ԿարևորՏնտեսական

«Մեղրաբույր»-ի մշակությունը` գյուղացուն ձեռնտու տարբերակ

Արմավիրի մարզում սկսել են վերականգնել խաղողի մեղրաբույր տեսակի այգիները: Մեղրաբույրը ցրտադիմացկուն, բերքատու տեսակ է, որի այգիները չեն թաղում ու չեն բացում, ինչն էլ  կրճատում է այգեգործի ծախսը: Խաղողի այս տեսակը մարզում   տարածված է եղել  խորհրդային տարիներին, այգիները սկսել են կրճատվել  2000-ականներին, երբ գյուղացիները  իրացման խնդրի առջև կանգնեցին․ խաղողի այս տեսակը մթերում  են միայն  գինու գործարանները:

Նախորդ  տարի, թերևս պատերազմի պատճառով, այգեգործներից շատերը չկարողացան թաղել այգիները: Բայց ձմեռը մեղմ էր, այգիները չցրտահարվեցին: Հովհաննես Մաթևոսյանը դրանում համոզվեց՝ խաղողի վազերն էտելիս ց։

«Այգին էս տարի չենք թաղել,  դե՝ լավ է, չի փչացել: Էտել ենք, կապել, ցուրտը չի տարել, բերք կլինի»

Արգավանդ գյուղի իր տնամերձում  գերակշռողը խաղողի սեղանի սորտերն են, իսկ սեփականաշնորհված տարածքներում արդեն մի քանի տարի վերականգնել են մեղրաբույրի մշակությունը: Արմավիրի մարզում խաղողի այս տեսակը հիմնականում պահպանվել է դեռ խորհրդային տարիներին  մասնագիտացված այգեգործական տնտեսություններում՝ Շենավանում, Գետաշենում, Լենուղիում, Ամասիայում:   Մեղրաբույրի այգիները սկսեցին քանդել 2000-ականներին, երբ գյուղացիները  կանգնեցին  իրացման խնդրի առջև: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սիմոն Ասատրյանը բացատրում է պատճառները.

«Մեղրաբույր սորտի խաղողն ավելի քիչ են մշակում, որովհետև հիմնական մթերողը՝  Կոնյակի գործարանը, այն  չի մթերում: Դրա համար էլ մարդիկ ավելի հակվեցին սորտերի մշակմանը: Մեղրաբույրը բերքատու սորտ է»:

Մեղրաբույրը  նաև բարձր շաքարայնություն ունի, ինչի  պատճառով  հիմնականում օգտագործվում է գինու արտադրության մեջ: Կարեն Գաբրիելյանը գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունի, մասնագիտությամբ գյուղատնտես է  և երկար տարիներ զբաղվել է խաղողագործությամբ.

 «Մեղրաբույրը միջտեսակային հիբրիդ է, տարբեր տեսակներ խաչասերել են ու  ստացել ցրտադիմացկուն սորտ: Բերքատու է, բայց իր մեջ շաքարներ կան, որոնք  չեն խմորվում մինչև վերջ»։

«Մեղրաբույրից շատ լավ գինի է լինում, շատ մուգ կարմիր չէ, ինչպես ներկենին, ներկառատը, բայց քիմքին հաճելի է: Պտղամիսը սպիտակ է, եթե ուզում են գինին կարմիր լինի, ապա խաղողը պետք է ճզմել, թողնել 5 օր, որպեսզի  գույնը մգանա»,- ասում է Սիմոն Ասատրյանը:

Հովհաննես պապիկի այգում՝ մեծ տարայի մեջ, պահվում է մեղրաբույրից ստացված գինին, բերքը քաղել է տնամերձից:  Բացում է կափարիչն ու առաջարկում համտեսել: Գինին վարդագույն է։

«Մի կում փորձեք, տեսեք ի՞նչ համ ունի: Պահել ենք, բայց արդեն օղի ենք թորելու»:

Սեփականաշնորհված 1000 քմ այգուց Ռաֆայելն անցած տարի 7տ խաղող է ստացել, բերքը հանձնել է վերամշակող ձեռնարկությանը՝ 1 կգ–ը 140 դրամով: Այգու մի հատվածում նոր արմատակալներ կան, որոշել է Շահումյան սորտը փոխարինել մեղրաբույրով: Ասում է՝ ցրտադիմացկուն սորտերի վրա ծախսերը  զգալիորեն կրճատվում են.

«Կես հեկտարը, որ պետք է աշխատողներ բերեմ, լարերից պոկեն, թաղեն, 200 հազար  դրամից ավելի  փող է ծախսվելու: Նույնն  էլ գարնանը՝ պիտի գան, բացեն, կապեն, աշխատուժն էլ թանկ է: Սրա բերքատվությունը շատ բարձր է»:

Արգավանդ համայնքում մեծամասամբ զբաղվում են խաղողի սեղանի տեսակների մշակմամբ, սկսել են ավելացնել նաև տեխնիկական տեսակները: Համայնքի ղեկավար Արշավիր Աղաջանյանի խոսքով՝ սեղանի սորտերի տարածքը գյուղում  մոտ 130 հա է, իսկ տեխնիկականինը՝ մի քանի անգամ պակաս։

 «Ավել շատ տեխնիկական սորտի խաղողի տարածքներն են շատանում, քան սեղանինը: Տարբեր սորտերի տնկիներ են դնում»:

Խորհրդային տարիներին, մինչդեռ,  Արգավանդում խաղողի տեխնիկական սորտի այգիները շուրջ  50 հա տարածք էին զբաղեցնում։ Գյուղացիները  հույս ունեն, որ այդ պատկերը կվերականգնեն։

Back to top button