ԿարևորՀասարակություն

«Նախշուն Հադրութ» ծածկոցները կպատմեն Հադրութի մասին

Հադրութցի 15 կանանց ձեռքի աշխատանքները՝ ծածկոցներ, շալեր, շուտով կհայտնվեն  հայկական շուկայում։ Այն հանրահռչակվելու է «Նախշուն Հադրութ» բրենդով։ Նպատակը  տարածաշրջանը ներկայացնող արվեստի նմուշների պահպանումն ու հանրայնացումն է՝  Հադրութից տեղահանված կանանց ներուժն օգտագործելով։ Սա նաև միջոց է եկամուտ ապահվելու։ Այս ինքնատիպ ծրագրով կանայք Հադրութի ջերմությունը կհաղորդեն ապրանքանիշն օգտագործողներին։

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Դավթյանի այցը հաղորդավար  Անիտա Հախվերդյանի  բնակարան՝  «Նախշուն Հադրութ» ապրանքանիշն ստեղծելու առիթ դարձավ։   

«Որոշեցինք, որ ծածկոցների  նախագիծը պետք է կազմվի, սխեման գծվի, և տեղահանված  հադրութցի կանայք այսպես մի քանի խնդիր կկարողանան լուծել։ Մասամբ կլուծվի  զբաղվածության  հարց, և որ պակաս կարևոր է՝ այս կերպ  կխոսվի Հադրութի մասին, կասվի,  որ Դիզակ  նահանգը հայկական է եղել»,-պատմում է Անիտա Հախվերդյանը։

«Նախշուն Հադրութ» ծրագիրը  կյանքի է կոչվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակում։ Կարևոր պայման էր, որ  հումքը լինի հայկական, բնական ու բացառապես բրդյա։ Հադրութցի կանայք փնտրել-գտնելու համար հասել են Շիրակի մարզ՝ Ամասիա համայք։

«Ամեն մի վարպետ գործելու է մեկ ծածկոց, որպեսզի ձեռագիրը պահպանվի։ Կենտրոնում լինելու է հենց Դիզակին բնորոշ նախշը։ Ամբողջությամբ սպիտակ է լինելու, իսկ նախշերը՝  մոխրագույն և սրճագույն»։ Իսկ «Նախշուն  Հադրութ» անունը ծնվեց, քանի որ Հադրութի ամեն մի անկյուն մի նախշ է հիշեցնում»,-ասում է Անիտա Հախվերդյանը։

 «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտք կար դեռ  պատերազմի օրերին, երբ անգամ պաշտոնական աղբյուրներն այլևս չէին հերքում, որ ադրբեջանական կողմը վերահսկում է հայկական Հադրութը։ ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ իրենք ընտրել են ոչ թե հուսահատության, այլ պայքարի  ճանապարհը։

«Հադրութի խնդիրը մի օր պետք է դառնա բանակցային օրակարգի թեմա։ Հետևաբար, մեր գործունեությունը  պետք իրականացնենք տարբեր   բաղադրիչների միջոցով։ Այդ բաղադրիչները ենթադրում են պայքարի ամենատարբեր ձևեր, միջազգային դռների բախում, ներսի իշխանական օղակների հետ աշխատանք»,-ասում է Մերի Դավթյանը։

Հադրութը ճանաչելի դարձնելու համար ամեն քայլ իրականացվելու է։ Քաղաքական բաղադրիչից ոչ պակաս կարևոր է  նաև Հադրութի համ ու հոտի, խոհանոցի ներկայացումն ու  մասայականացումը։

Կաճապով ապուրի բանջարն աճում է միայն Հադրութում, ունի բուժիչ հատկություն․ զրուցակիցս ասում է՝ ապուրը Հադրութի խոհանոցային բրեդներից է։ Վերջերս կապաճ հայտնաբերվել է նաև Տավուշում․ որոշել են Երևանի կենտրոնում եփել ապուր,  բաժանել  անցորդներին  ու ծանոթացնել դրա  օգտակար  հատկություններին։

Մերի Դավթյանը կարծում է, որ այսպես նաև կարելի է հադրութցիներին պահել միասին, որ միասին էլ վերադառնան հայրենի երկիր։

13 500 հադրութցի պատերազմի հետևանքով զրկվել է տունուտեղից ու երազում է Հադրութ վերադռնալու մասին։

Back to top button