ԿարևորՀասարակություն

Կահիրեի հայկական երանգը․Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարան

Կահիրեի հայ համայնքում առաջնայինը կրթությունն ու հայկական դաստիարակությունն է։ Հենց այդ նպատակով  դեռ 1854 –ին այստեղ վարժարան հիմնեց Վանից գաղթած և Եգիպտոսում անուն ու կարողություն ստեղծած Աղա Կարապետ Գալուստը։ Այն կոչվեց Գալուստյան Վարժարան, որտեղ, ի դեպ, սովորել է հայ երգի սոխակը՝ Գոհար Գասպարյանը։ 1924-ին էլ Եգիպտոսի հայազգի վարչապետ Նուբար Փաշա Նուբարյանի որդին՝ Պողոս Նուբար փաշան հիմնեց Նուբարյան ազգային վարժարանը։

Տարիների ընթացքում հայ համայնքը Եգիպտոսում փոքրացել է, արդյունքում՝ 2012-ին որոշվել է Կահիրեում գործող 2 վարժարանները միավորել ու ստեղծել Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարանը։

Վարժարանի մուտքից ներս՝ մեծ սրահում, հայ բարերարների կիսանդրիներն են, պատմական ցուցատախտակներ։ Ազգային վարժարանի տնօրեն Սիմոն Չամքերթենյանն է պատմում կրթական անցուդարձի մասին։

«Մեր բարերարները հիմնեցին այս դպրոցը, կտակ թողեցին, որ մեր գաղութի զավակները հայեցի դաստիարակություն ստանան»,-ասում է Սիմոն Չամքերթենյանը ։ 

1930-50-ականներին մինչև 1000 աշակերտ էր սովորում հայկական վարժարաններում։ Այսօր Գալուստյան-Նուբարյան միավորված վարժարանը 3-17 տարեկան 153 սան ունի։

«Աշակերտը գալիս է մանկապարտեզ, հետո հանրակրթական բաժինն է ավարտում ու գնում համալսարան՝ բժշկական, ինժեներական, ինչ ուղղություն ընտրի։ 4 լեզու ենք դասավանդում՝ հայերեն արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Իսկ բնական գիտությունները անգլերենով են»,-պատմում է զրուցակիցս։

Բնական գիտությունները մինչև 1965-ը հայերեն են դասավանդվել, դրանից հետո օրենսդրությունը փոխվել է․ սկսել են բնական գիտությունները դասավանդել անգլերենով, որ աշակերտները կարողանան պետական քննություններ հանձնել։

«9-րդ և 12-րդ դասարաններում մեր երեխաները պետական քննություն են հանձնում։ Եգիպտոսի կառավարությունը հայերեն չգիտի, որ մեզ համար հայերեն քննություններ պատրաստի, հետևաբար մեր հայերենը կանոնադրության մեջ ամրագրված է որպես երկրորդ լեզու՝ ինչպես ֆրանսերենը։ Հայերենով մենք քննություն ենք վերցնում հայոց լեզու, հայոց պատմություն և կրոն առարկաներից։ Այս առարկաների դասավանդման և քննության հարցերում մենք ազատ ենք», -ասում է վարժարանի տնօրենը։

Վարժարանի սաներից շատերն այսօր գիտության տարբեր ճյուղեր են ընտրել և դասավանդում են Կահիրեի համալսարանում։ Հետզհետե նվազող աշակերտների թվից բացի՝ այսօր վարժարանի ու ընդհանրապես հայ համայնքի գլխավոր խնդիրը խառն ամուսնություններն են։

«Օրինակ՝ հայրը հայ է, մայրը քրիստոնյա եգիպտացի կամ հակառակը։ Այս խառն ամուսնություններն ազդում են հայերենի պահպանման վրա։ Երբ երկու ծնողները  տանը հայերեն չեն խոսում, աշակերտի վրա է ազդում։ Ոչ միայն մեր գաղութը, այլև բոլոր գաղութներն էլ այս խնդիրն ունեն՝ Լիբանանի, Սիրիայի, Կանադայի, Ամերիկայի»։

Եթե մայրը հայ է, ուրեմն լեզուն ու ավանդույթները պահպանված են՝ ասում է Սիմոն Չամքերթենյանն ու մի հետաքրքիր օրինակ բերում․ իր աշակերտներից մեկի՝ Յուսաբ Մեսրոբյանի հայրը հայ էր, բայց հայերեն չգիտեր, մայրը եգիպտացի էր։ Տանն արաբերեն են խոսել, բայց երիտասարդին հայկական արմատներն են ձգել։

«Փոքրուց իմ աշակերտն էր, հիմա արդեն համալսարան պետք է գնա։ Այս տղան հայերենի դասերը կձայնագրեր դպրոցում, տանը այդ ձայնագրությունները կլսեր, հետո իրեն կձայնագրեր և կլսեր։ Այս ձևով հիմա հայերեն շատ լավ է խոսում»։

Յուսաբ Մեսրոբյանը որոշել է բժիշկ դառնալ։ Կահիրեի հայկական վարժարանում նրանով հպարտանում են, բայց նաև մտահոգվում աշակերտների թվի նվազմամբ։Առաջիկա տարիներին սպասվող պատկերն էլ հուսադրող չէ, բայց վարժարանում նոր ձեռքբերումների են սպասում։

Ցուցադրել ավելի
Back to top button