ԿարևորՎերլուծական

Ոչ թե մեր հաշվին, այլ՝ մեզ հետ միասին․ քաղաքագետը՝ տարաշածրջանային ծրագրերի մասին

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին Ղազախստանի առաջին նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել այն համատեքստում, թե  ում էր այն հասցեագրված և ինչ նպատակ էր հետապնդում՝  «Ռադիոլուրին» ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ վերլուծելով Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը։

Փորձագետը նկատել  է՝  թյուրքալեզու ժողովուրդների միջև կապը Զանգեզուրի միջոցով  ամրապնդելու մասին գագաթաժողովին խոսվել է՝ առանց ՀՀ–ին հարցնելու։ «Դա մոտավորապես նույնն է, թե հայտարարես քո ցանկությունների մասին՝  առանց երրորդ կողմի համաձայնության»։

ՀՀ–ի դիրքորոշումը կարևոր է ցանկացած հայտարարությունից առաջ

Ըստ Մարկարովի՝  ՀՀ–ն միշտ է հայտարարել տրանսպորտային, առևտրային միջանցքների մաս կազմելու իր պատրաստակամության մասին, որոնք առաջարկել է Չինաստանը։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հայտարարությունն արվել, իսկ  ՀՀ–ի տարածքը որպես հնարավորություն  դիտարկել  է՝ առանց սուվերեն պետության դիրքորոշումը հաշվի առնելու ՝ ասում է վերլուծաբանը և ընդգծում՝ բոլոր նախագծերը պետք է քննարկվեն ու իրականանան թե մեր հաշվին, այլ՝ մեզ հետ միասին։

Ի՞նչ էր ասել Նազարբաևը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում ընդգծել էր Թյուրքական խորհրդի անդամ պետությունների հսկայական ներուժը փոխադարձ առևտրի և ներդրումների ավելացման հարցում՝ այս համատեքստում կարևորելով Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագիրը։

«Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագիրը հնարավորություն կտա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհն այդ ուղղությամբ, ինչը կբարձրացնի Կասպից ծովի դերը: Դա մեր երկրների համար նոր հնարավորություն կբացի արդյունավետ օգտվելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առավելություններից», — ասել էր Նազարբաևը: Նա նշել էր,  որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որն այլ կերպ անվանվում է Թուրանական միջանցք, դառնալու է ամենաապահով և ամենակարճ առևտրային ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև։

Back to top button