ԿարևորՀասարակություն

Զորակոչից խուսափելը՝ առանց պատասխանատվության․ գործադիրը քաղաքական որոշում է կայացրել

Կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների նկատմամբ։  Առաջարկը վերաբերում է մինչև պատերազմը՝ 2020–ի սեպտեմբերի 26-ը  ծառայությունից խուսափած 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերին։  

Գործադիրը հույս ունի, որ այս որոշումը Հայաստան է բերելու զորակոչից խուսափած և քրեական հետապնդման մեջ գտնվող  քաղաքացիներին։ Վարչապետի խոսքով՝ կայացվել է քաղաքական որոշում, որով նոր էջ  է բացվելու Սփյուռքի հետ հարաբերություններում։

«Խոսքը մեծամասամբ այն քաղաքացիների մասին է,  որոնք հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման պատճառով, և մենք, նաև հաշվի առնելով մեր ընթացիկ իրավիճակը, նաև այն, որ մեր բանակում բարեփոխումների խորը և բովանդակային բարեփոխումների գործընթաց է սկսվել, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը»,-նշել է Փաշինյանը։

Իրավապահ մարմինների տվյալներով հանրապետությունում հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 90 տոկոսը, հետախուզվում է  ՔՕ 327-րդ հոդվածով, այն է՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:  Նախկինում հայտարարված համաներումներն այս հոդվածի վրա չեն տարածվել։

«Թվում է՝ այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է 44 օրյա պատերազմից հետո ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում։ Բայց այս որոշումը մենք արել ենք նաև հետևյալ նկատառումով ՝ մեր բանակը և զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ, և ըստ էության ՝ սա հնարավորություն է ինչ-որ կետ ֆիքսել և այդ կետից առաջ գնալ»,-ասել է Փաշինյանը։

Մինչև կառավարության այս որոշումը պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիների նկատմամբ այլ մեխանիզմ էր գործում․ 27 տարին լրանալուց հետո նրանք կարող էին  վերադառնալ հայրենիք, ըստ բաց թողած զորակոչերի՝ տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս մեխանիզմը գործել է 16 տարի՝ 2004-ից մինչև 2019 թվականը։ 2020-ից օրենքի գործողության ժամկետը չի երկարացվել:

Խորհրդարանում շրջանառության մեջ էր մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում էր դարձյալ գումարի դիմաց, բայց այլ հաշվարկով քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիներին։ Գործադիրը, փաստորեն, հրաժարվել է այս մեխանիզմներից և որոշել է գնալ համաներման ճանապարհով։  

Ըստ նախագծի՝ համաներումը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնց պատժաչափը  վերջին 10 տարվա ընթացքում կրճատվել է ներում շնորհելու կամ համաներման արդյունքում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան․

«Համաներումը չի կիրառվելու  այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասից հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվում են ՀՀ Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, այսինքն՝ եթե այլ հոդված էլ կա, ապա համաներման ակտը կիրառելի չի լինելու»,-ասել է Բադասյանը։

Նախագծում նախատեսվել է դրույթ, որ համաներումը կկիրառվի նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նախորդ 16 տարվա ընթացքում զորակոչից խուսափելու համար  նախատեսված քրեական պատասխանատվությունից գումարի դիմաց ազատվել  է շուրջ 11 հազար  քաղաքացի։ Ընդհանուր առմամբ՝ պետբյուջե է վճարվել շուրջ 13․5 մլրդ  դրամ։ Ըստ ՊՆ-ի՝ այդ գումարներն օգտագործվել  են ռազմական կարիքների բավարարման համար: 

Ցուցադրել ավելի
Back to top button