Մտքի ուժը

Ինչպես խորհրդահայ գիտնականի մարտկոցը հայտնվեց Լուսնի վրա․ «Մտքի ուժը»

Երբևէ կմտածեիք, որ խորհրդային տարիներին հայ գիտնականի ստեղծած էլեկտրոնային մարտկոցը նույն այդ տարիներին կարող էին ԱՄՆ- ում կիրառել՝ Լուսնի վրա վայրէջք կատարելիս։ Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլ նաև այդպես է։ Իսկ այդ մարտկոցի հեղինակը Հովհաննես Դավթյանն է։ Ապրիլի 15- ին լրանում է հայ գիտնականի ծննդյան 110-ամյակը։

Հովհաննես Դավթյանի մասին հիշողությունները մեկ առ մեկ թերթում է նաև նրա զարմիկը՝ Յաշա Կարապետյանը, պատմում գիտնականի ստեղծած վառելանյութային մարտկոցի մասին, որը մինչև այսօր էլ կիրառվում է տիեզերանավերի մեջ։

Որքան Խորհրդային Միության տարբեր վայրերում աշխատանքը բեղուն լիներ, գիտությամբ զբաղվելու հնարավորություններն էլ շատ, միևնույնն է, գիտնականի ճանապարհները գրեթե միշտ կանգ էին առնում Երևանում։

Հենց այստեղ էլ գիտնական Դավթյանը նոր տիպի մարտկոցների ստեղծման փնտրտուքների մեջ էր։ Ստացվեց. նրա ստեղծած երկբևեռանի մարտկոցներն այժմ էլ են կիրառվում՝ միայն թե ոչ Հայաստանում, այլ ԱՄՆ- ում, Գերմանիայում։

Հովհաննես Դավթյանի հաջորդ գիտական առաջարկը կյանք ստացավ զարմիկների՝ Յաշա Կարապետյանի ու նրա եղբոր հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Գիտական առաջարկի արդյունավետությունը Խորհրդային Միության պատկան մարմինների ղեկավարներին ապացուցելու համար ստիպված էին մեքենայով Մոսկվա հասնել։

«Մենք նոր տիպի սարք էինք ստեղծել, որը ի հաշիվ ամբողջական այրման, բենզինի ծախսը մոտ 25 տոկոսով նվազեցնում է։ Մեր սարքը հնարավորություն էր տալիս բենզինի կաթիլները բաժանել մանր միկրոկաթիլների, որքան մանր միկրոկաթիլներն են լինում, այնքան բենզինը քիչ է ծախսվում։ Բացի այդ, մենք բնապահպանական խնդիրներն էինք լուծում՝ CO գազը նվազում էր 4 տոկոսից դառնալով 2 տոկոս»։ Առաջարկն ապացուցելու համար «Ժիգուլի»- ով Մոսկվա են հասնում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջարկները մնացին անկատար։

Հովհաննես Դավթյանը այսպես ասենք, գիտական կյանքի երկրորդ փուլում, թողնելով փորձարարական աշխատանքները, զբաղվում է տեսական ֆիզիկայով ու իմաստասիրությամբ: Նա ամբողջովին կլանված էր կյանքի ու մահվան, հոգու անմահության և բարոյագիտության մասին մտորումներով: Պատմում էր, որ կնոջ հուղարկավորությունից հետո, գիշերը, նրան երազում հայտնվում է մի Լուսավոր Էակ, տալիս է սպիտակ թուղթ, որի վրա գրված են եղել հավասարումներ:

Առավոտյան Հովհաննես Դավթյանը հիշողությամբ վերատադրում է այդ հավասարումները, որոնց վրա աշխատելով` հետագայում պարզում է, որ դրանք արտացոլում են հարաբերականության համընդհանուը տեսությունը, որի մասնավոր դեպքն է համարվում Ա. Էյնշտեյնի տեսությունը:

Գերմանիայում լույս տեսնող աշխարհի հնագույն գիտական ամսագրերից մեկում՝ Annalen der Phyzik-ում տպագրվում են Դավթյանի հավասարումները: Աշխարհում մեծ հեղինակություն ունեցող այդ ամսագրում են տպագրվել ժամանակի անվանի ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները՝ այդ թվում Էյնշտեյնը։ Դավթյանի հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն:

1972 թ.Հովհաննես Դավթյանը գրեց «Գրիգոր Նարեկացու աշխարահայացքը» փիլիսոփայական աշխատությունը։

Տարածության և ժամանակի, Նյութի և Տիեզերքի տեսական ուսումնասիրությունները գիտնականին բերել են այն եզրահանգման, որ նյութական Տիեզերքն ունի մի թագ` լուսապսակ, որը անսահման ինֆորմացիայի, հիշողության ու բանականության կրողն է: Մարդկային էությունը այդ դաշտի մի մասն է։ Մահից հետո, պահպանելով ինքնագիտակցությունը, դուրս է գալիս ֆիզիկական մարմնից և ձուլվում Տիեզերքի լուսե պսակին:

Ցուցադրել ավելի
Back to top button