ԿարևորՀասարակություն

Ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի

Գործադիրը հավանություն է տվել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծին: Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,

. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,

. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է նաև համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախատեսվել է նաև դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ վիճակագրական տվյալներով՝ նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ: Ըստ նախարարի՝ հարուցվել և ընթացքի մեջ է գտնվում 261 գործ, դրանք դեռևս դատարան չեն ուղարկվել, 18 գործ գտնվում է դատարանների վարույթում, ապրիլի 1-ի դրությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է կրում 1 դատապարտյալ:

Նախագծով նախատեսվել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում: Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը,  նշել է, որ թեման շատ վիճահարույց է, բայց, այնուամենայնիվ, իրենք կայացրել են քաղաքական որոշում:

«Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել հասկանալի պատճառներով: Թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո 44-օրյա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում: Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով՝ մեր բանակը  հիմա թևակոխում է խորը և բովանդակային բարեփոխումների փուլ: Ըստ էության, սա բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ:

Շատ կարևոր է արձանագրել նաև մի շատ տխուր վիճակագրություն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոս, հետախուզվում են հենց այս հոդվածով: Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ:

Ընդ որում այս թեման փակելու մի քանի փորձեր են եղել, մեխանիզմներ են եղել: Հիշում եք՝ կար օրենսդրական նախաձեռնություն. ամեն բաց թողնված զորակոչի համար վճարում կատարելու դիմաց, ըստ էության, համաներման կիրառում և այլն: Այն  երկար տարիներ կիրառվեց, որոշակի արդյունքներ ունեցավ, բայց ցանկալի արդյունքներ չունեցավ: Հիմա խոսքը մեծամասամբ այն քաղաքացիների մասին է, ովքեր հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման և քրեական գործի պատճառով: Եվ մենք, հաշվի առնելով նաև մեր ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով նաև այն, որ մեր բանակում բարեփոխումների խորը և բովանդակային բարեփոխումների գործընթացն արդեն սկսվել է, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  սա քաղաքական որոշում է, որն ուղված է  նոր փուլ, նոր էջ բացելուն, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերություններում. «Մենք կայացնում ենք այսպիսի քաղաքական որոշում, և դրա պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա: Համոզված եմ՝ սա ճիշտ որոշում է, որովհետև այս ցիկլից դուրս գալու որևէ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button