ԿարևորՀասարակություն

Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում համալսարանում ուսուցում կանցնեն երկաթուղու 15 մասնագետներ: Ընդ որում դա կարող են լինել, ինչպես ընկերության կողմից վերապատրաստմանն ուղարկված գործող երկաթուղայիններ, այնպես էլ ոլորտում աշխատելու ցակնություն հայտնած դիմորդներ:

Ստորագրման արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ սույն հուշագրի կնքումով ռուսական ենթակառուցվածքային ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանում կրթական ծրագրերի ոլորտում, իսկ ՀԿԵ-ի և համալսարանի համագործակցությունը միտված կլինի «կրթություն — գործնական գործունեության տեխնոլոգիա» շղթայում կապերի զարգացմանը: Դիվանագետի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր ներդրում են կատարում Հայաստանի սոցիալ-տնտեսաական զարգացման և առհասարակ երկկողմ հարաբերությունների գործում:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ այս համաձայնագիրը լավ հիմք կդառնա Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքային զարգացման համար:

«Այսօր այս բուհի շատ շրջանավարտներ արդեն աշխատում են մեր ընկերությունում, և նրանցից շատերը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ՝ իրենց դրսևորելով որպես գրագետ և առաջնակարգ մասնագետներ», — ասաց ՀԿԵ ղեկավարը:

Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ երկաթուղու հետ կնքված հուշագիրը կնպաստի գիտական ​​ծրագրերի, ինչպես նաև պրոֆիլային մասնագետների պատրաստման ոլորտում բիզնեսի և համալսարանի համագործակցության զարգացմանը: Որպես հաջող համագործակցության օրինակներից մեկը Վարդանյանը նշեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը 2020 թվականին, ինչը պետք է նպաստի ուսման գործընթացում ռուսաց լեզվի դերի բարձրացմանը:

Հավելենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատոսղները վերապատրաստվում են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացի շրջանակներում:

Ծրագիրը մշակված է հատուկ ՀԿԵ-ի համար և ներառում է «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում», «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը», «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» թեմաները:

Ցուցադրել ավելի
Back to top button