ԿարևորՀասարակություն

2050-ին Հայաստանի բնակչությունը կնվազի. 2020-ը փոխել է կանխատեսումները

Հայաստանի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է․ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2050թ Հայաստանի բնակչությունը կնվազի, նվազման միտում կա նաև Վրաստանում և Ռուսաստանում։ Փոխարենը, ՄԱԿ–ի տվյալներով, կաճի Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի բնակչությունը։ 2020թ․ համավարակը և պատերազմը խմբագրումներ են արել մասնագետների կանխատեսումներում և պետության ծրագրերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վերանայում են առաջնահերթությունները։ Այստեղ համոզված են՝ ժողովրդագրական և սոցիալական խնդիրների լուծման ճանապարհը մարզերի զարգացումն է ։

Ծնունդների բացարձակ թվում Հայաստանը դրական տեղաշարժ ունի․ 2019-2020թթ․ ծնունդները շուրջ 400-ով ավելի են եղել, քան մահերը։ Սակայն բնակչության թիվը նվազել է՝ պայմանավորված  համավարակով ու  պատերազմով։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության և զարգացում ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյան․

«Նախորդ տարի առաջին անգամ գրանցվեց դեպոպուլյացիա Լոռվա մարզում, որտեղ ծնունդների թիվը ավելի քիչ էր , քան մահերինը։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ բացի Գեղարքունիքի մարզից և Երևանից՝ մյուս բոլոր մարզերում մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին»։

Վերջին 3 տարիների ամփոփագրում դրական է միգրացիայի ցուցանիշը։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ 2018–2020թթ․ առաջին անգամ Հայաստանում գրանցվեց միգրացիայի դրական մնացորդ․  Հայաստան եկածների թիվը շուրջ 3000–ով գերազանցել է մեկնածներինը։ Սա, մասնագետների կարծիքով, դարձյալ կորոնավիրուսի հետևանքներից է․ համավարակը փակել էր երկրի ելքերն ու մուտքերը։  Կորոնավիրուսի ազդեցությունը արտացոլվել է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրության վրա։  

«2020-ին գրեթե 20%-ով նվազել է ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը։ Իմ կարծիքով՝ սա մեծամասամբ պայմանավորված է համավարակով։ Միջազգային փորձը վկայում է, որ այս չկայացած հարսանիքները ուղղակի հետաձգված ամուսնություններ են։ Հույս ունեմ ու վստահ եմ, որ 2021թ դրանք կշատանան»,-ասում է Աննա Հովհաննիսյանը։

Աճել է նաև ամուսնացողների միջին տարիքը՝  վիճակագրության հայկական պատմության մեջ առաջին անգամ հասնելով ամենաբարձր նիշին․ տղամարդկանց դեպքում այն  30.5 է, կանանց դեպքում՝ 27.5։ Սա, մասնագետների կարծիքով, բացասական միտում է, քանի որ ամուսնական միջին տարիքից կախված է նաև առաջնեկների ծնունդը և մայրանալու միջին տարիքը։

«Մայրանալու միջին տարիքը դարձել է 26.7, իսկ առաջին երեխան ունենալունը՝ 25–ից ավել։ ՄԱԿ–ի կանխատեսումների համաձայն, մայրանալու միջին տարիքը առաջիկայում կդառնա 30, ինչը շատ լուրջ մարտահրավել է ժողովրդագրության համար»,-ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության և զարգացում ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը։

Ժողովրդագրական պարզ վերարտադրության գործակիցը 2.1 է, իսկ Հայաստանում այս ցուցանիշը 1.59 է, ինչը նշանակում է, որ ծնված երեխաները նույնիսկ չեն փոխարինում իրենց ծնողներին։ Սրանից զատ լուրջ մարտահրավեր է նաև ծերացումը։ ՄԱԿ–ի սանդղակով ծերացող են համարվում այն երկրները, որտեղ 65 տարեկանից բարձր մարդիկ բնակչության 7 տոկոսից ավելին են։ Հայաստանում 65 տարեկանից բարձր է բնակչության 12%-ը։ ՄԱԿ–ի կանխատեսումներով՝ 2050-ին այս ցուցանիշը կհասնի 23%–ի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մինչև 2024թ ծնունդների թվի աճ էին կանխատեսում, սակայն այդ կանխատեսումներում պատերազմն ու համավարակը չկային։ Սոցապ նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյան․

«Մենք կանխատեսում էինք բավականին կայուն իրավիճակ, տնտեսական աճի նորմալ տեմպեր, որի պարագայում հնարավոր կլիներ հասնել ծնելիության աճի»,-ասում է նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

Հիմնական միջոցները պետք է ուղղել Երևանից դուրս՝ կարծում են սոցապ նախարարությունում․ քանի դեռ մարզերը տնտեսական համակարգի հիմնական բաղադրիչ չեն, ժողովրդագրական աճ ակնկալելն իրատեսական չէ։

Back to top button