Սփյուռքի ձայնը

«Քայլ դեպի տուն» ծրագրի երիտասարդները մշտապես լինելու են բժիշկների հսկողության տակ․ «Սփյուռքի ձայնը»

Հունիսի 21-ին մեկնարկելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Հայկ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստան կժամանեն մոտ 400 երիտասարդ՝ 4 փուլով:

Բոլոր փուլերում Հայաստան ժամանող երիտասարդները պարտադիր պետք է ունենան 72 ժամ վաղեմության Covid 19-ի թեստի բացասական պատասխան, իսկ Հայաստանում գտնվելու ժամանակ թե ճամբարում, որտեղ նրանք 14 օր հանգրվանելու են, թե տարբեր այցերի ժամանակ, նրանց ուղեկցելու են բժիշկները, ինչպես նաև պարտադիր կրելու են դիմակներ, ասում է Հայկ Ենգիբարյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակից կարող են լինել 13-18 տարեկանները, ովքեր երբևէ չեն մասնակցել ծրագրին։ Հայկ Ենգիբարյանն ասում է, որ մոտ 10 օր առաջ է հայտարարվել հայտերի ընդունման մասին: «16 երկրի մոտ 130 երիտասարդ արդեն հայտ է ուղարկել: Իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի երկրորդ շաբաթն է, քանի որ հունիսի 21-ին կկայանա ծրագրի առաջին փուլը»,- ավելացնում է նա:

«Քայլ դեպի տուն» ծրագիրը նպատակ ունի ծանոթացնել հայրենիքի հետ, դասավանդել հայերեն (և արևմտահայերեն, և արևելահայերեն՝ կախված մասնակիցների նախընտրությունից), նպաստել հայրենադարձությանը:

«Շատ երիտասարդներ Հայաստան այցելությունից հետո որոշում են մնալ այստեղ, ուսում ստանալ, ամուսնանալ»,- նշում է Հայկ Ենգիբարյանը, ով լավ է ճանաչում Սփյուռքը, քանի որ աշխատել է նաև Սփյուռքի նախարարությունում:

«Եղել եմ շատ համայնքներում: Հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում է սփյուռքն ակտիվ, մասնակցում է բոլոր ծրագրերին և ինքնակազմակերպման մշտական գործընթացի մեջ է»,- ավելացնում է նա:

Հարցին, թե ո՞ր երկրների հայկական համայնքներն են ավելի պասիվ, Հայկ Ենգիբարյանը ցույց է տալիս Լատինական Ամերիկայի երկրները՝ ավելացնելով, սակայն, որ մեկնարկող ծրագրին այս երկրներից մասնակցության շատ հայտեր են ստացել:

Սփյուռքի համայքների կողմից հաճախ անհանգստության և բողոքի առիթ դարձած ծրագրի կազմակերպական մասին անդրադառնալով՝ Հայկ Ենգիբարյանն ասում է, որ դրանք իհարկե եղել են, կարող են նաև լինել, սակայն փորձելու են անել ամեն ինչ՝ դրանցից խուսափելու համար:


«Հայտարարվել է մրցույթ՝ միջոցառումներ կազմակերպող ընկերությունների և կազմակերպությունների համար: Կհաղթեն այն կազմակերպությունները և կֆինանսավորվեն, որոնք ճամբարային հետաքրքիր ծրագրերի անցկացման ավելի մեծ փորձ ունեն»,- ասում է նա:


Անդրադառնալով տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրերին՝ Հայկ Ենգիբարյանը նշում է, որ ըստ տարիքի և ըստ լեզվի իմացության՝ դասընթացներ և ճանաչողական միջոցառումներ են կազմակերպվելու, հանդիպումներ հայաստանյան քաղաքական, հասարակական անձանց հետ, ծանոթություն բուհական և կրթական հաստատությունների հետ:


Ի դեպ, ծրագրին մասնակցող երիտասարդների ճանապարհածախսը հոգում են՝ իրենք, իսկ Հայաստանում նրանց գտնվելու ծախսերը՝ ՀՀ կառավարությունը: «Քանի որ տարիներ շարունակ համայնքներում են որոշել, թե ով պետք է մասնակցի ծրագրին, ով՝ ոչ, մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ յուրաքանչյուրն ինքն է իրեն ներկայացնում և մասնակցության ցանկություն հայտնում»,- ասում է գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button