Սփյուռքի ձայնը

Թուրք համայնքի ագրեսիային նախկին ԽՍՀՄ երկրներում հակազդելու համար նաև գրքեր են պետք․ «Սփյուռքի ձայնը»

Վերջին պատերազմից հետո հատկապես նախկին խորհրդային երկրների հայ համայնքի ներկայացուցիչների համար մի նոր անհանգստացնող հանգամանք է առաջացել։ Խոսքը թուրք-ադրբեջանական համայնքի ներկայությունն է այդ տարածքում ապրող յուրաքանչյուր հայի առօրյայում: Եկատիրինբուրգի հայ համայնքի մշակութային նախագծերի համակարգող Լուսինե Ուստյանն ասում է, որ հայրենիքից ստացված գրքերն ու մեթոդականները կարևոր են նաև այն առումով, որ երբ մշակութային ու պատմական հարցերի շուրջ զրույցներ են լինում, մենք պետք է գիտելիքներ ու փաստեր ունենանք:

«Հատկապես պատերազմից հետո, նրանց վերաբերմունքն ու հայացքները փոխվել են: Մեր համայնքը մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի իրավիճակը կայուն պահի, հակառակ դեպքում համայնքի երիտասարդների և մեր թշնամի համայնքի միջև հաճախակի բախումներ կլինեն»,- ասում է Լուսինեն:

Ու պատահական չէ, որ մայրերնի լեզվով դասագրքեր եւ գրքերն այսօր ամենաակնկալված օգնությունն ու աջակցությունն է հայրենիքից։ Սակայն Ռուսաստանի Եկատերինբուրգի հայ համայնքն արդեն երեք տարի չի կարողանում գրքեր ստանալ Հայաստանից։

Համայնքի մշակութային ծրագրերի համակարգող Լուսինե Ուստյանը նշում է, որ այսօր խնդրում և սպասում են, որ տարբեր գրքեր հասցնեն իրենց՝ կլինեն դրանք հայ մշակույթի, պատմության մասին, թե, որ ամենակարևորն է, առարկայական դասագրքեր:

«Իհարկե, համացանցը տալիս է հնարավորություն տեղեկություններ ստանալ, սակայն գրքերից ստացած հաղորդագրությունը որևէ համացանցային կայքում չենք գտնի»,- ավելացնում է Լուսինեն:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջերս այցելեց Ռուսաստանի մի քանի հայ համայնքներ, այդ թվում` Եկատերինբուրգի: Ինչպես նշում է Լուսինեն, դիմել են նաև նրան։ Այս հարցով այսօր զբաղվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` պատասխանել է հանձնակատարը:

Եկատերինբուրգի հայ համայնքին դասագրքերով ապահովման խնդիրն արդեն մի քանի տարի պատշաճ չի իրականացվում։ Ինչո՞ւ են տեղափոխման խնդիրներ առաջանում եւ ո՞վ է պատասխանատու։ Հայ համայնքից եկած այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ Սփյուռքի բաժնի մասնագետ Թամար Զալինյանին:

«Տարիներ առաջ մենք էինք իրականացնում Սփյուռք դասագրքեր տեղափոխելու հարցը: Հետագայում այն իրականացրեց Սփյուռքի նախարարությունը, և արդեն մի քանի տարի է նորից մեր ծրագրերի մի մասն է այն կազմում»,- ասում է Թամար Զալինյանը:

Գործընթացն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ.
• պետք է հայտ ուղարկել
• կապ հաստատել նախարարության հետ
• տարվա ընթացքում սպասել գրքերի առաքման։

«Նախորդ տարի մենք կարողացանք միայն Վրաստան եւ մի քանի այլ երկրներ ուղարկել: Ինչ վերաբերում է ՌԴ-ը, ապա այս երկիր մեր աշխատանքները մի քիչ թերի էին՝ կապված երկրում և աշխարհում ստեղծված մի շարք խնդիրների հետ: Սակայն, եթե մեզ դիմող երկրների հայ համայնքները կամ, որ ավելի առարկայական է, դպրոցները, ցանկություն են հայտնում իրենց միջոցներով կազմակերպել գրքերի տեղափոխումը, ապա, բնականաբար, գրքերն ավելի շուտ են իրենց հասնում»,- ավելացնում է ԿԳՄՍ Սփյուռքի բաժնի մասնագետը:

Ի դեպ, Թամար Զալինյանը նաև նշում է, որ նախորդ տարի գրքերի տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունների համար մրցույթ է հայտարարվել, որին որևէ կազմակերպություն չի մասնակցել: Սփյուռքի մասնագետը դա բացատրում է հատկապես տարբեր ծառայությունների թանկացման հետ:

Թամար Զալինյան

Թեև ամբողջ տարվա ընթացքում նախարարությունը հայտեր ընդունելու հնարավորություն ունի, սակայն բուն գործընթացը սկսվում է մարտ ամսին, որպեսզի արդեն սեպտեմբերին գրքերը համայնքներում լինեն, նկատում է Թամար Զալինյանը:

«Ինչ գրքեր, ինչ քանակությամբ և ինչ ժամկետներում հարցերի պատասխաններն արդեն կարող են գտնել նաև մեր նոր կայքում diasporabook.am» կայքում,- ավելացնում է նա:

Back to top button