ԿարևորՀասարակություն

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ ԶԼՄ-ների դիտարկմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ:

«Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ: Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ: 

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում:

Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները: Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս: Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները: 

Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրման հետ: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ: 

Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից: Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից»: 

Ցուցադրել ավելի
Back to top button