ԿարևորՀասարակություն

Ծնվել է Եգիպտոսում, երազում է Հայաստան տեղափոխվել

Սայմոն Սամին կամ ինչպես հայերն են սիրում անվանել՝ մեր Սիմոնը, Շարմ էլ Շեյխի տուրիստական ընկերություններից մեկում է աշխատում, նավարկություններ կազմակերպում զբոսաշրջիների համար ու հայերի հանդիպելիս՝ առիթը բաց չի թողնում հպարտորեն պատմելու հայկական արմատների մասին։  

«Ես հպարտորեն եմ ասում, որ հայկական արմատներ ունեմ, երբ հանդիպում եմ հայերի։ Եգիպտոսում եմ ծնվել, ծնողներս էլ են Եգիպտոսում ծնվել, բայց արմատնես հայկական են, իմ երակներում հայի արյուն է հոսում»։

«Իմ ամբողջական անունը Սայմոն Սամի Ջոնի Մարտիրոս է, իմ ծնողները Եգիպտոսից են, արմատներս՝ հայկական։ Իմ Մարտիրոս պապը հայ էր և Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում է հաստատվել ցեղասպանությունից հետո»։

Թե պապերը որտեղ են ապրել նախքան Եղեռնը, Սայմոնը չի հիշում, հիշում է միայն այն պատմությունները, որոնք հայրը պատմել է պապերի երկրի ու արհավիրքների մասին։ Արդեն դար է անցել այդ անցքերից, հիշողությունները խամրել են, բայց արյան կանչը չի լռում։  2011թ.-ից Սայմոնը Շարմ էլ Շեյխում է բնակվում ու աշխատում։

«Ամեն անգամ, երբ օդանավակայան եմ գնում ժամանողներին դիմավորելու, ուրախանում եմ, որ հանդիպելու եմ ազգիս ներկայացուցիչներին՝ հայերին, որոնք գալիս են իմ պապերի երկրից։ Հայաստանը նաև իմ երկիրն է»։

Սայմոնը փորձում է Եգիպտոսի հայկական եկեղեցիների ծխամատյաններում գտնել տեղեկություններ պապերի մասին։ Տարակուսանքը մեծ է, քանի որ չնայած մեծ ցանկությանը, շատ քիչ են պահպանված տեղեկությունները։ Ոորոշել է այցելել Հայաստան, սական Հայաստանում բարեկամներ չունի, որ հրավեր ուղարկեն, իսկ առանց հրավերի եգիպտացիների համար Հայաստանի վիզա ստանալը բարդ գործընթաց է։ 

«Պլանավորում եմ այս կամ հաջորդ տարի Հայաստան գալ, բայց դա բարդ գործընթաց է, ինչ էլ լինի հույսս չեմ կտրում։ Առաջին ցանկությունս է, որ բոլոր հայերը վերադառնան և ապրեն Հայաստանում, իրենց ներուժը ծառայեցնեն երկիրն ու տնտեսությունը զարգացնելու գործին։ Ես էլ հնարավորության դեպքում սիրով կգամ, կաշխատեմ ու կապրեմ Հայաստանում»։

Սայմոնը սկսել է հայերեն սովորել, հայոց պատմությունն է ուսումնասիրում, Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները շոշափում։ Հիմա փաստաթղթերն է հավաքում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելի Հայաստան ու վերադասավորի ապագայի պլանները։

Back to top button