ԿարևորՀասարակություն

Գիտնականների աշխատավարձը կբարձրանա

Ի՞նչ է մտածում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ․  ամբողջական կարծիք ձևավորելու համար նա որոշել է լսել ոլորտի պատասխանատուների կարծիքները։

Հենց այդ նպատակով մի քանի օր առաջ նա հանդիպել էր ԿԳՄՍ նախարարին, իսկ այսօր գնացել է Գիտությունների ազգային ակադեմիա՝ լսելու գիտնականներին։ Հանդիպմանը նախագահն ասել է․

«Նպատակը շատ կոնկրետ է և կապված է օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է։ Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների, համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների: Վերջնական որոշում ընդունելուց առաջ կուզեի լսել ձեր կարծիքը»։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգված է․ օրենսդրական փաթեթում հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական ու արդյունավետ համակարգ ստեղծելու ուղիներն ու մեխանիզմները։  

«Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող հոդվածները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ»,-նշել է ԳԱԱ նախագահը։

Ավելի վաղ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրւյցում  Ռադիկ Մարտիրոսյանը խոսել էր նաև Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեոթյանը վերաբերող օրենսդրական կարգավորումների մասին։ Դրանցով  նախատեսվում է Ակադեմիայի լուծարում։ Ակադեմիայի նախագահը տարակուսած էր՝ ինչո՞ւ է առհասարակ նման հարց առաջացել․

«Անհրաժեշտությունը չենք հասկանում։ Ոչ մի տեղ կարգին հիմնավորում էլ չկա։ Իբրև թե ԳԱԱ համակարգի ինստիտուտները լիարժեք անկախ ու ազատ չեն։ Եթե շատ կոպիտ ասենք, ակադեմիայի դեմ է ուղղված այդ ամբողջը։ Այդ օրենքով ակադեմիայի կառուցվածքը խարխլվում է», -ասել էր Ռադիկ Մարտիրոսյանը։

Գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն։ Դրանք են ապահովելու երկրի զարգացումը, -ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝  Ակադեմիայի նիստի մասնակիցներին։ Նշել է, որ առանց գիտություն՝ առաջ գնալ հնարավոր չէ՝ հատկապես  մարդկայինից բացի  այլ ռեսուրս չունեցող Հայաստանի պարագայում․

«Մարդկային ռեսուրսը, գիտությունը և տեխնոլոգիաները մեր երկրի համար բացարձակ անհրաժեշտություն են: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Մենք շատ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այս երկիրը ոտքի կանգնեցնել, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են»:

Գիտության ու կրթության խնդիրներն այսօր նաև կառավարության նիստում են քննարկվել։ Գործադիրը որոշել է ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ գիտական ժամանակակից ու կարևորագույն սարքավորումներ ձեռք բերելու, թեմատիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 2 մլրդ 780 մլն դրամը գիտական կենտրոններին կտրամադրվի Գիտության կոմիտեի միջոցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․«Միայն պարզապես որևէ տողում գումար ավելացնելը ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի։  Շատ կարևոր է հավաստիանալ, որ այն  ներդրումը, որը արվում է, նպատակային կլինի, և մենք համոզված կլինենք, որ դա ծառայում է գիտության զարգացմանը։ Ընդ որում՝ մենք ոլորտին հատվածական չենք նայում։ Նախակրթարանից մինչև գիտական ոլորտ պետք է նույն շղթայի մեջ լինեն, և այդ ֆինանսավորումը պետք է  ճիշտ խողովակներով աշխատի։

2020թվականի պետական բյուջեով ևս կառավարությունը 1․5 մլրդ դրամով ավելացրել էր գիտության ֆինանսավորումը։ Անցած ժամանակն ու գումարի չափը մեծ չեն, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօրվա նիստում ասել է, թե որոշակի հաջողություն արդեն գրանցվել է։ 2022–2025թթ-ին թվականներին էլ գործադիրը ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է նախատեսում։

Ցուցադրել ավելի
Back to top button