Սպասում

Պատերազմն ավարտվի, գնամ, գրկեմ Շուշանիս․ «Սպասում»

Շուշանիկ Դուլգարյանն աշխատավայրում էր, երբ իմացավ ամուսնու վիրավորվելու լուրը և ուշագնաց եղավ: Զանգահարել էին Ստեփանակերտի հոսպիտալից, բուժքրոջ ձայնում տագնապ չկար, պարզապես տեղեկացնում էր, որ Շուշանի կողակիցը՝ Լևոն Վիրաբյանը, վիրավոր է, չի կարողանում խոսել:

Սակայն կնոջ մտքով ինչ ասես անցնում էր. գուցե իրեն խաբո՞ւմ էին: Լևոնն իսկապես չէր կարողացել խոսել, միայն հասկացրել էր, որ թուղթ ու գրիչ է ուզում ու գրել էր. «Պատերազմն ավարտվի, գնամ, գրկեմ Շուշանիս»:

Շուշանի համար պատերազմի բոլոր օրերն էին ծանր ու երկար, որովհետև լույսը բացվում էր Լևոնի զանգին սպասելով ու ավարտվում նույն սպասումով:

Պատերազմի ամենածանր օրերից մեկը ոչ միայն Լևոնի վիրավորվելու լուրը ստանալն էր, այլ հենց առաջին օրը, երբ երևանյան սուպերմարկետներից մեկում, դրամարկղի մոտ նստած, աշխատում էր, երբ մի քանի զինվորական մտան ներս, նրանց մեջ նաև Լևոնը:

Գրկախառնվեցին ու իրար հրաժեշտ տվեցին։ Երեսունհինգ օր Արցախում մնալուց հետո Լևոնը կարողացավ գնալ, գրկել Շուշանին:

Back to top button