ԿարևորՎերլուծական

Թբիլիսին առաջարկում է ԼՂ հակամարտության լուծման նոր հարթակ

Թբիլիսիում ողջունում են Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հարթակի ստեղծման մասին արտգործնախարարի հայտարարությունը։ Հարավկովկասյան տարածաշրջանի ապագան ըստ վրացի փորձագետների, պետք է որոշեն բացառապես հարավկովկասյան երեք երկրները։ 

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր հարթակ ստեղծել՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով:  Նրա խոսքով՝ առաջարկվող «3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երեք երկրների և տարածաշրջանի մյուս երեք երկրներ՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ անընդունելի է Վրաստանի համար: «Մենք ցանկանում ենք ներգրավվել կարգավորման գործընթացում՝ առաջարկելով նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան»,- ասել է վրացի դիվանագետը։

Վրաստանն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունը քննարկել առանց Ռուսաստանի մասնակցության։ Մարտի սկզբին ևս պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ չի ցանկանում մասնակցել Թուրքիայի առաջարկած «երեք+երեք» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով:

Վրացի փորձագետները ողջունում են պաշտոնական այս հայտարարությունը՝ նշելով, որ «3+3» ձևաչափը անիրատեսական էր և Թբիլիսիի, և Երևանի համար։ Վերջինս չէր ցանկանա Անկարայի, Թբիլիսին էլ Մոսկվայի հետ լինել նույն քաղաքական հարթակում։

Ավելին՝ ըստ անվտանգության քաղաքականության ինստիտուտի փորձագետ Դավիթ Բրագվաձեի, «3+3» հարթակի ձևավորումն աշխարհաքաղաքական լուրջ ռիսկեր կբերեր Վրաստանին․ 

«Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են պնդել, թե տարածաշրջանի հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ։ Դա նշանակում է նրանք գործընթացից դուրս են հանում Եվրամիությանն ու ԱՄՆ-ին»։

Իսկ Վրաստանն առաջարկում է Թբիլիսին՝ որպես երկխոսության վայր՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ․ համարում է, որ այս տարածաշրջանում Արևմուտքի միակ և ամենավստահելի գործընկերն է։

Անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Մայիսայան դեռ տավուշյան լարվածության օրերին էր մի խումբ գործընկերների հետ իշխանություններին կոչ արել՝ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ բանակցելու Թբիլիսիում․

«Թբիլիսին պետք է դառնա խաղաղության գոտի այդ լուրջ հակամարտության լուծման համար։ Մենք պետք է հարթակ տրամադրենք, որտեղ տարածաշրջանի այս խնդիրը կլուծվի բացառապես միջազգային գործընկերների մասնակցությամբ»։

Ասում է Մայիսայան՝ նշելով, որ հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությունը նաև Վրաստանի ողբերգությունն է։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում կովկասյան ողջ տարածաշրջանի համար, ասում է փորձագետ Ալեքսանդր Ռուսեցկին. «Չլուծված այդ հակամարտությունն ազդում է նաև մեր հակամարտությունների վրա։ Այնպես որ, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորումը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ու հասարակություն չի կարող սառնասրտորեն նայել հարևանների միջև տեղի ունեցող իրադարձություններին։

Back to top button