ԿարևորՀասարակություն

15 երեխա՝ մեկ հարկի տակ․ Հայաստանի ամենաբազմազավակ ընտանիքը

Երկու մեծ կաղամբ՝ ընտանիքին մեկ անգամ ուտելու բորշչի համար․եփածը մի օր հազիվ հերիքի։ Մելքոնյանների ընտանիքը Հայաստանում ամենաբազմազավակ ընտանիքն է․ այստեղ մի հարկի տակ 18 հոգի է ապրում։

Պարոն Մարտիկը որդեգիր ընտանիքում է մեծացել, զարմիկն էլ 90-ականներին Ղարաբաղյան պատերազմում զոհվել է․ ինքն էլ որոշել է երեխաներ ունենալ թե՛ իր, թե՛ եղբոր փոխարեն։ Երեխայի ծնունդը օրհնություն է, յուրաքանչյուր երեխայի ծնունդով մեր ընտանիքում դրական փոփոխություն է եղել՝ ասում է ընտանիքի հայրը։

«Ես միշտ լավատես եմ եղել, հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իմ ընտանիքում եղած ամեն ինչը  լավատեսության արդյունք  է։ Երբեք չեմ տրտնջացել, չեմ դժգոհել՝ էս չունենք, էն չունենք։ Շատ խնդիրներ են եղել, հիմա էլ կան, բայց ես լավատես եմ, հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի»,- ասում է Մարտիկ Մելքոնյանը։

Դժվարությունները՝ լավատեսությամբ, խնդիրներն էլ ժպիտով են հաղթահարում, Մարտիկի համար ամենամեծ «դժվարությունը» տան լռության հետ հաշտվելն է։

«Այսօր առավոտյան բոլորը գնացել էին։ Յոթ երեխա՝ դպրոց, երկուսը՝ մանկապարտեզ, մեծերն էլ փոքրերին էին ուղեկցում։ Տանը մնացել էր միայն փոքրիկ Հակոբը, մի խոսքով՝ տունը դատարկվել էր։ Այնքան անսովոր լռություն էր, նստած մտածում էի՝ մի քանի տարի հետո սենց է լինելու մեր տունը»,– պատմում է բազմազավակ հայրը։

Բազմամարդ ընտանիքում ամենափոքրը 2 ամսական Անժելան է՝ Մելքոնյանների թոռնուհին։ Երեխայի խնամքն այստեղ ծնողների հետ  կիսում են նաև 10–ը հորաքույրերն ու 4 հորեղբայրները։

 «Երեխա պահելու, մեծացնելու համար մեծ պատասխանատվություն ու խելք է պետք, պետք է գիտակցես, որ եթե երեխա ունես, ուսերիդ մեծ պատասխանատվություն կա»,– ասում է Մելքոնյանների ավագ որդին։

5 տարեկան Սամվելն ուզում է վարչապետ դառնալ, առնվազն 15 քվե հաստատ ունի․ հարազատ քույրերին ու եղբայրներին կհամոզի՝ իրեն ընտրեն․․. Այստեղ նույնիսկ հյուրերի համար ոտանավոր ասելն է ավելի հեշտ․ ասմունքողին միանգամից 7-8 հոգի հուշում է:

Երբ արդեն բոլորը տանն են, խնդրում ենք բազմոցին մեծից փոքր նստել․ առաջադրանքը բարդ է, խառնաշփոթ է, հավաքվելու համար իսկական «մարդահամար» է իրականացվում, իսկ հետո ակտիվ քննարկում է սկսվում, թե ով որտեղ պիտի նստի։ Բոլորը տեղում են, պարոն Մարտիկը Թումանյանի՝ այս իրավիճակը նկարագրող հայտնի խոսքն է հիշում․

«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի, կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն, կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո միայն ինձնից 1 000 000  հայ կծնվի …»

Այս ընտանիքում 1 զինվոր, 7 դպրոցական ու մանկապարտեզի 2 սան կա։ Արարատի մարզի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի 7 տարբեր դասարաններում Մելքոնյանների ընտանիքից միաժամանակ մեկական ներկայացուցիչ կա։

