմ է գործելու՝լոյալության համաձայնագիր եւ ID քարտի ձևակերպում։

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյան․ «Երկարաժամկետ գտնվելը գործարար կամ հումանիտար նպատակով ժամանողների համար՝ գումարային 90 օր է 180 օրվա մեջ։ ID քարտի ձևակերպման ողջ գործընթացն իրականացվելու է լիազորված կազմակերպությունների կողմից՝ առանց ֆեդերալ բյուջեի միջոցների օգտագործման․ իսկ քանի դեռ պարզ չէ՝ որոնք են լինելու այս կազմակերպությունները, սա ենթադրում է փաստաթղթերի մենաշնորհային առևտուր, կարճաժամկետ միգրանտների անօրինականացում»։

Վերադառնալով ներդրվելիք «Լոյալության համաձայնագրին»․ սրանով օտարերկրացին տալիս է իր համաձայնությունը ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնությանը և դրա քաղաքացիներին վնաս պատճառող գործողություններից և տեղեկանում, որ սահմանված արգելքների խախտումը կարող է հանգեցնել ՌԴ-ում նրա գտնվելու (բնակության) իրավունքի կորստին։  Լոյալության համաձայնագիրըպետք է ստորագրվի վիզայի ձևակերպման կամ աշխատանքի իրավունքի գրանցման փուլում փուլում: Կնքումից հրաժարվելը կդիտվի որպես ՌԴ օրենսդրությունը պահպանելու անհամաձայնություն և կհանգեցնի մուտքի և աշխատանքի մերժման՝ բացատրում է  Տաթևիկ Բեժանյանը․

«Լոյալության համաձայնագիրը նվազեցնելու է այդպիսի անձանց կողմից վարչական իրավախախտման համար հարկադրանքի միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման իրենց իրավունքը չարաշահելու հնարավորությունը»:

Արտաքսման մոտեցումն էլ կխստացվի․ փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան չստացած, ՌԴ-ում գտնվելու օրինական հիմք չունեցող մարդիկ ենթակա կլինեն արտաքսման։ Արտաքսումը կարող է կատարվել հարկադիր կամ ինքնուրույն մեկնման տեսքով:

 «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նկատում է՝  այս պահին օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթը նրա ազգային անձնագիրն է, որը ՌԴ-ում ենթական չէ առգրավման։ Մինչդեռ առաջարկվում է ՌԴ-ում գտնվող օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթ դիտարկել ՌԴ կողմից տրված ID-քարտը։

«Այսինքն՝ նրա ազգային անձագիրն այլևս անձը հաստատող փաստաթուղթ չէ, անձը պարտավոր է ունենալ ID-քարտ»։

ՌԴ գործող օրենսդրությունը խախտողների մուտքը 3 տարով արգելվելու է առանց դատարանի վճռի, ընդամենը գրավոր ծանուցմամբ: Մուտքի արգելքի հիմքերն ավելացել են ու խստացել։ Այժմ երկու և ավելի վարչական իրավախախտման դեպքում  ոչ միայն տուգանքներն են մուծվում, այլև երեք տարով մուտքը արգելվում է։ Մուտքի արգելք կարելի է վաստակել, եթե քաղաքացու գտնվելու ժամկետը գերազանցել է կամ անձը տվյալ երկրի համար անցանկալի է հիվանդության, ազգային անվտանգության և հասարակական, բարոյական նորմերի սպառնալիք դիտվելու դեպքում։ Զրուցակիցս մտահոգություն ունի․

«Օրինակ, քաղաքացին մասնակցել է հակակառավարական ցույցի, դա կարող է համարվել որպես ազգային սպառնալիք, և քաղաքացին կարող է համարվել անցանկալի ու ցմահ մուտքի արգելք վաստակել։ Այսինքն՝ անձը կարող է ճանաչվել անցանկալի՝առանց պատճառի բացատրության։  Երկարաժամկետ կամ մշտական բնակվողների 15 և ավելի օր եկամտահարկի կանխավճարային վճարումներն ուշացնելու դեպքում նույնպես կարող է քաղաքացին անցանկալի համարվել»։  

Ուշագրավ է, որ, ըստ նախագծի, բոլոր արգելքները կդրվեն ավտոմատ, առանց  վարչական որոշման, և դրանք անհնար կլինի բողոքարկել։ Իսկ ներկայում հնարավոր է բողոքարկել։ Խստացումներ են նախատեսված նաև  միգրացիոն հաշվառման կարգում։

Տաթևիկ Բեժանյանն ասում է․  «Նախագծով միգրացիոն հաշվառման են կանգնում, եթե անցել են բուժզննում, հանձնել մատնահետք, ունեն կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնել են  ռուսաց լեզվի պատմության և մշակույթի քննություն։ Երկարաժամկետ միգրանտների դեպքում պարտադիր է դատնում նաև «լիազորված կազմակերպությունում» լոյալության համաձայնագրի ստորագրումը»։  

Նոր նախագծով հնարավոր կլինի միգրացիոն հաշվառման կանգնել նաև աշխատանքի վայրով։ Հայաստանից ՌԴ են մեկնում հիմնականում աշխատելու նպատակով։ Նոր հայեցակարգով նախատեսվում է, որ գործատուները միգրանտներին կարող են աշխատանքի վերցնել միայն այն դեպքում, եթե գործատուն ինքն է ընդգրկվել է գործատուների էլեկտրոնային բազայում։ Գործատուն աշխատանքի կարող է ընդունել միայն այստեղ տեղադրված և «Հաստատված» թափուր տեղերի համար՝ ID-քարտի առկայության դեպքում Տաթեւիկ Բեժանյանն արձանագրում է․

«Օրինակ՝ անձը գրանցված է որպես շինարար, ցանկանում է փոխել աշխատանքը։ Եթե կողքի փռում տեղ կա բանվորի, նա չի կարող այդտեղ աշխատել, քանի որ ռեեստրում գրանցված չէ։ Հացի փռի գործատուն էլ նրան աշխատանքի չի վերցնի»։

Առաջարկվող փոփոխություններով՝ աշխատանքի իրավունք կունենան մշտական բնակվողները և երկարաժամկետ ժամանողները։ Նոր պարտադիր պայմաններից են ID-քարտ ունենալը, օտարերկրյա աշխատողների ռեեստերում հաշվառվելը և եկամտահարկի ավանսային վճարումը, ընդ որում՝ սա կգործի միայն այն տարածաշրջանում, որտեղից տվել են փաստաթուղթ։   ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման 69 էջանոց նախագիծն առաջիկայում կքննարկվի պետդումայում։

Ցուցադրել ավելի
Back to top button