ԿարևորՀասարակություն

Հավակնոտ կենտրո՞ն, թե՞ անարդյունավետ ծախս․ ԿԶՆԱԿ-ը պետք է բարելավի կրթության որակը

Երկու տարի առաջ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի հիմքի վրա ստեղծման փուլում է նոր կառույց՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»  հիմնադրամը՝ հավակնոտ նպատակներով ու խնդիրներով։ Այստեղ փորձելու են ոլորտի զարգացման նոր մոդելներ մշակել՝ դպրոցների կառավարումից մինչև հանրակրթության բովանդակության վերանայում ու ուսուցիչների վերապատրաստում։ Մինչ կրթության ոլորտի պատասխանատուները լիահույս են, որ նոր կառույցը կդառնա ոլորտի ուղեղային կենտրոն, փորձագետները կասկածում են դրա արդյունավետության վրա։

Դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն․ այս հավակնոտ նպատակով է ստեղծվում «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը: Կառույցի ստեղծումն արդեն ընթացքի մեջ է։ Այն պետք է համակարգի կրթության բովանդակության վերլուծությունը, մասնագիտական զարգացման, նորարարական և մեթոդական ծրագրերի մշակումը։ Ոլորտի պատասխանատուները դրանց բացն ակնհայտ են համարում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ»-ի լուծարումից հետո։ Կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ իրենց առաջնային խնդիրն է կրթության զարգացման նոր մոդելների մշակումը, որը վերաբերելու է թե դպրոցների կառավարմանը, թե հանրակրթության բովանդակությանը։

«Դրան զուգահեռ՝ նախապատրաստվում ենք ուսուցիչների հերթական վերապատրաստումներին»։

Մինչ կենտրոնի տնօրենը մանրամասնում է կատարված աշխատանքն ու անելիքները, կրթության փորձագետ Արմինե Դավթյանը նորաստեղծ կենտրոնից  մեծ սպասելիքներ չունի։

«Կրթության ազգային ինստիտուտին փոխարինող կառույցը պետք է շատ ավելի հզոր կառույց լիներ, որպեսզի կրթական ոլորտի  բացերը կարողանա գիտահեռազոտական մակարդակով լուծել։ Ի՞նչ կառույց է հիմա ստեղծվել։ Ստեղծվել է մի կառույց, որտեղ առանձին բաժիններ են բացել, յուրաքանչյուր բաժնում մեկ աշխատող, որոնք պետք է ուսուցիչներին մեթոդական աջակցություն ցույց տան։ Սա աբսուրդի ժանրի նախագիծ է։ Ուսուցչին չի կարող մեթոդական աջակցություն ցույց տալ մի մասնագետ, որը  դպրոցից ընդհանրապես գաղափար չունի»։

Կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը փորձագետի հետ համաձայն չէ։ Թեմատիկ նյութերի վրա, բացի կենտրոնի մասնագետներից, աշխատում են նաև hանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչներ՝ ասում է։

«Արդյունքում առարկայի ողջ տարվա թեմատիկ պլանավորումից հետո նյութերը հրապարակվելու են, որտեղ ուսուցիչները հանդես են գալու որպես համահեղինակներ»։

Նորաստեղծ կենտրոնը դեռ ձևավորման փուլում է։ Ժամանակ կպահանջվի աշխատակազմը մրցույթներով ձևավորելու համար, հետո արդեն ավելի հեշտ կլինի կենտրոնի աշխատանքն ու արդյունավետությունը գնահատել՝ վստահ է կենտրոնի տնօրենը։ Ի դեպ՝ նորաստեղծ կենտրոնի ձևավորվող աշխատակազմում առավելություն է տրվում ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին։ Եվ եթե նախարարությունում այս մոտեցումն արդարացի են համարում, կրթության փորձագետ Արմինե Դավթյանը կենտրոնի ձևավորման թերևս ամենամեծ բացը հենց այստեղ է տեսնում։

«Առավելությունը տրվում է նախկին ԿԱԻ-ի աշխատողներին, այն դեպքում, երբ նախկին ԿԱԻ-ն քննադատում էին, որ դպրոցից կտրված կառույց է։ Այդ քննադատության հողի վրա քանդվեց ԿԱԻ-ն։ Հիմա նույն ԿԱԻ-ի աշխատողները գնում, դառնում են բաժնի աշխատակիցներ։ ուղղակի անիմաստ ու բարձր էլ աշխատավարձ պետք է ստանան, մոտ 200.000 դրամ, ավելի բարձր, քան ուսուցիչները։ Ես հնարավոր արդյունավետությունը գնահատում եմ շատ ցածր»։ 

Արտաշես Թորոսյանը շտապում է հակադարձել փորձագետին։

«Մենք ընդունել ենք երկու բաժնի աշխատակիցների, բոլորին՝ մրցույթի արդյունքներով։ Նրանք հիմա էլ բավականին արդյունավետ աշխատում են։  Ես կարծում եմ, որ, իհարկե, փորձագետներին պետք է լսել։ Բայց մյուս կողմից էլ պետք է աշխատանքին օբյեկտիվորեն նայել։ Ոչ ոք չի կարող պնդել, որ ԿԱԻ–ում բոլոր աշխատողներն աշխատել են անարդյունավետ։ Լավ մասնագետներ աշխատել են, և նրանց հետ աշխատանքը շարունակելը, կարծում եմ, սխալ չէ։ Համենայն դեպս, մեր առաջիկա աշխատանքը դա ցույց կտա»։ 

Կենտրոնի տնօրենը նկատեց, որ ցանկացած կառույց իր առաքելությունն ունի, և ԿԶՆԱԿ-ը բոլորովին էլ Կրթության ազգային ինստիտուտի իրավահաջորդը չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button