ԿարևորՀասարակություն

8 մլն դրամ Նորաշեն գյուղի դպրոցին՝ ժամանակակից սարքավորումներով քիմիայի լաբորատորիա կառուցելու համար

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հյուրընկալել է Տիգրան Հարությունյանին, Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանին և քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանին:

Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է. «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Տիգրանի հաղթանակների առթիվ: Զարգացման, առաջընթացի, հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես հպարտ եմ, որ Տիգրանն անցել է գործի և անում է այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Ես շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ Տիգրան, որ դու ճիշտ ճանապարհ ես ընտրել և վստահ եմ, որ դու կյանքում մշտապես հաջողելու ես:

Ես հիշում եմ մարզպետարանում մեր նախորդ հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ժամանակ Տիգրանի և մյուս դպրոցականների արտահայտած հիացմունքի արժանի մտքերն ու գաղափարները: Տիգրանն ապացուցում է այն ճշմարտությունը, որ բնավ կարևոր չէ, թե մարդ որտեղ է ծնվել և բնակվում, հաջողության հասնելու համար կարևոր է աշխատասիրությունն ու ձգտումը: Կանաչ ճանապարհ եմ մաղթում և չեմ կասկածում, որ Տիգրանի հաջողությունները դեռ առջևում են»:

Իր խոսքում մարզպետը նշել է, որ քաջատեղյակ է Տիգրանի՝ հարազատ գյուղի դպրոցում քիմիայի լաբորատորիա ունենալու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ունենալու ցանկությանը, ապա հայտնել, որ որպես Տիգրանի աշխատասիրության և քիմիայի օլիմպիադայում բարձր արդյունքներ գրանցելու խրախուսանք, մարզպետարանը կտրամադրի անհրաժեշտ շուրջ 8 մլն դրամը, որպեսզի Նորաշենի դպրոցում կառուցվի անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունեցող և ժամանակակից կահավորմամբ քիմիայի լաբորատորիա:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցբերելու և Քիմիայի_միջազգային_օլիմպիադայի Հայաստանի թիմի անդամ դառնալու համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանին պատվոգիր է հանձնել:

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանը և քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանը ևս պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում Տիգրան Հարությունյանի նվաճումներն այսքանով չեն սահմանափակվում: Կենսաբանություն առարկայից նա նվաճել է հանրապետական փուլին մասնակցելու իրավունք, իսկ նախորդ տարի օլիմպիադաներից վերադարձել է մրցանակներով:

Ցուցադրել ավելի
Back to top button