Սփյուռքի ձայնը

Չհասկացվածություն և իրազեկվածության պակաս. ի՞նչ խնդիրների է բախում օտարերկրյա ներդրողը․ «Սփյուռքի ձայնը»

Արարատի մարզում գոլֆի ակումբ հիմնելու համար 120 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվում, քանի որ Հայաստանում ներդրումային դաշտը ամենաազատականներից է, ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանն է նշում։

Նրա համոզմամբ՝ Հայաստանն աշխարհում այն պետությունների շարքում է, որտեղ ներդրումների համար լավ պայմաններ են ստեղծված, իսկ նորաստեղծ ներդրումների աջակցման կենտրոնն ամեն ինչ անում է գործարարներին աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու համար:

«63 ներդրումային ծրագրի հայտ ենք ստացել, որոնցից 23- ը սկսել են գործել»,- -ասում է Արամ Վարդանյանը: Նաև նշում, որ ներդրումների համար հիանալի ու գրավիչ ոլորտներ են զբոսաշրջությունը, շինարարությունն ու գյուղատնտեսությունը: Թեև համաճարակը խանգարել է որոշ ծրագրեր սկսելուն, այնուամենայնիվ առաջարկներ եղել են և դեռ կլինեն:

Արամ Վարդանյանը նշում է, որ արտերկրից շատ կազմակերպություններ ու անհատներ են առաջարկներով դիմում: Հենց այդ նկատառումներով էլ ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնը համագործակցություն է սկսել ՀՀ դիվանագիտական կառույցների հետ՝ նրանց միջոցով հասցեականությունը ճիշտ կազմակերպելու համար:

Հարցին, թե ինքը՝ Արամ Վարդանյանը, Հայաստանում որ ոլորտներում կաներ, պատասխանում է. «Համաճարակից առաջ գրավիչ էր տուրիզմի ոլորտը, ինչը ժամանակի ընթացքում նորից կունենա մեծ պահանջարկ: Մենք պետք է մեր երկիրը ներկայացնելու շատ հնարավորություններ ունենանք և դրանք ճիշտ օգտագործենք:

Տարիներ շարունակ սփյուռքահայ և օտարազգի գործարարներն ու կազմակերպությունները Հայաստանում գործ են սկսել՝ տարբեր հանգամանքների բերումով, սակայն կարճ ժամանակ անց բախվել են որոշ խնդիրների հետ և հիասթափված գնացել։

Արամ Վարդանյանը նշում է, որ այստեղ չհասկացվածության և իրազեկվածության պակաս կա: «Հենց այս բոլոր խնդիրներից զերծ մնալու համար է ստեղծվել ներդրումների աջակցման կենտրոնը, որն ուղղորդում է այս կամ այն կառույց՝ գործունեության ճիշտ ընթացակարգ ապահովելու համար»:

2020 թվականին ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի ստեղծումը սկսնակ և արդեն կայացած գործարարներին ՀՀ-ում բիզնես սկսելու ընթացքում աջակցող կարևոր կառույց է, որի նպատակն է «Մեկ պատուհան»-ի սկզբունքով խորհրդատվություն և օգնություն տրամադրել գործարարներին:

Back to top button