Ժամանակի վկան

Անհատները գնացող են, հայրենիքն է մնայուն․Անդրանիկ Չավուշյան․ «Ժամանակի վկան»

Հայոց ցեղասպանությունից հետո արաբական երկրում ո՛չ իր կամքով հայտնված հայերի զավակը վերադարձավ հայրենիք, հանդիպեց իր կյանքի սիրուն, ամուսնացավ, զավակներ ունեցավ և որոշեց վերջնականապես բնակություն հաստատել Արցախի Աղավնո գյուղում։ Ծնողների հորդորով ոսկերչություն սովորեց և երբեք չդադարեց ինքնակրթվելուց։

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղը Արցախյան երկրորդ պատերազմից հետո դարձել է Արցախի հարավարևմտյան դարպասը։ Այն գտնվում է Գորիս-Բերձոր ճանապարհամերձ հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ վարչակազմից լուրեր տարածվեցին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է իրերը հավաքեն ու դուրս գան, որպեսզի դեկտեմբերի 1-ին արդեն մարդ չլինի Բերձորում, բնակիչներն սկսեցին ահաբեկված տեղափոխվել։ Մարդիկ այրում էին իրենց ձեռքով կառուցած տները, իսկ թալանն անվերահսկելի էր։ Աղավնոյի գյուղապետն իր անդրդվելի կեցվածքով փորձում էր համոզել, որ չլքեն բնակավայրերը։

Անդրանիկ Չավուշյանը երկու տարի է, որ ստանձել է գյուղապետի պաշտոնը, բայց իր առջև ավելի բարձր գաղափարական նշաձող է դրել, քան զուտ պաշտոնն է։ Նա հորդորում է միանալ իրենց, գալ Աղավնո, հայրենասիրությունը գործով ապացուցել։

Համախմբման միջոցով, համընդհանուր աշխատանքով ու նվիրումով է միայն հնարավոր հասնել հաղթանակի՝ գործնական քայլերով նպաստելով Աղավնոյի, որպես հայկական բնակավայրի, զարգացմանն ու ընդարձակմանը։

Պատերազմի ընթացքում Աղավնոյի դպրոցը բեկորային արկի հարվածից քանդվեց, թալանչիները գողացան գույքը, սակայն անդրդվելի գյուղապետն իր ոգու ամրությամբ ցրեց մարդկանց հուսահատությունը, իր ընտանիքի և իր անձնական օրինակով ցույց տալով, որ չեն լքելու հայրենի օջախը, որքան էլ կեցության պայմաններն անտանելի լինեն։ Այժմ դպրոցը վերականգնվում է, ավելին՝ կառուցվում է նաև մանկապարտեզ, վերանորոգվում են բուժկետն ու մյուս ավերված շինությունները, կյանքը վերադառնում է բնականոն հուն։

Մինչև ռուսական զորքի Աղավնո մտնելը և դրանից հետո էլ, Անդրանիկ Չավուշյանը ստիպված էր դիմակայել ադրբեջանական կողմի սադրանքներին։

Ընտանիքի ամենափոքրիկ անդամը՝ Վահանը, 3 ամսական էր, երբ ուժեղ հրետակոծության սարսափելի ձայներից վեր էր թռչում ահաբեկված, բայց ընդամենը մեկ շաբաթով ընտանիքը բացակայեց գյուղից։

Քիչ խոսել, շատ աշխատել կարգախոսով Անդրանիկ Չավուշյանը փորձում է դառնալ այն մագնիսը, որն իր ձգողությամբ կհամախմբի ազգային գաղափարներով ու հայրենասիրությամբ տոգորված կարծր անհատներին։

Աղավնոն գյուղ-պետություն դարձրած համայնքապետն այն համարում է պարիսպ-փշալար, իսկ փոքրաթիվ բնակիչներին՝ Հայաստան-Արցախ միասնական ամրոցի պահապաններ։

Անդրանիկ Չավուշյանը համոզված է, որ ժամանակ չպիտի կորցնենք ազգային համախմբման, վիրավոր մեջքն ուղղելու համար, ու ազգային վերածնունդը չի ուշանա։ Զրույց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button