ԿարևորՀասարակություն

Covid-ից մահացածները կհերձվե՞ն․ դիահերձարանները պատրաստվում են

Առողջապահության նախարարությունն առաջարկում է հրաժարվել կորոնավիրուսից մահացածներին ախտաբանաանատոմիական  հերձման չենթարկելու պահանջից:  

Այն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում հայտվել էր կարանտինի հայտարարումից հետո, նախարարությունն այդ նորմի անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ դիահերձարաններում մեծ է վարակվելու ռիսկը։

Ի՞նչ է փոխվել համաճարակաբանական իրավիճակում, և  արդյո՞ք Հայաստանի դիահերձարանները պատրաստ են կանխել վտանգի տարածման հնարավոր ռիսկերը։  

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոխել իր իսկ սահմանած սահմանափակումը եւ սկսել հերձել կորոնավիրուսից մահացածների դիերը։ Ըստ առողջապահական գերատեսչության հիմնավորման՝ վերջին մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ դիակից կորոնավիրուսով վարակելիությունն այնպիսին է, որ հնարավոր է պաշտպանվել, եթե իրականացվեն սանիտարահամաճարակային միջոցառումներ։ Սակայն արդյո՞ք Հայաստանի դիահերձարանները պատրաստ են քովիդից մահացածին դիահերձել և պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակման հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։ «Ռադիոլուրը» փորձեց պարզել վիճակը մարզային դիահերթարաններում։  

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց՝ Էջմիածնի դիահերձարանը լիովին համապատասխանում է սահմանված նորմերին, իսկԱրմավիրի դիահերձարանում  դեռ աշխատանքներ կան ավարտելու։  

«Էջմիածնի դիահերձարանը համապատասխանում է նորմերին, իսկ Արմավիրի դիահերձարանը, նախնական տվյալներով համապատասխանում է, բայց ես առանձին հանձնաժողով եմ ստեղծել, որպեսզի նորից վերահսկողական աշխատանք տանեն, և դիահերձարանների թերությունները շտկելու նախագիծ–նախահաշվարկ պատրաստեն»,-ասում է Մաթեւոսյանը։

Գեղարքունիքի մարզում դեռ չեն ուսումնասիրել դիահերձարանների պատրաստվածությունը կորոնավիրուսից մահացածներին դիահերձելու առումով։ Սակայն մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ ամեն ինչ կանեն, որ պահպանվեն նորմերը։  

«Կարծում եմ՝ իմ գործընկերները հաշվի առած կլինեն այդ հանգամանքը, և եթե կարիք լինի ինչ-որ բան վերափոխելու, կարգի բերելու, նախապատրաստելու, համատեղ կանենք, որ նորմատիվները պահպանվեն»,-նշում է Սանոսյանը։

4 դիահերձարան ունեցող սահմանամերձ Տավուշում դեռ ծանոթ չեն  կորոնավիրուսից մահացածներին հերձելու համար պահանջվող նորմերին։ Փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը վստահ է՝ ինչ էլ պահանջվի, կարգի բերելը դժվար չէ։ Անհրաժեշտության դեպքում մասնագետների վերապատրաստում էլ կիրականացվի։

«Ինձ թվում է՝ հարակից նյութերի կիրառում կենթադրի, իսկ դրանք ձեռք բերելը հասանելի է, ու խնդիր չի առաջանա։ Միգուցե անհրաժեշտ լինի, որ բժիշկները լրացուցիչ վերապատրաստվեն»,-ասում է Ստեփանյանը։

Հայաստանն աշխարհում բժշկական դիահերձումների թվով առաջատար է։ Եթե աշխարհում դիահերձում են միայն այն դեպքում, երբ հայտնի չէ մահվան պատճառը  կամ կան կասկածներ, որ բուժօգնությունն անհապատասխան է ախտորոշմանը,  ապա Հայաստանում բոլոր դեպքերում դիահերձում է կատարվում։ Ուշագրավ մանրամասները «Ռադիոլուրին» փոխանցեց ԵՊԲՀ համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանը։  Մասնագետի համար անհասկանալի է, թե ինչու համավարակի առաջին ալիքի ժամանակ  կառավարությունը ՀՀ «Բժշկական օգնության և սպասարկման» մասին օրենքում փոփոխություններ կատարեց և  բացառություն սահմանեց կորոնավիուսից մահացածների հերձման համար։   

«Մարտի 24–ին ԱՀԿ –ն հրապարակեց ուղեցույց, թե ինչպես պետք է  վարվել մահացած մարդկանց մարմինների հետ։ Ուղեցույցում հստակ գրված է, որ կորոնավիրուսից մահացածի մարմինն ավելի վտանգավոր չէ, քան ցանկացած այլ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող  հիվանդությունից մահացած մարդու մարմին։ Կորոնավիրուսից մահացածին հերձելու համար դիահերձարաններից ավել պայմաններ չի պահանջվում։ Օրենքի փոփոխությունն  անտրամաբանական էր, սակայն հիմա այդ փոփոխությունը տրամաբանական է»,-շեշտում է մասնագետը։

Համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանը շեշտում է՝ եթե դիահերձարանները լիցենզավորվել են, սա արդեն նշանակում է, որ այն համապատասխանում է նվազագույն պայմաններին։ Լիցենզավորված դիահերձարանում պետք է լինեն բնական օդափոխություն, պաշտպանիչ հանդերձանք և այլ միջոցներ։ ԱՀԿ ուղեցույցն էլ հստակ սահմանում է, որ կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձման համար դիահերձարաններում լրացուցիչ պայմաններ չեն պահանջվում։ Այնուամենայնիվ, որոշ խիստ մտահոգիչ դիտարկումներ կան այն առումով, որ հայաստանյան դիահերձարաններում նվազագույն որոշ նորմեր էլ պահպանված չեն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button