«Մելինեն սովորում է 2-րդ դասարանում, Սամուելը՝ 3-րդ դասարանում,  Եսթերը՝ 5-րդ, Արմինեն՝ 6–րդ, Սառան՝ 7–րդ, ես՝ 9–րդ, իսկ Մարիամը՝ 11–րդ։ Ամեն մեկն իր դասն անելու ժամը գիտի, դպրոցից գալիս ենք, հաց ենք ուտում, մի քիչ խաղում ենք, հետո մինչև ժամը 5-6-ը խմբակային նստում, դաս ենք անում»,– պատմում է Նազելի Մելքոնյանը։

Մելքոնյանների ընտանիքի նման Հայաստանում բազմազավակ շուրջ 8800 ընտանիք կա։ 6500–ը 4 երեխա ունեն, 2300-ը՝ 5 և ավելի։ 2019-ին ծնված երեխաներից միայն 1260–ն են ընտանիքում 4-րդը եղել, մինչդեռ 1990–ին այդ թիվը 4000 էր։ Ավելի քիչ են 5-րդ և հաջորդ երեխաները․ 2019-ին հանրապետությունում շուրջ 400 երեխա է ծնվել, որը եղել է ընտանիքի 5-րդ կամ հաջորդ երեխան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանն այս թվերը մտահոգիչ է համարում,  ասում է՝ հենց այս նպատակով էլ մշակել ու հանրային քննարկման են ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» նոր օրենքի նախագիծը։  Դրանում ամենակարևորը, ըստ Մարկոսյանի, «բազմազավակ ընտանիք» հասկացությունը սահմանելն է։

«Այս օրենքով աջակցության շատ  տեսակներ են նախատեսված՝ սկսած դրամական աջակցությունից, առողջապահական ապահովագրման նախատեսումից մինչև  երեխաների կրթության հնարավորություններ ։ Մեծ աջակցություն է նախատեսվում նաև բնակարանային խնդիրների լուծման համար․ այս ցանկը պետք է շարունակական լինի՝ կախված իրավիճակից և պետության հնարավորություններից»,– ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

Եթե ընտանիքը  շատ երեխաներ ունենալու ցանկություն ունի, ապա պիտի նախօրոք իմանա այն աջակցության ու արտոնությունների մասին, որոնք բազմազավակ ընտանիքում մեծացող երեխայի համար ավելի լավ ապագա կապահովեն՝ ասում է Արտակ Մարկոսյանը․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյան

«Մենք պետք է բարձրացնենք նաև բազմազավակ ընտանիքների դերը, պետք է իրենք չասոցացվեն անապահովության հետ։ Պետք է «ներարկել», որ բազմազավակ ընտանիքը հաջողված է, նրա երեխաները լավ կրթություն են ստանում և կդառնան լավ մարդ պետության և հասարակության համար»,– մեկնաբանում է նախարարի խորհրդականը։

Միայն դրամական աջակցությամբ հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել՝ վստահ են սոցապ նախարարությունում, կարևորում են, որ ծնողները կարողանան համատեղել աշխատանքը և երեխաների խնամքը։ Նոր նախագծի համաձայն, օրինակ, բազմազավակ ընտանիքի երեխան առաջնահերթություն կունենա նախադպրոցական կրթական հաստատություններում։

«Գոնե պարզ վերարտադրությունը ապահովելու համար իրատեսական է միայն 4-րդ և ավելի երեխաների ծնունդը։ Հենց այս միտումից ելնելով՝ «բազմազավակ ընտանիք» կարգավիճակի համար սահմանվել է 4 և ավելի երեխա, այսինքն` պետությունը նաև մեսիջ է հղում, որ իր համար կարևոր է հենց ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը։ Հենց սրանով է պայմանավորված, որ սահմանվել է 4 և ավելի երեխա, բայց սա չի նշանակում, որ մինչև 4-րդ երեխաների համար աջակցություններ չեն լինելու»։

Մելքոնյանների ընտանիքում իրենց կարգավիճակը սահմանող նոր օրենքի նախագծին ծանոթ են, մասնակցել են հանրային քննարկմանը և սպասում են, որ օրենքի ընդունումից հետո բազմազավակ ընտանիքներն ավելի շատ հնարավորություններ կունենան, կկարողանան լրացուցիչ գույք ձեռք բերել, աշխատել և օգտվել պետական կայուն աջակցությունից ոչ թե անապահով, այլ զավակներով հարուստ լինելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button