Մասնագիտություն

Պարը հոգու թաքնված լեզուն է․ «Մասնագիտություն»

Հույժ գեղեցիկ և երգել ձեռամբ. այսպես է պատմահայր Խորենացին նկարագրում Նազենիկին։ Սա պարի և հայ պարուհու մասին մեզ հասած առաջին գրավոր խոսքն է։ Սակայն պարը գոյություն ունի հնագույն ժամանակներից ի վեր. կրոնական, աշխատանքային, որսորդական և այլ ծեսեր ուղեկցվում էին ոչ միայն երգ-երաժշտությամբ, այլ նաև պարով:

Մարդիկ պարի միջոցով արտահայտել են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ազգի պատմությունը, մշակույթը, մտածողությունը: Բարդ ու դժարին է դեպի պարարվեստ տանող ճանապարհը: Այս մասնագիտությունը գրավում է գեղեցիկի և շարժման սիրահարներին:

Պարը հոգու թաքնված լեզուն է: Այստեղ շրթունքների փոխարեն խոսում է մարմի և զգացմունքների լեզուն: Արտիստի գերխնդիրն է հոգի դնել յուրաքանչյուր շարժման և հայացքի մեջ, արտացոլել կերպարի հոգևոր աշխարհը, բնավորությունը, զգացմունքները՝ հուզելով, դրական լիցքեր ու էներգիա փոխանցելով հանդիսատեսին:

Կերպարի ինքնատիպ մեկնաբանություն, բարձր տեխնիկա, զգացմունքայնություն, մեծ ջանքեր ու կարգապահություն, աշխատասիրություն ու բացառիկ նվիրվածություն. ահա այն ամենն ինչ պահանջվում է պրոֆեսիոնալ պարող դառնալու համար:

Մեծ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ կլինի մեծ արտիստիզմ և բնատուր օժտվածություն, ռիթմը ընկալելու և յուրացնելու կարողություն, ֆիզիկական անթերի կեցվածք և անսպառ էներգիա, տոկունություն, համառություն ու համբերություն:

Եվ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ պարողի կյանքում կարևորագույն դերակատարում ունի առաջին պարուսույցը: Վերջինս կրթում և ճանապարհ է հարթում դեպի մեծ բեմեր՝ յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերելով անհատական մոտեցում:

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button