Ժամանակի վկան

Ի՞նչ ակնկալել Մոսկվայի և Կարսի պայմանագրերից մեկ դար անց․ «Ժամանակի վկան»

1921 թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեղարկելն այժմ գործնականում անհնար է, որովհետև 1920 թ․ վերջից հետո Հայաստանը այսքան անօգնական, թույլ չի եղել․ Հովիկ Գրիգորյան։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանի հետ այս հաղորդաժամին կրկին քննարկելու ենք «1921 թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ազդեցությունը տարածաշրջանում 100 տարի անց» թեման, այս անգամ ավելի թիրախավորելով 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը։

Պատմական զուգահեռները վերլուծելիս՝ բանախոսը ներկայացնում է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջացած խնդիրների հանգուցալուծման իր պատկերացումները։ Կարսի կոնֆերանսը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ բանակցությունները, սկսվեցին 1921 թվականի սեպտեմբերի 26-ին և ավարտվեցին հոկտեմբերի 13-ին։

Նույնիսկ երեք հանրապետությունների հետ պայմանագիրն առանձին-առանձին ստորագրել տալու թուրքական պարտադրանքը չի փոխում Կարսի պայմանագրի կարգավիճակը․ այն իրականում Մոսկվայի պայմանագրից արտածված էր և չի կարելի «ինքնուրույն փաստաթուղթ» համարել։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը չնչին տարբերություններ ունեն։

Ի՞նչ ակնկալել Մոսկվայի և Կարսի պայմանագրերից մեկ դար անց՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչական վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ բազմաթիվ ճակատներում հարյուր տարով ետ նահանջեցինք։ Մինչև այժմ էլ այս պայմանագրերի հարցում Հայաստանի պաշտոնական լռությունն անհանգստացնող հանգամանք է Թուրքիայի համար։

Մոսկվայի և Կարսի բանակցությունների ամբողջ ընթացքում, որպես առանցքային խնդիր, քննարկվում էր Կարսի անկումից հետո բազմաթիվ հայ ռազմագերիների՝ զինվորական և քաղաքացիական անձանց, ազատման հարցը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ 100 տարի անց, հայ ժողովուրդը նորից բախվեց նույն ցավոտ խնդրին։

Դժբախտաբար Մոսկվայի և Կարսի պայմանագրերն այն փաստաթղթերն են, որոնք հարյուր տարվա կտրվածքով պայմանավորեցին տարածաշրջանային միջավայրն ու հարաբերությունները, որտեղ պատմության կրկնության համար նպաստավոր գործընթացներ զարգացան՝ ո՛չ հօգուտ հայկական հարցի։

Արցախյան պատերազմը նշված երկու պայմանագրերի ուղղակի և անուղղակի հետևանքն է։ Ամփոփելով հաղորդումը՝ բանախոսը պատասխանում է նաև «Ի՞նչ անել և ինչպե՞ս շարունակել ապրել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ձևավորված իրականությունում» հարցին։

Ցուցադրել ավելի
Back to top button