Սփյուռքի ձայնը

Նորարարականի և ավանդականի սահմանագծին․ «Սփյուռքի ձայնը»

Նորարարակա՞ն, թե՞ ավանդական. ինչպիսին պետք է լինի այսօրվա հայկական երաժշտությունը՝ մարդկանց սիրտը գրավելու համար։ Լիբանանահայ երաժիշտ, հայրենադարձ Սերուժ Բաղդասարյանն ասում է, որ պետք է ազգայինը, հայրենասիրականը, ավանդականը նոր շնչով ու ժամանակակից մոտեցմամբ ներկայացնել։ Սա է այսօր պահանջում եւ հայ, և ոչ հայ լսարանը։

Սերուժ Բաղդասարյանը ծնվել է Լիբանանում: Երիտասարդ երաժիշտը Լիբանանում՝ հատկապես հայկական շրջանակում մեծ ճանաչում ունի: Բայց քանի որ մեր հայրենակիցն այսուհետ ապրելու է մեր կողքին` իր հայրենիքում, պետք է նաև հայաստանցիները նրան ճանաչեն:

Սերուժ Բաղդասարյանը նշում է, որ Լիբանանում ապրելու տարիներին հայկական համայնքի համար կազմակերպվող շատ միջոցառումների է մասնակցել, ինչը երիտասարդ հայի համար թե երաժշտական կողմնորոշում ունենալու, թե ազգայինին կապվելու լավ առիթ է եղել:

Երաժշտական կրթություն չունի, նրա ուսուցիչները ծնողներն են և ընտանիքը: «Հայրս գործիքավորող է, մայրս՝ երգչուհի: Երգում է նաև քույրս, իսկ եղբայրս օգնում է հորս: Մի խոսքով, բոլորս երաժշտության, և՝ հատկապես հայկական երաժշտության, տարածողներից ու ջատագովներից ենք»,- ասում է Սերուժը:

Հայրս շատ հայտնի հայ երաժիշտների հետ է աշխատել, համերգներ է ունեցել տարբեր համայնքներում՝ ավելացնում է Սերուժը: Նա հիշում է այն ժամանակները, երբ Լիբանանում հայկական համայնքը մեծ էր, ակտիվ, ինչն էլ շատ երաժիշտների օտար միջավայր ու այլ ասպարեզ դուրս գալու առիթ չի տվել, թեև Լիբանանում շատ հնարավորություններ են եղել ճանաչում ու առաջխաղացում ունենալու համար:

«Լիբանանում հնարավորություններ եղել են հայկական շրջանակից դուրս գալու, սակայն հայության ներքին կարգուկանոնին հետևող յուրաքանչյուրը իրեն դրսևորում էր հայկական միջավայրում, հայության համար»,- ասում է Սերուժը։

Վերջին տարիներին հայ համայնքը նոսրանում է: Սա շատերի համար աշխատանքները ներկայացնելու համար խոչընդոտ է ստեղծում: Ինքը՝ Սերուժ Բաղդասարյանը նաև ծրագրավորման մասնագետ է, դա օգնում է և երաժշտությունն ավելի ժամանակակից, և, իհարկե, հասանելի դարձնել ամբողջ աշխարհին:

«Երաժտության միջոցով գումար կարելի է աշխատել, սակայն իմ պարագայում՝ հակառակն է: Քանի որ ես վեբդիզայներ եմ, ունեմ այլ աշխատանք և եկամուտ, ինքս եմ գումար ներդնում երաժշտական գործունեությանս համար»,- անկեղծանում է երիտասարդ երաժիշտը:

Սերուժ Բաղդասարյանը մոտ երկու տասնամյակ առաջ է սկսել գործիքավորմամբ զբաղվել: Նա փնտրում, գտնում է հայկական այնպիսի երգեր, որոնք կամ չեն կատարվել, կամ դրանց քիչ են անդրադարձել: Նոր մոտեցում, նոր ասելիք. երիտաարդ երաժիշտ Սերուժ Բաղդասարյանը դա բացատրում է մեր երաժշտությունը մասսայականացնելու հանգամանքով:

Ասում է, որ հայկական երգին պետք է ծանոթ լինեն նախ հայերը, հետո՝ այլազգիները: Սերուժ Բաղդասարյանը, ով մեծացել է հայկական երգերով, հայկական միջավայրում, այսօր փորձում է հայրենասիրական ու ազգային երգերը նոր գործիքներով ու նոր մոտեցմամբ ներկայացնել:

«Նեմեսիս». այսպես է կոչվում նոր աշխատանքը, որն իրականացրել է «Առաքել Մուշեղ» երգի հիման վրա: «Մեկ տարի և ավելի աշխատել եմ այս գործի վրա, սա իմ ամենասիրված ու հաջողված աշխատանքներից է»,- ասում է նա:

Սերուժ Բաղդասարյանը նաև ֆիլմերի համար սաունդտրեկներ է գրում: Լիբանանում ապրած տարիներին աշխատել է ռեժիսոր Պարետ Մարոնյանի հետ՝ նրա ֆիլմերում իր երաժշտությունն օգտագործելով: Ասում է, որ կարող է շատ հետաքրքիր գործեր ստեղծել, եթե ֆիլմարտադրողներից լինեն լավ առաջարկներ:

Ցուցադրել ավելի
Back to top button