ԿարևորՀասարակություն

Աշխարհում բացառիկ միտում․ ՀՀ գյուղերում կանայք ավելի քիչ են մայրանում, քան քաղաքներում

2020-ից սկսած՝ Հայաստանում մայրական կազմի նվազում ենք արձանագրելու․ ամուսնական տարիք է մտնում նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբին ծնված փոքրաթիվ սերունդը։ Ժողովրդագրական և սոցիալական խնդիրները լուծելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր օրենքի նախագիծ է մշակել։ Դրանով նախ կհստակեցվի, որ բազմազավակ համարվում են 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։ Սոցապ նախարարությունը նաև ուսումնասիրել է առկա ժողովրդագրական վիճակն ու արտասովոր միտում նկատել։

Հայաստանն աշխարհում բացառիկ պատկեր է գրանցում իր այն վիճակագրությամբ, որ գյուղական համայնքներում կանայք ավելի քիչ երեխաներ են ունենում, քան քաղաքային բնակավայրերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանի դիտարկումն է՝ այսպիսի իրավիճակ աշխարհի թերևս ոչ մի այլ երկրում չկա։

«Գյուղական համայնքներում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրերում։ Այսպիսի ցուցանիշով երկիր գոնե ինձ դեռ չի հանդիպել»,-ասում է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյան

Հայաստանի ներկա ժողովրդագրական իրավիճակը մտահոգիչ է նախ և առաջ ծնելիության ցածր մակարդակի առումով։ Անգամ բնակչության պարզ վերարտադրություն ապահովելու համար պետք է ամեն ընտանիք առնվազն 2 երեխա  ունենա: Ընդ որում՝ միայն պարզ վերարտադրության ապահովմամբ էլ  չենք հասնի վերարտադրություն և ծնելիության մակարդակի էական բարձրացման․ մեկնաբանում է նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը․

«Բնակչության պարզ վերարտադրություն ապահովելն իրատեսական է միայն 4 և ավելի երեխաների ծնունդով»։

2020-ից սկսած՝ ամուսնական տարիք է մտնում նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբին ծնված փոքրաթիվ սերունդը։ Այս սերնդի ներկայացուցիչները 40 տոկոսով պակաս են 1980-ականների ծնվածներից։

«Նշանակում է, որ մեր երկրում մայրական կազմի նվազում ենք արձանագրելու, և իրատեսական չէ առաջնեկների թվաքանակի այդպիսի նվազումը փոխհատուցել միայն 3-րդ երեխաների ծնունդով»,-պարզաբանում է Մարկոսյանը։

Հայաստանում ապրող ընտանիքների կազմի մասին ամբողջական տեղեկություն կա 10 տարի առաջվա մարդահամարի տվյալներում։ Պատկերը  2011թ-ից հետո զգալիորեն փոխվել է։ Հաջորդը մարդահամարը պետք է այս տարի անցկացվի, ու դրանում կամփոփվեն նաև վերջին պատերազմների հետևանքով ի հայտ եկած ժողովրդագրական խնդիրները։ Իսկ մինչ  մարդահամարը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծ և այդ նպատակով հետազոտություն անցկացրել։  Ըստ այդմ՝ արձանագրվել է՝ 2010-2019թթ 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքների թիվը նվազել է շուրջ 4%-ով, 6 և ավելի անդամից բաղկացած ընտանիքների թիվը՝ 6%-ով։ Այսինքն՝ վերջին տասնամյակում ընտանիքները գերադասում են ավելի քիչ երեխաներ ունենալ։ Այս իրավիճակի պատճառը միայն սոցիալական չէ՝ կարծում են նախարարությունում։

«Իհարկե, միայն դրամական աջակցությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել․ կարևորագույն խնդիրներից մեկը ծնողների աշխատանքը և երեխաների խնամքը համատեղելն է։ Պետք է բազմազավակ ընտանիքների երկու ծնողին էլ լիարժեք աշխատելու հնարավորություն տանք»,-ասում է Արտակ Մարկոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան

Խնդրի լուծմանը միտված քայլերից մեկը «Դայակ՝ պետության կողմից» ծրագիրն է։ Այն արդեն ավելի քան 400 շահառու ունի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խոստանում է առաջիկայում կառավարությանը  ներկայացնել «Դայակների» ծրագիրը բարելավելու փոփոխությունների փաթեթ։

«Մի քանի ծրագիր ենք նախատեսում․ մասնավորապես, ցանկանում ենք նոր մեխանիզմեր ներդնել մանկապարտեզների, դպրոցների երկարօրյա ծրագրերում։ Արդյունքում երեխայի ծնունդից հետո մինչև 2 տարեկանը ծնողներին կաջակցենք դայակների ծրագրով, հետո մանկապարտեզ-դպրոց համակարգում ծրագրային նախաձեռնություններով»,-ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նոր օրենքի նախագծով՝ բազմազավակ ընտանիքի մորը հնարավորություն կտրվի  իրեն հասանելիք արձակուրդից զատ օգտվել նաև 5-օրյա հավելյալ վճարվող արձակուրդից։ Սոցապ նախարարությունում վստահ են՝ ժողովրդագրական և սոցիալական շատ խնդիրների լուծումը «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում է․ վերջինս հանրային քննարկման փուլն արդեն անցել ու պետք է դրվի խորհրդարանական քննարկման։

Ցուցադրել ավելի
Back to top button