ԿարևորՀասարակություն

Հատկապես գյուղերում ջրի որակի շեղումները հաճախակի են․ ԱՆ մասնագետ

Քաղցրահամ, սանիտարական նորմերին համապատասխանող ջուրն օր օրի առավել հազվադեպ հանդիպող երևույթ է դառնում։ ՄԱԿ-ն ամեն մարտի աշխարհի տարբեր երկրներում ջրի պաշարների պահպանման միջոցառումներ է իրականացնում։ Այս տարվա կարգախոսն է «Գնահատիր ջուրը»։ Իսկ Հայաստանը հետպատերազմյան շրջանում ջրային պաշարների ավելի լուրջ ռիսկերի առաջ է կանգնել։

ՀՀ-ում կան որոշ տարածքներ, որտեղ հաճախակի ջրի որակի անհամապատասխանություններ են հանդիպում։ Դրանք հիմնականում գյուղական բնակավայրերն են, որոնք չեն սպասարկվում մասնագիտացված կառույցների կողմից՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է Առողջապահության նախարարության Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։ Հայաստանում ջրի որակն ու անվտանգության չափանիշերը պարբերաբար դիտարկվում են՝ բացահայտելու բնակչության առողջությանը սպառնացող ռիսկերը, պահպանելու  սանիտարահամաճարակային անվտանգությունը։

«Գլոբալ վերլուծություն իրականացնելը նպատակահարմար չէ, որովհետև մենք չենք կարող համեմատել Արարատյան դաշտի ջուրը Գառնիի ջրի հետ, կամ Գառնիի ջուրը Գեղարքունիքի ջրի հետ, որովհետև իրենք տարբեր խորություններից դուրս եկած ջրեր են, տարբեր որակական կազմով ջրեր են, տարբեր շերտերի միջով են անցնում»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի սանիտարահիգենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանը նշում է՝ ջրի որակի ստուգումներ իրականացվում են պարբերաբար՝ և՛ սեփական նախաձեռնությամբ, և՛ ստացված բողոքների հիման վրա։ Այս կառույցն է հետևում, որ խմելու ջուրը համապատասխանի սանիտարական նորմերի պահանջներին։ Ստուգում են մանրէների առկայությունը, ջրի համը, հոտը, գունավորումը, աղտոտվածության և կոշտության մակարդակը, կոշտ մնացորդի առկայությունը․

«Մենք լուրջ խնդիր չունենք Երևանում, մեր ջուրը համարվում է իսկապես անվտանգ, քանի որ իր բոլոր ցուցանիշերով համապատասխանում է նորմի պահանջներին։ Լինում են դեպքեր, խնդիրներ, բայց դրանք շտկելի են, արագ արձագանքման արդյունքում վերացվում են»։

Առավել լուրջ անհանգստություններ կան ջրային միջավայրի անվտանգության հետ կապված։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նախորդիվ «Ռադիոլուրին» էր փոխանցել իր մտահոգությունը՝ խոսելով հայկական վերահսկողությունից դուրս մնացած Քարվաճառի ջրահավաք ավազանի մասին։ Այս ավազանի նկատմամբ հատուկ ուշադրություն պիտի դրսևորվի, քանի որ այն ապահովում է ինչպես Արցախի ներկայիս տարածքի 97 տոկոսը, այնպես էլ Սևանա լիճը չորացումից փրկող Արփա ու Որոտան գետերը։

«Այժմ շատ կարևոր է, որ այդ ջրահավաք ավազանում ռուս խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ ավազանը  թունավորելու վտանգն է շատ մեծ։ Եթե դա տեղի ունեցավ, ողջ Հայաստանի համար աղետ է լինելու»։

Մինչդեռ առողջապահության նախարարությունը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ռազմական դրության ընթացքում հատուկ ստուգումներ են իրականացրել՝ հաշվի առնելով հավանական ռիսկերը։ Երկու կառույցներում էլ որևէ արտառոց խնդիր չեն արձանագրել։

«Ռազմական դրության պայմաններում մենք ունեցել ենք մեծ ստուգայց, վարչական վարույթ ենք հարուցել մեր նախաձեռնությամբ։ Բոլոր օրվա կարգավորիչ ջրավազաններն ենք նայել, գլխամասային կառույցներն ենք նայել բավականին մեծ, ամբողջ Երևան քաղաքը սնող»,-նշում է Էմմա Քոչարյանը։

«Խնդիրները նույնն են, ինչ սովորական իրավիճակներում։ Որևէ արտառոց բան, որ կապենք պատերազմական իրավիճակի հետ, այս պահի դրությամբ չկա»,-հավելում է Գրիգորյանը։

Չկա անվտանգ ջուր, չկա նաև անվտանգ կյանք։ Իսկ Հայաստանում վերը թվարկված խնդիրներին ավելանում է նաեւ ջրամատակարարման համակարգի մաշվածությունը, որը կարող է լրջորեն խաթարել ջրի անվտանգությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button