Գերդաստաններ

Ինչպե՞ս ճարտարապետը կարողացավ իր կառույցի դիմաց դնել հայ վրիժառուի կիսանդրին․ «Գերդաստաններ»

Նախորդ դարի 60-70-ական թվականներն էին։ Ճարտարապետ Մարտին Միքայելյանի նախագծով Հանքավանում կառուցվում էր 2500 տեղանոց առողջարանային մեծ համալիր։

Մի օր նրան են մոտենում Թորգոմ և Սերոբ անուններով երկու ծերունի։ Ներկայանում են՝ Խոտորջուր գյուղից են։ Այն ցեղասպանությունից հետո հիմնել էին Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառից եկած գաղթականները՝ Արտաշես Գևորգյանի գլխավորությամբ։

Պարզվում է, որ ծերունիները նրա եղբայրներն էին։ 1922 թվականին Թիֆլիսում Արտաշես Գևորգյանի վրիժառու գնդակի զոհ է դառնում Հայոց ցեղասպանության գլխավոր հանցավորներից մեկը՝ Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշան։ Իսկ արդեն 1937 թվականին խորհրդային իշխանությունները գնդակահարում են Արտաշես Գևորգյանին։

Նրա եղբայրները ճարտարապետ Մարտին Միքայելյանին խնդրում են նոր կառուցվող առողջարանը Խոտորջուր անվանել։ Ճարտարապետին հաջողվում է ոչ միայն այդ կառույցը պաշտոնապես Խոտորջուր անվանել տալ, այլև դրա դիմաց տեղադրվում է Արտաշես Գևորգյանի կիսանդրին։

Իհարկե՝ Հանքավանի այս առողջարանից բացի Մարտին Միքայելյանը Հայաստանում բազմաթիվ բնակելի շենքերի, առողջարանների, հանգստյան ու մշակույթի տների հեղինակ է։

Այս տարի լրացավ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մարտին Միքայելյանի ծննդյան 95-ամյակը։ Նրա բուռն ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագների մասին լսեք հաղորդման ընթացքում։

Back to top button