Մտքի ուժը

Կանխատեսե՞լ, թե՞ արձանագրել երկրաշարժը․ գիտնականները հարցի պատասխանն ունեն, հանրությունը՝ ոչ․ «Մտքի ուժը»

Գառնիի հայտնի երկրաֆիզիկայի դիտակայանի առաջին հարկից բացվում է մուտք դեպի հայտնի թունելախորշ, որի դուռը միշտ փակ է։ Այն մոտավորապես Երևանի մետրոպոլիտենի թունելախորշի տեսքն ունի, միայն թե այստեղ ռելսեր չկան։ Լուսավոր է ու լուռ։ Սեյսմակայանները գրանցում են երկրակեղևի ցանկացած շարժ։ Մինչ մենք 60 մետր խորության տակ քայլում էինք, վերևի հարկում արձանագրվում էին մեր ամեն մի քայլը։

Թունելն ունի հայերեն Գ տառի տեսք։ Ընդհանուր երկարությունը 192 մետր է, ջերմաստիճանը կայուն է՝ 18 աստիճան։ Թե օրվա մեջ քանի ժամ են մասնագետները Գառնիի դիտակայանում երկրաշարժ արձանագրում, դժվար է ասել, հստակ է, որ այստեղ ֆիքսում են աշխարհի տարբեր անկյուններում արձանագրվող երկրակեղևի շարժերը։

1679 թվականին հենց այս գոտում տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով էր, որ ավերվեց Երեւանը, այն ժամանակ Երեւանին մոտ գտնվող Քանաքեռը ու հարեւան այլ բնակավայրեր, եղան հազարավոր զոհեր։

Այս դիտակայանը, ի դեպ, նախկինում գիտական կենտրոն էր։ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը 2012թ. մարտի 15-ին կառավարության որոշմամբ հանձնվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին։

Երկրաշարժերը լինում են միշտ, պարզապես հանրությունը չի զգում դրանք։ Երկրակեղևը ակտիվ էր հատկապես փետրվարին։ Գիտնականները ժամանակահատվածն ուսումնասիրում են, բացահայտել են, որ երկրաշարժեր գրանցվում են հայտնի խզվածքներում։

Միայն 2020–ին Գառնիում գրանցել են տարածաշրջանի եղած 1665 երկրաշարժ, դրանցից մի քանիսն ենք միայն զգացել մենք։

Սեյսմոլոգիական ցանցերն արձանագրում են նաև հետցնցումները։ Որքան ուժեղ է երկրաշարժը, այդքան երկար են տեւում հետցնցումները։ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տվյալների հավաքման, օպերատիվ մշակման և վերլուծության բաժնում 24 ժամ հերթապահում են։

Այստեղ ստացվում են սեյսմիկ կայանների տվյալներն ու երկրաֆիզիկական, երկրաքիմիական կայանների տվյալները։ Հնարավոր երկրաշարժի ռիսկերն այստեղ նաև ջրի բաղադրության անոմալ փոփոխություններով են արձանագրում։

Back to top button