Սպասում

Վերջին հարսանիքը լեռներում. «Սպասում»

Լրագրող Մարիամ Սարգսյանն ու տնտեսագետ Հովիկ Հովսեփյանը Շուշիի Ղազանչեցոց վանքում ամուսնացած վերջին զույգն են: Պատերազմի ժամանակ մտերիմները հաճախ էին հարցնում, թե ինչո՞ւ որոշեցին ամուսնանալ այդ թեժ պահին ու հատկապես այն ժամանակ, երբ վանքն անմիջապես ադրբեջանական ուժերի թիրախում էր:

Հարսանիքը վաղուց էին պլանավորել ու որոշեցին, որ իրենց պսակը լավագույն պատասխանը կլինի պատերազմին: Մարիամն էլ, Հովիկն էլ Մարտունուց են ու եթե Ստեփանակերտի բնակիչները, որ սովոր չէին հրետակոծությունների, միանգամից հասկացան, որ պատերազմ է, մարտունեցիները շփոթության մեջ էին՝ ի վերջո, պատերա՞զմ է, թե՞ հերթական զորավարժությունը:


Մարիամը լավ է հիշում, թե ինչպես Հովիկը եկավ ու իրեն, քրոջը, քրոջ երեք ամսական երեխային տարավ ապաստարան, որի պատերի անցքերի միջով արցախյան համառ արևը ներս էր սողոսկել՝ հիշեցնելով, որ դրսում տաք ու արևոտ եղանակ է: Պատերազմի ընթացքում եկան Երևան, իսկ հետո արդեն՝ հոկտեմբերի 24-ին, Մարիամը Հովիկի ընկերոջ և իր կնքահոր՝ Արամի ուղեկցությամբ հասավ Շուշի:

Լրագրողների բազմությունը շփոթեցրել էր նրան ու Հովիկին, որ վերջին անգամ տեսել էր Մարտունիում՝ վարդագույն վերնաշապիկը հագին, չկարողացավ գրկել այնքան ամուր, որքան կցանկանար:

Զույգը, որ պատերազմից մի քանի օր առաջ Շուշիի Ղազանչեցոց փողոցում բնակարան էր գնել, այժմ ժամանակավոր ապրում է Մարտունիում, բայց ինչպես Մարիամն է ասում՝ տրտնջալ չկա, Ստեփանակերտ են գնալու ու թեև ծանր սրտով ու մեծ դժվարությամբ, բայց արցախցու համառությամբ՝ նորից են սկսելու:

Back to top button