ԿարևորՀասարակություն

Նոր հնարավորություննե՞ր, թե՞ նոր ռիսկեր․ տնտեսագետները՝ ապաշրջափակման հեռանկարի մասին

Մոսկվայում երեկ կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ կրկին խոսվել է տրանսպորտային երթուղիների և առևտրատնտեսական  կապերի վերականգնման հնարավորության մասին։ Հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում, սակայն, թեմայի  վերաբերյալ մոտեցումները միանշանակ չեն։

Ապաշրջափակման արդյունքում սպասվող դրականի արդյունքների կողքին հստակորեն շեշտադրվում են նաև հավանական վտանգներն ու ռիսկերը։ Տնտեսագետների մի մասը համոզված է, որ  Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինել ապաշրջափակման սցենարին, հակառակ դեպքում պատկերը մեզ համար ուրախալի չի կարող լինել։ Մյուսները համոզված են ՝ ռիսկերն ավելի մեծ են, քան հնարավորությունները։

Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգումը Հայաստանին զարգացման նոր հնարավորություններ կտա: Այդ  հնարավորությունների վերաբերյալ մոտեցումները, սակայն,  Հայաստանում միանշանակ չեն։ Պետք է առաջնորդվենք բնական հնարավորություններն օգտագործելու սկզբունքով, իսկ որ ճանապարհները փակ են, դա բնական չէ և աննորմալ երևույթ է՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Զուտ տնտեսական առումով ցանկացած այլընտրանք  առավելություն է։ Պետք է կարողանալ այդ հնարավորությունից օգտվել»։  

Տնտեսագետների շրջանում  կան, սակայն, նաև խորը մտահոգություններ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն, օրինակ, Հայաստանի համար ապաշրջափակումն ընդհանրապես վտանգավոր գործարք է համարում։

«Եվ այդ գործարքը տեղավորվում է այն հանձնարարականի մեջ, որը ստացել են այսօրվա իշխանություն կրողները։ Միգուցե իմ մոտեցումն ու գնահատականը սուբյեկտիվ է, բայց բոլոր պարագաներում ՌԴ-ն, ըստ իս, ի դեմս ՀՀ-ի և ինչու չէ՝ նաև Ադրբեջանի, կարողացավ աննկատ ու նուրբ ձևով մուտք գործել Հարավային Կովկաս, ինչը մեծ դժվարություն էր նրա համար» ։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նույնպես կարծում է, որ ապաշրջափակման ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հնարավորությունները։

«Մենք կունենանք խնդիրներ այն պատճառով, որ որոշ պետություններ կարող է էքսպանսիայի ենթարկեն մեր տնտեսությունը, և ներքին արտադրությունները, ներքին բիզնեսը կարող են դժվարին վիճակում հայտնվի, քանի որ ոչ բոլոր ոլորտներն են  մրցունակ»։        

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն , ինչպես միշտ,  առաջնորդվելով իր շահերով՝ ապաշրջափակման շուրջ դրական մոտեցում է ձևավորել , ինչը, սակայն, խիստ բացասական է ՀՀ համար։

«Այն մեկնաբանությունը, ըստ  որի՝  կբացվի ճանապարհները, մենք լավ կզգանք, դա առնվազն օխլոզ զանգվածին ապակողմնորոշելու համար է»։

Գագիկ Մակարյանը կարծում է, որ ապաշրջափակումն աստիճանաբար իրականացվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը գուցե կարողանա պատրաստվել։  Ըստ տնտեսագետի՝ առաջնայինը պետք է լինի ներքին արտադրողին պաշտպանելը։

«Այսինքն, որ ապաշրջափակման արդյունքում առաջին հերթին նաև Հայաստանը հենց օգտվի, ոչ թե օգտվեն այլ երկրներ, իսկ Հայաստանը զուտ ուղղակի հնարավորություններ ստեղծի նրանց համար։ Ես, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր եմ տեսնում, որովհետև այդ ապաշրջափակումը դա մեխանիկական պրոցես չէ։ Եթե մենք չենք վերլուծում մեր հնարավորությունները՝ պատկերներն էլ մեզ համար ուրախալի չեն»։      

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ որևէ երկիր, որն իր ներքին տնտեսության համար ավելորդ հովանավորչություն է անում, երբևէ հաջողության չի հասել։ Ասում է՝ դրանից տուժում է արտադրությունը, քանի որ զարգանալու հնարավորություն չի ունենում.նման  կարիք չի առաջանում, և տուժում են սպառողները, քանի որ ավելի թանկ ծառայություններից կամ ապրանքներից են օգտվում։ Վահագն Խաչատրյանի համար հոռետեսական կանխատեսումներն ընկալելի չեն։  

«Ամենաանընդունելի կանխատեսումը կամ հաշվարկն ինձ համար այն է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հայկական տնտեսությունը ուղղակի կմահանա, մենք մրցունակ չենք և այլն, Սա ուղղակի քննադատության չի դիմանում, որովհետև այդ նույն տրամաբանությամբ մենք ընդհանրապես պետք է փակ մնանք որպես երկիր։ Կարծում եմ այդ մոտեցումը սխալ է»։     

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համավարակի պատճառով կրճատված ապրանքաշրջանառությունն առաջիկայում կարող է վերականգնվել և ավելանալ: Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշը՝ նկատելով, որ 2020 թ. մի շարք, առաջին հերթին կորոնավիրուսի պատճառով նկատվել է որոշակի նվազում:

«Համոզված եմ, որ մենք առաջիկայում կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել»,- ասել է Պուտինը: Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապրանքաշրջանառության մինչքովիդյան ծավալը վերականգնելու և ավելիին հասնելու հնարավորությունը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը միանգամայն իրատեսական է համարում, բայց չի կարծում, որ այդ հնարավորություններն այս պահին քննարկվող ապաշրջափակման թեզերի մեջ են։

«Ընդհանրապես դա մի մոտեցում է, որի համաձայն՝ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվում թուրանական ամբողջ խնդրի առջև։ Դժվար թե դրան կողմ լինի Ռուսաստանը, բայց եթե  որոշակիորեն կողմ լինի, ապա  դա միայն պայմանավորված պետք է լինի իր՝ գոնե այս պահին գոյություն ունեցող շահերով»։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահը միաժամանակ շեշտել էր Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ռազմավարական բնույթը, ապա նկատել, որ Հայաստանի տնտեսության մեջ բոլոր կապիտալ ներդրումների 40 տոկոսն «ունեն ռուսական ծագում»:

Ցուցադրել ավելի
Back to top button