ԿարևորՀասարակություն

Արմանը գտել էր ապրելու ամենալավ տեղը՝ Հադրութը

Պատերազմը չթողեց, որ նրանց ցանկություններն իրականանան։ Ավագ լեյտենանտ Արման Ասրյանն արդեն 4 տարի է անցել էր ծառայության Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես կառավարման դասակի հրամանատար: Պատերազմի առաջին օրերից մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է ամենաթեժ կետերում։ Լեյտենանտը որոշել էր` պսակադրվելու է փետրվարին ու ապրելու էր Հադրութում։

Հասմիկն ու Արմանը նշանվել էին անցյալ տարի, այս փետրվարին պիտի ամուսնանային ու ապրեին Հադրութում։ Այդպես որոշել էր Արմանը։ Նա  4 տարի ծառայում էր Արցախում. հրետանավոր էր։  Հադրութում տուն էր  վարձել, կահավորել:

Հասմիկը մի քանի անգամ նրան հորդորել էր տեղափոխվել Հայաստան,  ու համատեղ կյանքն սկսել այստեղ, բայց Արմանն անդրդվելի էր: Ասել էր՝ «գտել եմ Հադրութը՝ ապրելու ու վայելելու ամենահրաշալի տեղը»: Պատերազմը չթողեց, որ ցանկությունն իրականություն դառնա: 

«Ինչպես ինքն է ասում՝ կյանքը հիսուն-հիսուն է։ Հիսունն իր կյանքն է, հիսունը՝ երկրի։ Ուղղակի ինքն իր կյանքը տվեց, որ մենք ապրենք»։

Հասմիկը չի կարողանում մեկ բառով բնութագրել սիրելի մարդուն: Հիշում է՝ նրա կողքին միշտ ապահով էր, նրա խոսքը արժեք ուներ: Պատերազմի օրերին, երբ զանգում էր, զինվորականի քչախոսությամբ ասում էր ընդամենը 1-2 նախադասություն, որին չհավատալ չէիր կարող.  

 «Հանգիստ եղեք, դուխներդ չգցեք, միչև գամ»:

Ավագ լեյտենանտ Արման Ասրյանը ծնվել է 1995 թվի օգոստոսի 9-ին, Աբովյանում: 2013 թվականին ավարտել է դպրոցը, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2017-ին, համալսարանից հետո անցել է ծառայության Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես կառավարման դասակի հրամանատար:

Պատերազմի առաջին օրերից մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է ամենաթեժ կետերում։ Արմանի հերոսությունների մասին ծնողներն իմացել են մարտական ընկերներից:  Տատիկն է պատմում. «Նրանք իրենց ընկերներով ոչնչացրել են Հորադիս քաղաքի ամենաուժեղ կետերը, որ կվնասեր մերոնց։ Իսկ ինքը ոչ մի բառ չէր ասում»։

Հրետանավոր Արմանը հաշվարկներում երբեք չի սխալվել, նրա տված կոորդինատները միշտ ճշգրիտ են եղել. թշնամին ոչնչացվել է: Ընտանիքի անդամներն ընկերներից են իմացել, որ ռազմի դաշտում Արմանն ուրիշ անուն էլ է ունեցել՝ «Գենոցիդ»:

«Պատերազմը դեռ չէր ավարտվել: Ընկերներն Արմանի զոհվելուց հետո եկան, պատմում էին, որ Արմանի տված ցանկացած կոորդինատ եղել է անվրեպ, դիպուկ։ Երկրորդ անգամ հաշվարկ չեն արել, քանի որ իր հաշվարկը եղել է ամենահստակը։  Նրա զենքը Գիադսինդա էր, ու իրեն էլ  կարճ ասում էին գենոցիդ, քանի որ նա միշտ նշանակետին էր խփում, ու մեծ վնասներ էին տալիս թշնամուն»։

Սեպտեմբերի 27-ից հետո Արմանի եղբայրը ևս որոշում է մեկնել Արցախ: Զինկոմիսարիատ գնալիս՝ 47 տարվա բուժքույրը տատը կտրում է ճանապարհը՝ թե ես էլ եմ գալիս:

Տիկին Էլյան հիշում է.  «Ես իրեն հավասար հագնվում եմ, ասում ա՝ տատիկ, դու ուր ես  գալիս, ասում եմ՝  ձեզ կամավոր կարելի՞ է, ինձ՝ չէ՞։  Ես բուժքույր եմ։ Կգամ, կօգնեմ, չմտածես, որ ձեր երկու եղբայրներին ես մենակ կթողնեմ»։ 

Արմանը Ասրյանների ընտանիքի առաջնեկն էր։ Դպրոցական տարիներից  էր որոշել, որ զինվորական է դառնալու։ Մայրը՝ Աննան, պատմում է. «Դեմ էինք, գիտեինք, որ դժվար ճանապարհ է, բայց Արմանն ընտրեց զինվորականի մասնագիտությունը»:

Հետո մոր խոսքը շարունակում է Արմանի տատիկը. «Ես ասացի՝ գուցե հետո փոշմանես, չէ՞ որ դժվար ճանապարհ է, ասաց՝ եթե ես չէ, ապա էլ ո՞վ»:

Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ցանկությունը մեկն է եղել՝ ծառայությունը շարունակել Արցախում։ Ասել է՝ Արցախը մեր սահման է, սահմանը պետք է պաշտպանված լինի:

Ասրյանների տան մի անկյունում Արմանի մեծադիր լուսանկարն է, հետմահու շնորհված «Մարտական ծառայություն»-ը,  ժամացույցը, հեռախոսը, շնորհակալագրերը։ Պահարանում կախված է  զինվորական համազգեստը։ 

Արմանը զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 19-ին՝ Ամարասի մատույցներում:

Back to top button