ԿարևորՀասարակություն

Հույսը՝ ծիլերի վրա. գյուղատնտեսական գաղտնիք՝ Արգավանդի ջերմոցների տակ

Արմավիրի մարզի համայնքներում, որտեղ հիմնականում զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ, սկսվել են գարնանային նախապատրաստական աշխատանքները: Այստեղ գյուղացիներն իրենց փոքր գաղտնիք-հմտություններն ունեն՝ տորֆը հողին խառնելու հատուկ չափ և պոլիէթիլենով սածիլը ծածկելու մոտեցում:

Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի գրեթե ամեն 2-րդ տան բակում ջերմոց կա: Արդեն մեկ ամիս է՝ գյուղաշխատանքները սկսվել են։ Կրկնակի ջերմոցների տակ՝  թաղարներում, ծիլ են տալիս ձմերուկի, սեխի, վարունգի, դդմիկի սերմերը: Սա շատ աշխատատար է, գյուղացիների բերքի հույսն այս ծիլերի հետ է մեծանում։ Թաղարներում տորֆը հողին խառնելու հատուկ չափ կա, հատուկ ձեւ. մի բաժակաչափ տոպրակ՝ սերմերով: Սուսաննան էլ ընտանիքի հետ թաղարներ է պատրաստում.

«Հողով տոպրակները դնում ենք ջերմոցում, թողնում 3-4 օր, հետո մի սուրճի բաժակ ջուր ենք լցնում, ծակեր անում մեջտեղում, նոր կուտը գցում մեջն ու հողով ծածկում: Նախկինում տորֆը հողի հետ շաղախում էինք, թափում գետնի վրա, դա մի քիչ վատորակ էր ստացվում, իսկ որ տոպրակների մեջ ենք լցնում՝ որակը շատ լավ է լինում: Տանջանքը շատ-շատ է, բայց դե տոպրակներով ապահով է»:

Ծիլը երկար սպասել չի տալիս արդեն արևից տաքացած ջերմոցներում.

«Երբ որ ծլում է, ծիլը դուրս է տալիս, էդ ժամանակ մի հատ էլ ցնցուղով կամ սուրճի բաժակով  ջրում ենք ու թողնում նորից ջերմոցի տակ: Ջերմոցը քրտնում է, կաթիլները թափվում են տոպրակների մեջ՝ ինքն իրենով ջրվում է»:

Ձմերուկի, սեխի մշակման այս տարբերակը գյուղացիները վաղուց են ընտրել: Մեկ կամ 2 օր է խլում:  7000քմ-ի համար պահանջվում է  3500-4000 թաղար:  Ջերմոցում ստացված սածիլները կտեղափոխեն բաց դաշտ:

Սուսաննայի հարևաններն էլ քամուց վնասված մեծ ջերմոցն են փորձում փակել.

«Քամիները էլի վնաս են տվել, արդեն 2-րդ անգամ ջերմոցի ցելոֆոնները պատռվել են, իսկ ծիլերը նոր են սկսել հողից դուրս գալ: Նորից ցելոֆոն ենք առել,  էս սպեցն է, թանկ՝ 2100 դրամ ենք տվել, էսքանին՝ 100 հազար դրամ»:

Այդ ջերմոցում փետրվարին ցանել են վաղահաս կարտոֆիլը, մյուսներում՝ այլ բանջարեղեն: Սա էլ նրանց գաղտնիքն է՝ ջերմոցում  թաղարները դարձյալ ծածկում են պոլիէթիլենային թաղանթով: Ալլայի հետ  մտնում ենք ջերմոց, շատ տաք է, վարունգի սերմերը տերևակալել են.

«Վարունգի սերմի մի պաչկեն 30 հազար դրամ է, մենք սերմի  հատիկի հաշվով  ենք առնում, 1000 հատ ենք առել»:

Տնամերձերում հողը պարապ չեն թողնում, օգտագործում են ամեն թիզը: Ջերմոցի կարտոֆիլը կհավաքեն մայիսից, բաց տարածքում՝ մեկ ամիս ուշ:  Արգավանդ համայնքի  ղեկավար Արշավիր Աղաջանյանը տեղեկացնում է՝ իրենց համայնքը շուրջ 550 հա վարելահող ունի, ամենաշատը ցանում են ձմերուկ, սեխ ու սոխ:

Բույսը մոլախոտերից փրկելու համար ոչ միայն թունաքիմիկատներ են օգտագործում, այլև հողն ամբողջությամբ ծածկում են պոլիէթիլենային թաղանթով: Այստեղ արդեն օգնող ուժեր են բերում.

«Բույսերը հողամաս տանելուց արդեն բանվորներ ենք բերում, որովհետև ցելոֆան պիտի փռենք, որ  հողը տաք մնա, դրա հետ մեկտեղ չթողնի խոտաբույսերը աճեն: Ցելոֆանները վերջում հանում ենք, մեքենա կա, քաշում, հանում է: Որ մնում է հողի մեջ, դժվարացնում է վար անելը, չիզել անելը, պարտադիր հեռացնում ենք»:

Եթե նպաստավոր տարի լինի, ձմերուկի մի հեկտարից կստանան 50-60 տոննա  բերք:

Զրուցակիցներս մինչև հիմա գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպել են սեփական միջոցներով: Գյուղաջակցության ծրագրերից  չեն օգտվել, բայց վարկի համար դիմել են տարբեր բանկերի: Ակնկալում են՝ ոռոգման ու բերքի խնդիր չի լինի, եկամտի հույսն աճում է ամեն ծիլի հետ։

Back to top button