ԿարևորՀասարակություն

Վերջին ժպիտը՝ ընկերոջ գրկում․ ծննդյան տորթը զոհված Սեդրակ Լևոնյանի նկարի առջև է

Սեդրակ Լևոնյանը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեց ու ընկերների հետ մեկնեց Քարվաճառ։  Ընտանիքի անդամները միայն  մեկնելուց առաջ  են իմացել Սեդրակի որոշման մասին։ Նրանք Քարվաճառն անառիկ պահեցին ու չհանձնեցին այն թշնամուն։ Քարվաճառը թշնամուն հանձնվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով։

Սեդրակի մեծադիր լուսանկարի առջև   ծննդյան տորթ է։ 44-օրյա պատերազմի հերոս Սեդրակ Լևոնյանն այսօր կդառնար  45 տարեկան։  Արմատներով Թալինի Ակունք գյուղից էր Սեդրակը։ Ապրում էր  Երևանում, բայց կյանքի բոլոր հիշարժան օրերը հայրենի Ակունքում էին։ Կինը՝ Նազելին, հիշում է, որ ծննդյան օրը միշտ տոնի էր վերածում։ Սեդրակի հարազատ կրթօջախում հուշ-ցերեկույթ է՝ հերոսին նվիրված։

 «Նա միշտ շտապում էր, երևի կանխազգում էր, որ կարճ կյանք է ունենալու»։

Սեպտեմբերի 27–ի երեկոյան Սեդրակը զանգահարում է մանկության ընկերոջը՝ Հովհաննես Մանուկյանին, ով 16 տարի զինվորական է ու խնդրում, որ իր անունն  ավելացնի  կամավորների  ցուցակում։  Ընկերը սկսում է համոզել Սեդրակին, որ առայժմ դրա կարիքը չկա, բայց Սեդրակն անդրդվելի էր։ Կինը պատմեց,  որ սեպտեմբերի 29-ին Սեդրակը հայտնել է ընտանիքին, որ կամավորագրվել է։

«Ես չէի ուզում, որ ինքը մասնակցեր պատերազմին, ասում էի՝ դու հեռու ես զինվորական կյանքից։ Ասում էր՝ ի՞նչ ասում, եթե ես չգնամ, էն մյուսը չգնա, բա ո՞վ գնա։ Ասում էի՝ ախր դու ի՞նչ կարող ես անել։ Ասում էր՝  խրամատ կփորեմ, մի բանով տղերքին կօգնեմ։ Ինքը կամավորագրվել էր, ոչ մեկիս չէր ասել։  Ամսի 29- ին երկու ժամ  առաջ  եկավ տուն, արագ-արագ  իրերը  հավաքվեց։ Ես անգամ իրեն նեղացած եմ ճանապարհել ․․․սիրտս մի բան վկայում էր»,-ասում է կինը։

Տանից դուրս գալուց առաջ իր 14  ամյա որդուն  խնդրել է  70-անց տատիկին  լավ նայել։

«Տատիկս հայրիկիցս հետո բոլորովին այլ աշխարհ է դարձել»,-ասում է որդին։

«Ասեցի՝ պապ, կարո՞ղ է չգնաս, նայեց դեմքիս, ասաց՝ ո՞նց չգնամ, հերթս հազիվ հասել է, ինչ  ես խոսում»,-պատմում է Սեդրակի  դուստրը՝ Անահիտ Սեդրակյանը։

Սեդրակը երկու ընկերների հետ կամավորական ջոկատով մեկնում է  Քարվաճառը պաշտպանելու։ Վերջին անգամ հենց այդ օրն է զանգահարում կնոջը։ 

«Գիշերը զանգեց, ասաց՝ շատ լարված է,եթե մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաք։ Երբ հարմարվի՝  կզանգեմ։ Իսկ առավոտյան  արդեն դեպքը տեղի է ունեցել»,-պատմում է կինը։

Թեժ մարտերը  Քարվաճառում սկսվում են հոկտեմբերի մեկից։ Մարտական ընկերը պատմում  է, որ հոկտեմբերի 2-ին տագնապով  բարձրացել են առաջնագիծ։ Թշնամին  ինտենսիվ օդային հարվածներ էր հասցնում։

«Առավոտյան վեց անց տաս պատերազմը սկսվեց , շատ ուժեղ կռիվ էր։ Սեդրակին ասացի՝ էստեղ դիրքավորվեք։ Սնարյադը  գցեցին մեր դիրքի վրա,ես չհասցրի  Սեթոյին փրկել։ Իմ աչքի առաջ՝ իմ ձեռքերի մեջ, մահացավ։ Չհասցրեց մի բառ ասել՝ միայն ժպտաց»,-պատմեց ընկերը։ 

Սեդրակի ընկերները շարունակել են կռվել և վիրավորվել են։ Զրուցակիցս ցավով  նկատում է՝ Քարվաճառը հանձնվեց թշնամուն, բայց տղաներն այն անառիկ էին պահել։

«Ամսի 2-ից  9-ը ահավոր վիճակ էր։ Շատ ուժեղ մարտեր էին։ Բայց մենք շատ խիստ  ձևով պատժեցինք իրենց։  էն կարգի, որ չկարողացան ոչ մի բան անել»,-ասում է Հովհաննես Մանուկյանը։

Հովիկն ասում  է՝ եթե ողջ  բանակն իրենց  նման պատրաստված ու կազմակերպված լիներ, կռվում չէինք պարտվի։

«Ամսի 9- ից հետո ոչ մի թիզ  նրանք առաջ չեն եկել,  քանի որ մեր հրամանատարական կազմը  շատ կազմակերպված էր  գործում։ Եթե նույն  ձևով կազմակերպված գործեին բոլորը, մենք Ջաբրայիլն էլ  չէինք  տա։ Եթե ամեն մեկը չզարթներ ու ասեր՝ ես հրամանատար  եմ, ոնց ասեմ՝ էնպես  պիտի լինի, մենք էս օրը չէինք ընկնի» ։

Սեդրակն ու շատ հայորդիներ Քարվաճառն անառիկ պահեցին՝ թշնամու համար անհասանելի։ Քարվաճառն առանց կրակոցի թշնամուն հանձնվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով։

Ցուցադրել ավելի
Back to top button