ԿարևորՀասարակություն

Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթը՝ կյանքի նշանաբան

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում  ստեղծվել է խմբակ, որտեղ սովորում են կարպետ գործել, ասեղնագործել, տիկնիկներ պատրաստել: Կարպետագործության ու ասեղնագործության մեջ հմտանում են նաև ծնողները:  

Երեխաների մասնագիտական կոմնորոշման հարցում մեծ է դպրոցի դերը: Ուսուցիչներն առաջինն են  տեսնում, գնահատում սովորողի  հնարավոր ներուժն ու հաճախ իրենց խորհուրդներով ուղղորդում ցանկալի ոլորտ: Իսկ ոլորտները տարբեր են, սկսած՝ արհեստից, ավարտած՝ արվեստով:

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցի մուտքից երեխաների առջև բացվում է հեքիաթային աշխարհ: Ամբողջն ուսուցիչների ու երեխաների ձեռքի աշխատանքն  է:  Սա նաև նշանակում է, որ տեխնոլոգիա առարկայի դասերը երեխաները յուրացնում են գործնականում: Մտահղացումը նախապատմություն ունի:

«Դպրոցում տեխնոլոգիա առարկա են անցնում, որտեղ 6-7-րդ դասարաններում կարպետագործություն են սովորում, բայց ուսուցիչը կարպետ գործելու որևէ հմտություն չունի»,-ասում է Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանն է, որն առարկան տեսականից գործնականի անցնելու նպատակով գտել է ելքը՝ համագործակցելով կրթամշակութային մի քանի  հիմնադրամի հետ:

Բերել են  դազգահ, թելեր, գործիքներ և սկսել ուսուցումը ոչ թե աշակերտներից, այլ՝ ուսուցիչներից. «Խնդրեցի կարպետագործություն սովորեցնելը սկսի մանկավարժներից, մենք առաջինը սովորենք: Իմ կյանքի նշանաբանը միշտ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն է եղել: Աշակերտը երբ հարցնի՝ ինչի՞ս է սա պետք, ի՞նչ է ինձ տալու կարպետ գործելը կամ ասեղնագործելը, ես կարողանամ նրան ճիշտ բացատրել»:

Միայն իրենց գյուղի դպրոցով չէին սահամանափակվել, հրավիրել էին նաև հարակից գյուղերի դպրոցների ուսուցիչներին և սովորեցրել կարպետ գործել: Բացի կարպետից դպրոցում նաև  ասեղնագործում են:

«Հիմա վիրուսների հետ կապված խմբակների գործունեությունը դադարեցրել ենք, բայց երբ այս սենյակի դուռը բացում էինք,   այն ժամին, երբ  իրենց երեխաները դպրոցում դաս էին անում, մամաներն այստեղ կարպետ գործել ու ասեղնագործություն էին սովորում: Դասերից հետո արդեն երեխաներն էին տեղափոխվում»:

Այստեղ երեխաները սովորում են նաև տիկնիկագործություն:  Դասասենյակի մի պատն ամբողջությամբ ծածկված է տիկնիկներով: Տեխնոլոգիայի ուսուցչուհի Գայանե Ասատրյանը աշխատասենյակն անվանել է հեքիաթային անկյուն.

«Տիկնիկները պատրաստում են երեխաները, իհարկե, իմ օգնությամբ: Ամեն ինչ ստեղծվում է թափոնից: Այն շորերը, որոնք երեխաներն այլևս չեն հագնում ու չգիտեն ինչ անեն, բերում են այստեղ ու մենք այդ շորերին կենդանություն ենք տալիս»:

Երեխաների ձեռքերով պատրաստված տիկնիկները հետո դարձել են հեքիաթների հերոսներ, որոնց հենց իրենք էլ շունչ են տվել: Այդպես տիկնակիագործությունից ստեղծվել է  տիկնիկային թատերական  խմբակը: ««Կարմիր գլխարկն» ենք խաղացել, «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Ճամփորդները»»:

Տիկնիկներ պատրաստելու համար   Նոնա Տիգրանյանը  տնից  շորեր է բերել, կտրել ու հագցրել իր ձեռքով պատրաստած տիկնիկներին: Նոնան ասում է, որ շատ է սիրում դերասանի մասնագիտությունը, հիմա 8-րդ դասարանում է սովորում, դեռ ժամանակ ունի որոշելու ինչ է դառնալու, իսկ Ալինա Ավետիսյանն արդեն կողնորոշվել է.

«Ես  «Անբան Հուռի» հեքիաթի մեջ խաղացել եմ չարաճճի երեխաների դերը, որոնք զայրացնում էին անբան Հուռիին: Այս 2 տիկնիկով եմ  խաղացել: Դերասանուհի եմ դառնալու»: Կորոնավիրուսի պատճառով թատերական ու մյուս խմբակների գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, իսկ մինչ այդ Հացիկ գյուղի թատերական խմբակը հասցրել էր  հանդես գալ տարբեր մարզերի կրտսեր հանդիսատեսի առջև:

Back to top button