Ժամանակի վկան

1890-1922 թթ․ ամերիկյան 6 հեղինակավոր թերթերի 10 000 էջ փաստաթղթերը Հայոց ցեղասպանության և հայկական հարցի մասին․ Արա Քէթիպեան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդաժամին՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամերիկյան մամուլի հայ ուսումնասիրողը պատմում է իր ընտանիքի ճակատագրի, տիրապետած յուրահատուկ մասնագիտության՝ Բարձրագույն ատյանների վկայի աշխատանքի մասին, որին զուգահեռ զբաղվել է հայագիտությամբ, խմբագրական աշխատանքով, նաև գրել բանաստեղծություններ։

Ներկայումս Հայաստանում բնակություն հաստատած հայագետ Արա Քէտիպեանն է իմ հյուրը։ Բացի վերը նշվածից, հիմնականում ներկայացնելու ենք հետազոտողի հայագիտական ուսումնասիրությունները, մասնավորապես, ամերիկյան մամուլի էջերում՝ 1890-1922 թվականներին, հայերին վերաբերող հոդվածների հավաքչական և տպագրական աշխատանքները։

Ծնվել է Լիբանանում։ Սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարեան միաբանությունում՝ աշակերտելով հայագետներ Հայր Մեսրոպ Ճանաշեանին, Հայր Սահակ Ճեմճեմեանին և Հայր Ներսէս Տէր Ներսէսեանին:

Հետևել է նաև Հռոմի Գրիգորեան (Pontificia Università Gregoriana) համալսարանի փիլիսոփայության դասընթացներին:

Աշխատել է Բեյրութի Արարատ օրաթերթի խմբագրությունում իբրև անդամ՝ միաժամանակ լույս ընծայելով մի շարք գրախոսական և գրականագիտական հոդվածներ, որոնք ավելի ուշ առանձին հատորով՝ «Խճանկար» խորագրի ներքո, հրատարակվել են 2016 թվականին Երևանում։

1978-1979 թթ․ Կիպրոսի Մելքոնեան Կրթական Հաստատությունում, դասավանդել է Հայոց լեզու և պատմություն։

1980 թվականին հաստատվելով Ավստրալիայում՝ ստացել է համալսարանական գիտական կոչում՝ հաշվապահության և ապահովագրության ոլորտներում:

Երկար տարիներ աշխատել է տարբեր կառավարական հիմնարկներում՝ որպես փորձագետ հաշվապահ (Forensic accountant) և Բարձրագույն ատյանների վկա:

Ավելի ուշ հիմնադրել է իր սեփական հաստատությունը միևնույն բնագավառում։ Որպես խմբագիր ղեկավարել է Սիդնեյի «Հայ Արձագանգ»  ամսաթերթի խմբագրությունը:

Անդամակցել է Ավստրալիայի New South Wales նահանգի պետական ուսումնական հատուկ հանձնախմբին՝ որի նպատակն էր հայերենի պետական ծրագիր պատրաստել բարձրագույն երկու բաժինների համար: Հաջորդած երեք տարիներին հայոց լեզու է դասավանդել նույն պետական ծրագրով:

Եղել է Ավստրալիայի Հայկական Առևտրական գրասենյակի (Armenian Chamber of Commerce in Australia) հիմնադիր անդամ:

Արա Քէթիպեանը հեղինակ է բազմաթիվ հայագիտական և ցեղասպանագիտական հոդվածների, մենագրությունների ու մատենաշարերի, կատարել է մի շարք ֆիլմերի և գրքերի թարգմանություններ։

Վերջին 14 տարիներին հետազոտական աշխատանքներ է ձեռնարկել ամերիկյան մամուլում Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի մասին հրապարակված հոդվածները ուսումնասիրելու և հրատարակելու նպատակով:

Մինչև օրս հրատարակել է “THE ARMENIAN GENOCIDE PRELUDE AND AFTERMATH AS REPORTED IN THE U.S. PRESS (1890-1922)” – «Հայոց Ցեղասպանութիւնը Նախերգանք եւ հետեւանքներ, ինչպէս որ հրապարակուած է Ամերիկեան Մամուլի մէջ (1890-1922)», աշխատությունը, որի առաջին հինգ հատորները միասին 5000 էջ են: Ծրագիրը ընդգրկում է ամերիկյան մամուլի վեց կարևորագույն թերթերը (շուրջ 10.000 էջ):

Տքնաջան աշխատանքով հեղինակին հաջողվել է տարիների ընթացքում մեկ առ մեկ հավաքել հայերին վերաբերող բոլոր նյութերը և աղբյուրները։

Հեղինակի՝ 2020 թ․ Երևանում լույս տեսած՝ «Ազերիների նախայարձակումները հայերի դեմ Անդրկովկասում (1905-1921)» — “Azeri Aggression Against Armenians In Transcaucasia (1905-1921), Reports From The U.S. Press” (Yerevan, 2020), նոր ուսումնասիրությունը, որը այս շարքի հերթական հատորն է, բազմաթիվ նորույթներ է պարունակում, և հետազոտողները կարող են որպես աղբյուր այն օգտագործել։

Հեղինակը նաև փակագծեր է բացում, թե ինչո՞ւ ձեռնարկեց 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ  ադրբեջանական ջարդերի վերաբերյալ ամերիկյան մամուլում տեղ գտած նյութերը առանձին հատորով տպագրելու գործը և ներկայացնում է կատարած աշխատանքի որոշ առանձնահատկություններ։  

Զրուցեցինք նաև հոդվածների բովանդակության, դրանց ավելի վաղ շրջանում հիմնականում հակահայկական ուղղվածության և հոդվածագիրների ազգային պատկանելության մասին։

Չնայած թուրք պաշտոնյաների կողմից ուղղորդվող հակահայկական քարոզչության ալիքին, ամերիկյան մամուլը, ըստ հեղինակի, քննարկվող ժամանակահատվածում ամենաանաչառն է։

Թուրք-ադրբեջանական գործելաոճը 100 տարվա կտրվածքով փոփոխության չի ենթարկվել, փոխված չէ նաև եվրոպական պետությունների անտարբեր կեցվածքը հայկական հարցում։

Արա Քէթիպեանն ունի նաև 7 բանաստեղծությունների փոքր հավաքածու՝ «Ադրիական» խորագրով (Երևան, 2020): Տիրապետում է 6 լեզվի՝ հայերենին, իտալերենին, ֆրանսերենին և անգլերենին, ինչպես նաև տարրական հունարենին և թուրքերենին:

ՀՀ Սփյուռքի նախարարությունն Արա Քէթիպեանին պարգևատրել է «Յակոբ Մեղապարտ» մեդալով (2019), Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով (2019): Արդեն 3 տարի է, ինչ Արա Քէթիպեանն՝ ընտանյոք հանդերձ, բնակություն է հաստատել Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button