ԿարևորՔաղաքական

Շատ հավանական է՝ օրերի ընթացքում ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ թուրքագետը հիմքերն է նշում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ը, շատ հավանական է, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ԱՄՆ-ից քայլեր ենք արդեն տեսնում։

Ապրիլի 7-ից  ուժի մեջ կմտնեն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները  Թուրքիայի պաշտպանական ոլորտի մի շարք ներկայցուցիչների նկատմամբ։ Իսկ Ցեղասպանության ճանաչման հարցում  մոտ երկու շաբաթ առաջ Բայդենի վարչակազմից տեղեկության տարածվեց, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

Թուրքագետը հակված է կարծել, որ այս տարի ԱՄՆ-ի կողմից ճանաչում ենք տեսնելու։ «ԱՄՆ-ը լուրջ պետություն է, եւ Բայդենն էլ Թրամփ չէ, որ մի բան ասի, այլ բան անի։ Բայդենի վարչակազմից հենց այնպես նման հայտարարություն չէր հնչի։  Ես հույս ունեմ, որ Բայդենն, այնուամենայնիվ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։  Գիտենք, որ Սենատն արդեն հաստատել է ճանաչման բանաձեւը, թեեւ Թրամփը չստորագրեց այն, բայց նման մի օրենք գոյություն ունի, եւ երկրորդ անգամ Սենատը կարիք չունի բանաձեւը ներկայացնել նախագահին։ Սենատը կարող է Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ նիստ գումարել եւ ձայների 2/3 դեպքում Կոնգրեսում այն արդեն կհաստատվի։ Այդ պարագայում այլեւս նախագահի վավերացման կարիքը չի լինի․ օրինագիծն ընդունված եւ վավերացված կհամարվի»,-ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։  

2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։  Բանաձևն ընդգծում է, որ ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունը: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։  Նույն տարվա՝ 2019-ի հոկտեմբերին էլ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ։

Անկարան ստիպված է զիջումների գնալ․ ուժի մեջ են մտել ԱՄՆ մի շարք պատժամիջոցներ

Ապրիլի 7–ից ուժի մեջ են մտնում Թուրքիայի պաշտպանական ոլորտի մի շարք անձանց, այդ թվում՝  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրի նկատմամբ ԱՄՆ սահմանած մի շարք պատժամիջոցներ։ Դրանք սահմանվել էին Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ  գործակցության համար։

Ուշագրավ է, որ իբրեւ պատժամիջոցների պատճառ չի նշվում ռուսական С-400-ների գործարքը, որոնց գնման համար Վաշինգտոնն Անկարային սպառնացել էր պատժամիջոցներով։ Ռուսական С-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ–ը Թուրքիային հեռացրել էր ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից եւ զգուշացրել, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 –ների գործարքի համար լուրջ հետեւանքներ են սպասվում Անկարային։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ՝ Անկարան արդեն զիջումների է գնում՝ ի պատասխան ԱՄՆ սահմանած պատժամիջոցների։ Որպես օրինակ՝ մասնագետնը մատնանշում է Էգեյան ու Միջերկրական ծովերից թուրքական նավերի դուրսբերումը։ «Թուրքիան հենց այնպես, հանուն Պուտինի, չի կարող ԱՄՆ-ի հետ բարեկամությունից հրաժարվել, ստիպված կլինի զիջումների գնալ»,-ասում է թուրքագետը՝ շեշտելով, որ Թուրքիան խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի  տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավկովկասյան քաղաքականության իրականացման համար, թշնամական մոտեցում է դրսեւորում Հայաստանի նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button