ԿարևորՏնտեսական

Ներդրումների ուղղակի հոսքը նվազել է 111 անգամ

Հայաստանում նախորդ տարվա օտարերկրյա ներդրումների ծավալը պետական ու փորձագիտական հատվածում մտահոգիչ են համարում, թեեւ 2020-ի ամբողջական պատկերը դեռ չկա, պարզ կլինի մոտ մեկ ամսից։ Վիճակագրական կոմիտեի բազայում անցյալ տարվա ինը ամսվա տվյալներն են, բայց դրանք խորհրդարանում տարաբնույթ դիտարկումների հիմք են դառնում։

Արցախյան պատերազմից հետո ներդրումային դաշտը վտանգված է՝ արձանագրում է Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն ու հավելում՝ այս պատկերը միայն Հայաստանում չէ։  

«Փաստ է, որ ներդրումային միջավայրը ավելի է վատացել, սակայն, այն վատացել է նաև Ադրբեջանում ու տարածաշրջանի մյուս երկրներում։ Տեղի է  ունեցել պատերազմ ու եթե մարդուն ասես՝ արի, ներդրում արա, չի գա։ Ժամանակ է պետք՝ մինչև ներդրողները հանգստանան»։

Փոխնախարարը հուսով է, որ առանձին ծրագրերով, այնուամենայնիվ, կարելի է ներդրումներ ներգրավել ու մատնանշում է քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրեր։ Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս երկիրն է գլխավորում նաև ներդրում անողների ցանկը։ Նախորդ տարվա պատկերով՝ ներդրողների շարքում երկրորդ տեղում Կանադան է, ապա ԵՄ անդամ մի շարք երկրները։

Մինչդեռ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին վիճակագրական տվյալները  լրջագույնս մտահոգում են։ Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալը նվազել է մի քանի անգամ, ընդ որում՝ ավելի շատ, քան տարածաշրջանի որևէ այլ երկրում՝ վիճակագրությանը հղում անելով ասում է Մելքումյանը։

«Ներդրումների ուղղակի հոսքը նվազել է 111 անգամ։ Անընդհատ ներդրումների ծավալները նվազում են, դրանք անընդհատ հոսում են ռազմավարական երկիր։ Հիմնական ներդրումներն էներգետիկայի ոլորտում են՝ ռուսական կողմից»։ 

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նկատում է՝  Հայաստանի տնտեսության մեջ  2020 թվականի 11 ամսում ներդրվել է 630 հազար դոլար։ Ներդրումային ներուժը, մինչդեռ, մինչև 2․5  մլրդ դոլարի կարող է հասնել։ Նման տարիներ պարզվում է՝ եղել են․

«2008-2009 թվականներին ներդրումների թիվը հատել է 1 մլրդ դոլարի շեմը։ Աստիճանաբար ներդրումները սկսեցին նվազել, 2018-2019 թվականներին ներդրումները մոտ 250 մլն դոլար էին։ Իսկ 2020 թվականի 9 ամսում արդեն օտարերկրյա ներդրումները կազմել են 630 հազար դոլար, ինչը շատ փոքր թիվ է։ Պատերազմի ընթացքում մենք կարող էինք նաև ներդրումների արտահոսք ունենալ, սակայն, ամփոփ պատկերը դեռ պարզ չէ»։

Օտարերկրյա ներդրումների համար ամենագրավիչ ոլորտը հանքարդյունաբերությունն է՝ արձանագրում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Սակայն այս ոլորտում էլ նվազում կա, ինչը զրուցակիցս բացատրում է, օրինակ, Ամուլսարի հանքավայրի ճակատագրի անորոշություններով։

Պատերազմական անհանգստությունները եւ տնտեսական անորոշությունները ներդրումների նվազման հիմնական պատճառներն են։ Դրան գումարվում է Հայաստանի փոքր շուկայի խնդիրը, ինչի պատճառով երկրի ներդրումային գրավչությունը նվազում է։ Վերջին մտահոգիչ ցուցանիշն արտացոլվել է նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020 ամենամյա» զեկույցում։ Ըստ այդմ՝ 190 տնտեսության շարքում Հայաստանը 47-րդ տեղում է՝ նախորդ տարվա 41-րդի փոխարեն։

2020-ի Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հոնկոնգը: Տարածաշրջանի մյուս երկրներից Վրաստանը 7-րդ տեղում է, Թուրքիան՝ 33-րդ, Ադրբեջանը՝  34-րդ, Իրանը՝ 127-րդ: Ռուսաստանը 28-րդ-ն է ներդրումային իր գրավչությամբ։

Back to top button