Սփյուռքի ձայնը

«Վան» գործողությունը կամ ինչպես Վազգեն Սիսլյանը հայտնվեց ԱՍԱԼԱ-ում․ «Սփյուռքի ձայնը»

ԱՍԱԼԱ- ի առաքելությունը ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելն էր, այլև՝ Արևմտյան Հայաստանի վերադարձը: ԱՍԱԼԱ-ն այսօր էլ կա։ Քանի դեռ լուծարման մասին հայտարարություն չի արվել, կազմակերպությունն ամեն պահ կարող է վերակազմակերպվել, ասում է «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը։ «Մենք այսօր ունենք բանակ, հայրենիք և ապավինում ենք նրան: Կազմակերպությունը կլուծարվի, երբ Հայաստանը միավորվի»,- շեշտում է։

Ֆրանսիական դատարանի առաջ․ Ֆրանսիական դատարանի բակում մի կողմում հայերն էին, մյուս կողմում` թուրքերը։ Երկուսն էլ հետեւում էին Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունում գործողություն իրականացրած հայորդիների դատավարությանը։

«Մենք սպասում էինք լսել 25 տարվա ազատազրկում վճիռը, բայց անհանգիստ չէինք, քանի որ մեզ համար աշխարհը բանտ էր, քանի մեր երկրի հարցերը լուծված չէին»,- այսօր հիշում է «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը։
Հայորդիների իրավունքը պաշտպանում էր Ֆրանսիայում հայ հայտնի փաստաբան, քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեճյանը։

Վազգեն Սիսլյանը հիշում է, որ հյուպատոսարանում իրականացրած գործողության չորս հոգանոց խմբում ամենամեծն ինքն էր՝ 22 տարեկան: «1981 թվականի սեպտեմբերի 19- ին արդեն Փարիզում էի, երկու օրվա ընթացքում թիրախը որոշեցինք և գործողությունը իրականացրինք՝ ամենազինված և կարևոր կառույցի վրա»: Շենքի ներսում համակիրներ չեն ունեցել, ինքն է մեկ- երկու անգամ մտել շենք՝ ծանոթացել ներքին կառուցվածքին:

Այդ շրջանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը խոսեց ցեղասպանության մասին, իսկ ֆրանսիական թերթերը ուղղակի գրում էին, որ հայերը պատժում են թուրքերին։ «Մամուլը մեզ ներկայացնում էր ոչ թե որպես հանցագործ, այլ որպես ազգային գործիչ»,- ասում է Սիսլյանը։

Դատական դահլիճը 400 հոգանոց էր, սակայն միայն մեկ տասնյակ թուրք էր ներկա լինում։ Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսը, որը վիրավորվել էր գործողության ժամանակ, 7 օրվա դատավարության բոլոր օրերին ներկա էր ու հետեւում էր դրան։ «Միշտ ներկա էր, միշտ՝ քրտնած։ Վա՞խ էր դա, թե՞ մարդասպանի շարունակողի դիրք՝ չգիտեմ»,- հիշում է Վազգեն Սիսլյանը։

ԱՍԱԼԱ-ի մարտիկներն սպասում էին, որ իրենց 25 տարի ազատազրկում է սպառնում, թեեւ դատարանը կարող էր եւ ցմահ ազատազրկման դատապարտել։ Վճիռը անսպասելի մեղմ էր՝ 7 տարվա ազատազրկում։

Տարիների հեռվից սա, ինչպես նաեւ ֆրանսիական հասարակությունում տեղի ունեցող իրադարձությունները գնահատելով` Սիսլյանը ընդգծում է՝ սրանք հստակ ապացույցներ էին, որ Ֆրանսիան հայկական հարցի նկատմամբ ունի հատուկ մոտեցում։

Ադրբեջանական մամուլը ԱՍԱԼԱ-ի մասին․ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները միշտ խոսել են ԱՍԱԼԱ-ի մասին, անդրադարձել նրա մարտիկներին։

Խոջալուի ողբերգության ժամանակ ադրբեջանցիներն ասում էին, որ ջարդերի պատասխանատուն Վազգեն Սիսլյանն է։ «Իսկ ես այդ ժամանակ անգամ այդ տարածքում չեմ եղել»,- ժպտում է նա։

Այս պատերազմի օրերին էլ ադրբեջանական լրատվամիջոցները շատ են գրել Վազգեն Սիսլյանի մասին, նրա սպանվելու մասին լուրեր տարածել։

Ի՞նչը Սեսիլյանին բերեց ԱՍԱԼԱ․ Բեյրութի Սահակյան վարժարանի սան Վազգեն Սիսլյանին դպրոցում Հայոց պատմությունը չէր հետաքրքրում, նրան չէին հետաքրքրում թվականները։

Կարծում է, որ ԱՍԱԼԱ-ում հայտնվեց տատիկ- պապիկների ազդեցության տակ։ Նրանք թուրքերեն էին խոսում, բայց մեծ հոր՝ պապիկի անունը՝ Հայզավակ էր, մասնակցել էր ֆիդայական շարժմանը։ Վազգեն Սիսլյանը հիշում է բանտում եղած ժամանակն ու ժպիտով ասում. «պապիկս ձեռքն է վերցրել այն ատրճանակը, որով հյուպատոսի վրա էի կրակել և ասել է՝ իմ վրեժն է լուծել»:

Բայց միաժամանակ նրա ընտանիքի համար շատ դժվար էր ընդունել, որ ինքը ծայրահեղ ազգայնական կազմակերպության անդամ է։ «Ընտանիքի անդամներն ուզում էին ինձ հոգևոր դպրոց ուղարկել: Այնպես որ, ես էլ, իմ ընտանիքն էլ, չէինք կարող կյանքի նման ընթացք պատկերացնել: Ինչպե՞ս գնացի և ինչպե՞ս հայտնվեցի այս կազմակերպությունում՝ չգիտեմ , բայց դժգոհ չեմ, շանսը բաց չեմ թողել»,- ասում է Վազգեն Սիսլյանը:

Back to top button