Մտքի ուժը

Ինչպե՞ս երկրորդ հնարավորություն ստեղծել «մահամերձ» գիտության համար․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս ունենալ գիտության նկատմամբ պահանջարկ ձևավորող տնտեսություն։ Մասնագետները համոզված են, որ նախապայմանը բարձր տեխնոլոգիաներ կիրառող տնտեսությունն է։ Նրանց մի մասն ասում է, որ տնտեսությունն այսօր գիտական միտքը կիրառելու ճարտարապետություն չունի, ինչի արդյունքում այսօրվա գիտնականն այսօրվա տնտեսությանը պետք չէ։

ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների ու կենսավառելիքի նորարարական կենտրոնի ղեկավար, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը նշում է, որ իրականում գումար կա, խնդիրը՝ դրանց արդյունավետ բաշխման մեջ է։

«Նորություն չէ, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, սակայն, նաև կարևոր է, թե ի՞նչ ծրագրեր են ստեղծվելու»։

Կարեն Թռչունյան

Թեման շարունակում եմ քննարկել երիտասարդ գիտնական, Երևան N լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ։ Նա չի կարծում, որ գումար կա, բայց և խոստովանում է՝ գիտության մեջ գտնվող ոչ բոլոր նախագծերն են հաջողված։ Արձանագրում է, որ առկա ոչ բոլոր ծրագրերն են լավը, բայց դա կապված է թերֆինանսավորման հետ։

Ավելի հավակնոտ, հետաքրքիր գիտական ծրագրեր իրականացնող երիտասարդների մի մասը ներկա պայմաններով չի համաձայնում աշխատել Հայաստանում ու դուրս է գալիս երկրից։ Իսկ սա բերում է գիտության որակի անկման։

Ֆինանսը գիտության զարգացման ու տնտեսության մեջ կիրառման միակ պայմանը չէ՝ կարծում է Խաչատրյանն ու հիշեցնում՝ գիտնականները մարդիկ են, որոնք իրենց առաջ խնդիր են դնում, լուծում են խնդիրները ՝ ստեղծելով նոր գիտելիք։ Գիտնականի գործը գիտելիք ստեղծելն է։

«Այս պահին մեր գիտությունը մահամերձ վիճակում է։ Ունենք խորհրդային շրջանում ձևավորված գիտական դպրոցներ, որոնց զգալի մասը վերջին տարիներին չի վերարտադրվում»,- ասում է։

Իհարկե բոլոր նախագծերի իրականացման հիմքում ֆինանսներն են։ 2021 թվականի պետբյուջեով գիտությանը բյուջեից հատկացվել է շուրջ 13 միլիարդ դրամ կամ 25 միլիոն դոլար: Պետբյուջեից ֆինանսավորվում է 71 գիտական կազմակերպություն, որից 35-ը ԳԱԱ կազմում են, 21-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ինստիտուտներ են, դրանցից 12-ը՝ բուհեր:

ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղիյանը համոզված է, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա, բայց միայն դրանով խնդիրները չեն լուծվի։

Աշոտ Սաղիյան

«Գիտության ֆինանսավորման ավելացումը կխթանի, որ մասնագետները մնան, աշխատեն։ Բայց ընդհանուր առմամբ պետք է մեծ ծրագրեր ֆինանսավորվեն։ Մինչև բիզնես ծրագրի գաղափարը գիտություն չմտնի, ոչինչ չի լինի։ Մենք պետք է վերափոխենք մոդելը, գործընթացը շատ դանդաղ է գնում»,- ասում է Սաղիյանը։

Գիտության զարգացման ու ապագայի հիմքում գումարն է, համաձայն է Հրանտ Խաչատրյանը, նա ևս կարևորում է հեռանկարի երաշխիքը։ Արտերկում աշխատանքի առաջարկ ունեցող գիտնականը կնքում է մեկ կամ երկու տարվա պայմանագիր, որի ավարտից հետո նա պետք է այլ վայրում աշխատանք փնտրի։ Իսկ երաշխիքի դեպքում արդեն նա վստահ կլինի, որ աշխատանք է ունենալու հայրենիքում։

Հրանտ Խաչատրյան

Կառավարությունն առաջարկում է մի շարք օրենքներում ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով յուրաքանչյուր հաջորդ տարի երաշխավորվում է բյուջետային հատկացումների ավելացումը կամ նախորդից նվազ չլինելը։ Սա վերաբերում է մի շարք ոլորտների, նաև՝ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ, իսկ որպես հիմնավորում նշում բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ, հասցեական ու նպատակային օգտագործելու խնդիրը։

Հրանտ խաչատրյանն այստեղ ռիսկեր տեսնում է։ Լավատես գիտնականները վստահ են, որ խնդիրներով հանդերձ մոտ ապագայում տնտեսությանն ընկալունակ գիտություն Հայաստանը կունենան։

Ցուցադրել ավելի
Back to top button