ԿարևորՏնտեսական

Հայաստանի էներգետիկ ապագան՝ նոր մեծ ատոմակայանո՞վ, թե փոքր միջուկային մոդուլներով

Մայիսի 15-ից ատոմակայանը 141 օրով չի աշխատելու։ Ընկերությունը 19.7 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք ունի։ Այն կփոխհատուցի կառավարությունը։ Դրա նախագիծն այսօր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր։ Մինչ գործող ատոմակայանի հարցերը կառավարությունում են քննարկվում, նորի կառուցման հարցը վարչապետն է բարձրացրել ՌԴ նախագաի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։ Դրան զուգահեռ՝ Հայաստանում փորձագետները քննարկում են նաեւ փոքր, մոդուլային ատոմակայաններ նախագծելու հարցերը։

Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի հետ գործակցությամբ ռազմավարական ներդրումների միջոցով Հայասատանում նոր ատոմակայան կկառուցվի։ Այս մասին վարչապետը խոսում է ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում։

«Ես հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, և այդ առումով ես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»:

Ատոմակայանի վերազինման աշխատանքների համար հատկացված ռուսական վարկից 2020–ին Հայաստանի կառավարությունը հրաժարվեց։ Այժմ այդ աշխատանքները ֆինանսավորվում են միջոցներով։

ՀԱԷԿ-ի ֆինանսական գծով տնօրեն Էռնեստ Ճաղարյանի փոխանցմամբ՝ գումարի հետ կապված դեռ խնդիրներ չունեն, ուշացումներ՝ նույնպես․ «Առաջին տրանշը 18․7 մլրդ դրամ փոխանցել են, 2020 թվականին 31․5 մլրդ դրամ է նախատեսված հունիսին կստանանք։ Այս պահին բյուջեի փոխանցումների հետ կապված խնդիրներ չունենք»։

Իսկ 141-օրյա դադարի հետեւանքով առաջացած 19.7 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը, որ կառաջանա արդեն մայիսի 15-ից ատոմակայանի կանգի հետեւանքով, պետք է մասնակիորեն մեղմվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին հատկացված իրանական վարկից։ Այս ընթացքում՝ մոտ մեկ տարում պարզ կլինի, թե ևս քանի տարով կերկարացվի ՀԱԷԿ–ի շահագործումը։ Այս պահին դրա շահագործման հնարավոր տեւողությունը մինչև 2036 թվականն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․

«Ատոմակայանի շահագործման հնարավորությունը գնահատում է նախագծող ընկերությունը։ Ուսումնասիրությունները դեռ առջևում են։ Սակայն նմանատիպ ու նույն թվականներին կառուցված ատոմակայանների ռեակտորները արդեն իսկ իրենց շահագործումը երկարացրել են 60 տարով»։

Այս պահին Հայաստանի էներգետիկ ապագան կապվում է միջուկային էներգետիկայի հետ՝ վստահեցնում է փոխնախարարը։ Միայն թե դեռ հստակ չէ՝ ինչպիսի ատոմակայան է ծրագրում կառուցել Հայաստանը՝ ՀԱԷԿ–ի նման խոշոր ու հզո՞ր՝ ռեակտորով, թե՞ նույն հզորությունը ստանալ մոդուլային լուծումներով։ Աշխարհը հիմա գնում է մոդուլային ատոմակայանների կառուցմանը՝ «Ռադիոլուր»-ին ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։

Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․ «Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։

Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից։ Մինչդեռ ՀԱԷԿ-ը մեկ մեծ ռեակտորից է բաղկացած։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։

ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտը Հայաստանի օրինակով պարզաբանում է․ «Մոդուլային ատոմակայանը մեկ մեծ ռեակտոր է՝ տասը փոքր մասի՝ մոդուլների բաժանված։ Սկզբում տեղերը բաց են թողնվում, հետո դրանք հավաքվում են՝ ըստ անհրաժեշտության ու պահանջարկի։ Ռեակտորն ու մոդուլը տարբեր բաներ են։ Եթե միավոր ծավալում էներգիայի ծավալը փոքր է, ապա վթարի ժամանակ եղած ռեսուրսով կարող ենք անգամ մեկ ամիս խնդիր չունենանք։ Իսկ մեծ ռեակտորի դեպքում մեկ վայրում կուտակված էներգիան հեռացնելու շատ մեծ խնդիր է առաջնալու»։

Հայաստանի համար տնտեսապես շահավետ չէ մեծ ու միջին հզորության ռեակտոր ունենալը՝ կարծում է փորձագետը՝ պարզաբանելով՝ տնտեսապես շահավետ կլիներ, եթե կառուցվեր 1000 կամ 1500 մեգավատ հզորությամբ ռեակտոր։ Սակայն այս դեպքում ցանցն այն կլանելու և անվտանգ օգտագործելու հնարավորություն չունի՝ ասում է փորձագետն ու պարզ հաշվարկներ ներկայացնում․ «1000 մեգավատ հզորությամբ ռեակտոր կառուցելու համար անհրաժեշտ է 6-8 մլրդ դոլար։ Սա լուրջ բեռ է ցանկացած երկրի համար։ Մեր ատոմակայանն ունի 440 մեգավատ էլեկտրական հզորություն։ Երկիրը կարող է 500 մլն դոլարով բլոկի հիմք դնել, հետո նոր ներդրումներ ներգրավել»։

Սուրեն Բզնունին օրինակ է բերում, ասում է՝ Միացյալ Նահանգներն արդեն մոդուլային ատոմակայան կառուցելու հավաստագիր ու թույլտվություն ստացել է եւ էներգետիկ հետագա ուղին այդ եղանակով է պատկերացնում։ Որոշումը վերջնական կդառնա, երբ այդ երկրի ազգային լաբորատորիաները շուրջ 5 տարվա փորձարկում անեն։

Մինչ փորձագետները քննարկում են, թե Հայաստանի համար նոր ատոմակայանի որ տարբերակն առավել շահեկան ու պիտանի կլինի, կառավարությունում ու պատկան կառույցներում փորձում են առավել իրատեսորեն գնահատել՝ ՀԱԷԿ–ի երկրորդ բլոկի շահագործման ժամկետը որքան ժամանակով կարող են երկարաձգել։

Ցուցադրել ավելի
Back to top button